Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաքսավորները կեղեքում են»

Հունիս 12,2003 00:00

«Մաքսավորները կեղեքում են» Վանաձորցի առեւտրական կանայք դժգոհ են հայ մաքսավորներից: «70 պորտաբույծներ նստած են մեր աշխատանքի վրա»,- շաբաթը 1-2 անգամ Բագրատաշեն մեկնող վանաձորցի 10 կանանց անունից բողոքը մաքսատան «կեղեքիչներից» ներկայացրեց մեծածախ առեւտրով զբաղվող Էմմա Առաքելյանը, դժգոհելով մաքսատանը կիրառվող հարկային «նորամուծություններից»։ «32% հարկ են ուզում։ Առաջ 1 արկղ կոնֆետին 1 դոլար հարկ էինք տալիս, հիմա՝ 10 դոլար։ Իրենց քեֆին հաշվում են»։ Նա տեղեկացրեց, որ հարկային «խստացումներ» նախկինում էլ երբեմն լինում էին, սակայն ԱԺ ընտրությունների ավարտից անմիջապես հետո երկաթուղային բեռնափոխադրումների վրա դրվող «հարկերն» արդեն «հիմնավորեցրին» (նրա խոսքով). «Մեզ ասել են՝ Ազգային ժողովն է գներ սահմանել. ձեռք չի տալիս՝ առեւտուր միք անի։ Դե իրենց պետք էր, որ ընտրվեին։ Ընտրություններից առաջ խոստանում են, ընտրություններից հետո ոտնահարում»։ Զրույցին մասնակից մի կին էլ, որ առեւտրի էր մեկնել ոչ թե երկաթուղով, այլ ավտոտրանսպորտով, իր հերթին դժգոհեց այդ ոլորտի «կեղեքիչներից». «1 պարկ մրգի կամ բանջարեղենի համար 800-1000 դրամ են վերցնում սահմանի վրա։ Ո՞վ ա տեսել, որ մրգի համար փող վերցնեն։ Չեն թողնում շնչենք։ Մինչեւ ե՞րբ պետք ա տանջվենք դրանց ձեռքին»։ Է. Առաքելյանը, որ խորհրդային տարիներին աշխատել էր առեւտրի պետական համակարգում, զրույցի ընթացքում հաճախ շեշտում էր «Թող մեզ պետությունն աշխատանքով ապահովի, նորմալ աշխատելու հնարավորություն տա, որ մի կտոր հացի համար տեղից տեղ չգնանք, տղամարդու աշխատանք չկատարենք։ Դառել ենք տղամարդ»։ Մի պահ նա նույնիսկ հուզմունքից լացակումեց, սակայն քիչ անց գոտեպնդվեց եւ հպարտությամբ նշեց. «Վրացիները մեզ «գացո»՝ եղբայր են ասում, ոչ թե «գոգո»։ Պարզվեց, որ յուրաքանչյուր հայուհի «գացո» իր հետ բերում է 20-30 արկղ ապրանք։ Ի դեպ, իմ զրուցակիցը բավական գոհունակությամբ խոսեց վրացիների մասին՝ «Ապրեն նրանց բալեքը»: Բավականաչափ գործարար հարաբերություններ ունենալով հայ կանանց հետ, նրանք վստահաբար նույնիսկ 4000 դոլարի ապառիկ ապրանք են տալիս, սակայն Հայաստանում հարկերն այնքան են «խեղդում», որ հաճախակի ուղեւորությունից ոչ թե օգուտ են ստանում, այլ՝ «պարտքի տեղերը» (կամ՝ տերերին) փոխում են։ Առեւտրով զբաղվող կանայք նաեւ բանկից վերցրած վարկը (մանր եւ միջին բիզնեսի խթանման նպատակով տրվող) փակելու խնդիր ունեն, մինչդեռ՝ «Բագրատաշենի միլիցիան խեղդում է։ Սա 37 թիվն է, գենոցիդ է»,- ամփոփեց բողոքողը։ Է. Առաքելյանը նաեւ հիշատակեց. «Դեկտեմբեր ամսին գնացքը ռելսերից դուրս էր եկել, վնասվածքներ էինք ստացել, ամբողջ օրը մնացել էինք անօգնական, գիշերը՝ ձյան տակ։ Նույնիսկ էդ օրը գանձումներ արին»։ Պահանջվող գումարը չմուծողներին «մաքսահեններն» ստիպում են վագոնից վագոն ընկնել, գումար հայթայթել, հակառակ դեպքում՝ առեւտրականներին սպառնում է ապրանքից զրկվելու եւ կրկնակի ծախսերի տակ ընկնելու վտանգը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել