Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

Հունիս 13,2003 00:00

ՎԻՃԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ ղեկավարության ընտրությամբ էլ գուցե սահմանափակվի որոշ պատգամավորների խորհրդարանական գործունեությունը, քանի որ նրանց ընտրությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Փորձեցինք պարզել, թե ինչպես են նրանք վերաբերվում այդ հեռանկարին: Թեեւ թիվ 3 ընտրատարածքի պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ դարձավ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ նրա ընտրությունը վիճարկվում է ՍԴ-ում: Ըստ տեղեկությունների՝ Ռաֆիկ Պետրոսյանի ընտրությունը հնարավոր դարձավ ընտրատարածք հատուկ ջոկատ մտցնելու միջոցով, բազմաթիվ էին նաեւ այլ ընտրախախտումները, որոնք արձանագրել էին անգամ Ամերիկայի ժողովրդավարության ինստիտուտի դիտորդները: «Բացարձակապես հերյուրանքներ են դրանք՝ տարածված մեր որոշ մրցակիցների կողմից,- ի պատասխան ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:- ՍԴ է դիմել Ղուկաս Ուլիխանյանը, որն, ընդհակառակը՝ մեզ հետ ընտրությունների օրը համագործակցել է՝ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Եվ մենք միասին ենք հայտնաբերել հօգուտ Աշոտ Օսիպյանի «կարուսելի» դեպքեր, իմ վստահված անձինք հրավիրել են նաեւ Ղուկաս Ուլիխանյանին՝ միասին արձանագրություններ ենք կազմել մի քանի հանձնաժողովներում: Այնպես որ՝ մինչեւ քվեարկության ավարտը՝ ժամը 20-ը, նա եղել է մեզ հետ միասին: Բայց թե հետագայում ինչո՞ւ է բողոքել, լինելով 3-րդ տեղում եւ ինձնից 2 հազար ձայն պակաս ունենալով… Մեզ ասացին, որ դա կազմակերպել է էլի Աշոտ Օսիպյանի նախընտրական շտաբի պետ, հհշական Արտակ Գալստյանը: Իսկ Ուլիխանյանն ուղղակի նրանց դուդուկի տակ պարող անձնավորություն է: Ես գնացի ընտրատարածքային հանձնաժողով եւ ասացի՝ ի՞նչ եք ուզում, չեմ հասկանում, Ղուկաս Ուլիխանյանն ինձ ասաց. «Դա ինձ համար կենաց-մահու խնդիր է»: Այսինքն՝ ըստ իրեն, եթե չբողոքեր, ընտրություններն անվավեր չճանաչվեին՝ կդառնար կենաց-մահու խնդիր: Հետո իմացա, որ նրա վրա ինչ-որ քրեական գործեր կան եւ, որպեսզի խուսափի պատասխանատվությունից, այդպիսի բաներ է մոգոնում»: Ռաֆիկ Պետրոսյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ այն տեղեկությունները, որ Աշոտ Օսիպյանի շտաբի եւ ենթաշտաբերի պետերը քվեարկության օրը ծեծի են ենթարկվել. «Ծեծի մասին լսել եմ, որ մի շարք տեղերում վեճեր, մի տեղ նաեւ ծեծ է եղել: Ընդ որում՝ այդ կռիվները եղել են այդ հհշական շտաբի պետի եւ Ուլիխանյանի մարդկանց միջեւ: Մենք բացարձակապես կապ չունենք այդ հարցերի հետ»: Վիճարկվում է նաեւ թիվ 20 ընտրատարածքում Լյովա Խաչատրյանի ընտրությունը: Նրա մրցակից Մյասնիկ Մալխասյանը պնդում է, թե այս թեկնածուի պարագայում բավարարված չեն 5 տարի Հայաստանում բնակության եւ քաղաքացիության պարտադիր դրույթները, բացի այդ՝ Լյովա Խաչատրյանի ընտրարշավին մասնակցել են դատախազական համակարգի աշխատակիցներ, ինչն «Ընտրական օրենսգրքի» խախտում է, բաժանվել է ընտրակաշառք եւ այլն: «Մեղադրանքներն այնքա՜ն շատ են: Եվ բոլորը կապված են երեւի իր ներքին կառուցվածքի հետ: Այս ամենին պատասխանելն անհնար է՝ մեղադրանքները շարունակվելու են: Բայց դրանք ինձ հետ կապ չունեն»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Սակայն մի մեղադրանքի, այնուամենայնիվ, անդրադարձավ. «Եթե Հայաստանի քաղաքացի չլինեի՝ բնական է, որ չէին գրանցի»: Թիվ 11 ընտրատարածքում հաղթող ճանաչված Հակոբ Հակոբյանի մրցակիցը՝ Աշոտ Բլեյանը, եւս դիմել է ՍԴ, թվարկելով ընտրական բազմաթիվ խախտումներ: «Բնական է: Իր բնավորությունն է դա,- այս առնչությամբ ասաց Հակոբ Հակոբյանը:- Ինքը լավ գիտի, որ այդպիսի բաներ՝ ընտրակաշառք եւ այլն, չեն եղել: Բարեգործական հիմունքներով ինչ արվել է համայնքում՝ եղել է 1990-ին՝ եկեղեցու կառուցումը, Անդրանիկի արձանի տեղադրումը, համայնքի բարեկարգումը եւ այլն: 1995-ից եղել եմ հացի գործարանի տնօրեն, 68 մլն պարտք է ունեցել, հետո մեկ տարվա ընթացքում դա վերածվել է 72 մլն օգուտի: Այժմ այդ ամենը վերագրվում է ընտրությունների՞ն: Չեմ կարծում, թե ՍԴ-ն բավարարի նրա դիմումը, քանի որ ընտրարշավն անցել է դրական: Ամեն տեղամասում նա մեկական դիտորդ էր բերել, ներկա էին նաեւ նրա վստահված անձինք, բոլորը քվեարկության օրը ստորագրել են արձանագրությունները: Բողոքներ եղան միայն հաջորդ օրը: Այս ամենը միայն շահարկումներ են»: Թիվ 18 ընտրատարածքի պատգամավոր Գեւորգ (Վլադ) Հակոբյանն իր մրցակից Սուրեն Աբրահամյանի բազմաթիվ մեղադրանքների առնչությամբ միայն ասաց. «Այդպես բան չի եղել: Ոչ մի փաստ չկա: Ինչ էլ խոսում են՝ սաղ սուտ է»: Հարցրինք, թե սուտ է նաեւ այն, որ իր վրա ձեռք բարձրացրած ոստիկանության բարձրաստիճան Աշոտ Գիզիրյանն այժմ ակտիվորեն աջակցում էր իր վերընտրությա՞նը. «Ինքը չի մասնակցել իմ ընտրարշավին: Գիզիրյանի մասին ինչ ասում էր Սուրեն Աբրահամյանը՝ սա՛ղ սուտ է»: Անդրադառնանք նաեւ Ազգային անվտան գության ծառայության տնօրենի եղբորորդուն՝ թիվ 33 ընտրատարածքի պատգամավոր Խաչիկ Պետրոսյանին: Իր ընտրության ժամանակ արձանագրված բազմաբնույթ խախտումների առնչությամբ նա միայն ասաց, թե դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ծանոթ էր իր մրցակցի՝ Ենոք Ավետիսյանի ՍԴ ներկայացրած հայցի բովանդակությանը եւ նկատեց. «Իմ կարծիքով՝ ՍԴ-ն կկայացնի իր որոշումը»: Շա՛տ խորաթափանց դիտարկում էր: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել