Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն նորից մերժեց դիմումը

Հունիս 13,2003 00:00

ՍԴ-ն նորից մերժեց դիմումը Չնայած թիվ 30 ընտրատարածքում յուրաքանչյուր տեղամասում 1 րոպեում «քվեարկել» է 25 ընտրող ՍԴ-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքին, երեկ դարձյալ մերժեց մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վիճարկող 4 թեկնածուների բողոքը: Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության 4 թեկնածուներ միաժամանակ մեկ հայցով դիմել էին ՍԴ՝ ընդդեմ Ընտրատարածքային հանձնաժողովի, որն, ըստ դիմող կողմերի, բազմաթիվ անգամներ խախտել է «Ընտրական օրենսգիրքը» եւ գերազանցել իր լիազորությունները: Պատգամավորները բողոքում էին, որ ԸՀ-ն ի սկզբանե գործել է ոչ անաչառ եւ սատարել է մեկ թեկնածուի՝ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանին, որն էլ ձայների ռեկորդային մեծությամբ հայտարարվել է «ընտրված»: ՀՅԴ թեկնածու Արծվին Մինասյանը դատարանում ինքն էր ներկայացնում իր փաստարկները, իսկ մնացյալ երեքինը՝ փաստաբան Վարդան Այվազյանը (ոչ նախարար): Պատասխանող կողմ հանդիսացող ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մանուկյանն՝ իր խոստովանությամբ, բավական «փորձառու է ընտրություններ կազմակերպելու մեջ, եւ ամեն անգամ իրեն բերում են ՍԴ»: Այս հանգամանքը հաշվի առնելով, նա ընդմիջումների ժամանակ շարունակ «սպառնում» էր այլեւս չմասնակցել ընտրություններին: Վ. Այվազյանը հարցադրումների միջոցով շարունակ փորձում էր տիկին Մանուկյանից պարզել, թե ինչպես է ստացվել, որ մայիսի 25-ին, ժամը 20:00-ի դրությամբ ԿԸՀ հրապարակել է այդ ընտրատարածքում ընտրություններին մասնակցած քաղաքացիների 17 հազար 976-ի հոսք, իսկ քիչ ավելի ուշ հանձնաժողովը հայտնել է, որ վերջնական թիվը 27 հազար 530 է: Նույն հարցադրումն արեց նաեւ ՍԴ դատավոր Վ. Հովհաննիսյանը՝ արտահայտելով իր զարմանքը. «Ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ը Ձեր ընտրատարածքում ընտրողների թիվն անքան է ավելացել, որ ստացվում է՝ 1 րոպեում յուրաքանչյուր տեղամասում քվեարկել է 25 մարդ»: Դատավորի հարցադրմանը, թե ինչպես է դա բացատրում հանձնաժողովի նախագահը, Ա. Մանուկյանը շփոթված նշեց. «Չեմ կարող պատասխանել», իսկ Վ. Այվազյանի նույն հարցին ի պատասխան՝ նա ասաց, թե ընտրատարածքում ընկած մի շարք գյուղերում ընտրությունների օրը ժամը 11:00-ից հետո կապն ընդհատվել է, եւ իրենք չեն կարողացել 3 ժամը մեկ տվյալները ստանալ: Քանի որ Ա. Մանուկյանը փաստաբանի ու Ա. Մինասյանի հարցերին նախընտրում էր չպատասխանել կամ՝ լավագույն դեպքում հեգնել, ուստի ներկայացնենք Գագիկ Հարությունյանի ու ՍԴ դատավորների հարցադրումները: Ուշագրավ էր հատկապես ՍԴ նախագահի՝ դիմում-բողոքում ընդգրկված փաստից առանձնացված այն հարցը, թե՝ ինչու է տպագրվել 43 հազար 400 քվեաթերթիկ, իսկ ընտրատեղամասերում բաժանվել ու ընտրությունների ավարտից հետո արձանագրվել 42 հազար 25 քվեաթերթիկ: Կամ՝ թե որտեղ են մնացած քվեաթերթիկները: Գ. Հարությունյանի հարցն արժանացավ հետեւյալ պատասխանին. «Մեզ համար էլ է այդ հարցն առեղծված»: Բացի այս խախտումներից, դիմող կողմը դատարանի ուշադրությանը ներկայացրեց նաեւ այն հանգամանքը, որ թիվ 30 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովներից մի քանիսում միաժամանակ նույն անձը եղել է մի դեպքում՝ հանձնաժողովի անդամ, մեկ այլ դեպքում՝ հանձնաժողովի նախագահ, ինչը չի կանխվել ընտրատարածքային հանձնաժողովի կողմից: Այս փաստի առնչությամբ Ա. Մանուկյանն ասաց. «Դա ծաղր էր հակառակորդ թեկնածուի կողմից: Նրանք դա դիտավորյալ էին արել, որ հետո նման բանում ինձ մեղադրեն»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել