Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը

Հունիս 12,2003 00:00

Աշխարհի ամենա-ամենա-ամենաազնիվ մարդը Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենա-ամենա-ամենա ազնիվն էր աշխարհում: Իր անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել՝ անձնուրաց, հերոս, ֆանատիկոս: Բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր: Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ: Պատկերացրեք՝ 35-40 տարեկան ֆիդայի զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար՝ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվությամբ ու պարզությամբ: Այս կերպարի դեմ խաղ չկա: Սա իր ետեւից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ. նյութը փչացրել են: Իր կերպարը Մոնթեին շատ բնորոշ է: Կուզեի, որ իր մասին գրվող գործերը սրտիս հզորությունն ունենան: Փառք Աստծո, որ այս առաջին գրքի հեղինակը հավակնոտ չի եւ գրականություն չի շինում: Ականատես ու բախտակից զինակցի աչքերով պատկերներ է ներկայացնում Մոնթեի կյանքից: Դուք ինչպես ուզում եք՝ ընկալեք. իր մասին դեռ շատ են գրելու արժանի ու, ցավոք, անարժան գրիչներ, որոնց նպատակը Մոնթեով իրենց անգույն գոյությունը հրապարակի վրա պահելն է: Ուշադիր լինենք՝ չէժանացնեն: Ինքը հրաշալի գրիչ ուներ: Մոնթեի նամակներն այսօր արդեն, պատմականից բացի, գրական մեծ արժեք են ներկայացնում: Մի օր, երեւի պատերազմից հետո, բոլորս արխիվներից այդ հրաշալի նամակները կհավաքենք եւ կտպագրենք: Համոզված եմ, որ դա կլինի Մոնթեի մասին ամենաճիշտ եւ լավ գիրքը: Իսկ պատերազմն առայժմ շարունակվում է: Առայժմ Մոնթեին առավելապես փնտրեք իր մտերիմ զինակիցների՝ Հարոյանի, Նեսոյի, Մոսոյի, Մարտիրոսի մեջ: Փնտրենք զարմանալի, ապշելի գեներալ Իվանյանի մեջ, որն, ասես, Ավոյի մեծ եղբայրը, հայրը, կամ հենց ինքը՝ Ավոն, լինի 70 տարեկան հասակում: Իսկ ընդհանրապես Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը հաղթական ավարտին հասցնելը: ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 27 մայիսի, 1994 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել