Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ

Հունիս 12,2003 00:00

ՍԵՓԱԿԱՆ ԲՈՒՐԴՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՐԴԸ Քայլ առ քայլ հետեւելով ՀՀԿ առաջնորդ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախընտրական քարոզարշավին, ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական կազմակերպությունը կազմել է նրա բաժանած (նաեւ՝ խոստացած) ընտրակաշառքների «հավաքածուն»։ Երեկ հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թորոսյանը դրանք ներկայացրեց ասուլիսի ընթացքում: Ընդ որում, ամեն երկրորդ գյուղում կամ համայնքում վարչապետի խոստումն իրականացնելու ֆինանսական աղբյուրը պետբյուջեն է։ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, գյուղ առ գյուղ լուծվելու են բոլոր խնդիրները, այդ թվում՝ վերջին 2-3 տարում սահմանամերձ գյուղերում գողացված անասունների համար կտրամադրվի փոխհատուցում, գյուղի մարդկանց կտրվեն երկարաժամկետ վարկեր, կվերականգնվեն բոլոր քանդված գյուղական կամուրջները եւ էլի շատ ու շատ այլ խոստումներ՝ զվարճապատումի կամ ռոմանտիզմի ժանրերից։ Պարզվում է նաեւ, որ գյուղացիների բարձրացրած բոլոր խնդիրները մեր «լավատեղյակ» կառավարությունն արդեն ներառել է իր ծրագրերի մեջ։ Դրանք պետք է կատարվեն հաշված ժամանակի ընթացքում, պետբյուջեի, տարբեր հիմնադրամների եւ զանազան գործարարների գրպանների հաշվին։ Հասկանալի է, որ եթե ընտրողների սիրտը հիմնավոր շահելու համար ի գործ դրվեն նաեւ պետական միջոցները, ապա կուսակցության հաշվին դրված քարոզարշավային գումարի գերածախս կարելի է եւ չունենալ։ Ռուբեն Թորոսյանը երեկ լրագրողներին փորձում էր բացատրել իրենց կատարած աշխատանքի մեխը՝ «քարոզարշավի վրա ծախսվել են հայտարարագրվածից շատ ու շատ ավելի գումարներ»։ Խոսքը վերաբերում էր հիմնականում ՀՀԿ, ՕԵ, ՀՌԱԿ, ՀԺԱՄ կուսակցություններին։ Ռ. Թորոսյանը դժգոհեց դատարանների աշխատանքից։ «Ինը դատաքննություն է եղել, ինն էլ՝ արագացված, այնքան, որ երկուսի նիստն անցել է մեկ այլ դատաքննության համար բերված մեղադրյալի ներկայությամբ»,- պատմեց նա։ Հանձնաժողովի եզրակացությամբ, ԱԺ ընտրությունները Հայաստանի ընտրական գործընթացներում հետընթաց ապահովեցին։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել