ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՐՈՊԵՆԵՐԻՆ Այսօր «Կոտայք»-«Շիրակ» եւ «Փյունիկ»-«Միկա» հանդիպումներով կավարտվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանը։ Վերջին 2 հանդիպումները խոստանում են լինել հետաքրքիր եւ անզիջում։ Իսկ երեկ առաջին շրջանի վերջին հանդիպումներն անցկացրին մնացած 4 թիմերը։ Առաջնությունն անհաջող մեկնարկած Երեւանի «Բանանցը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Այս անգամ բրոնզե մեդալակրի հետ խաղում անհաջողության մատնվեց Կապանի «Լեռնագործը»։ Հանդիպման սկիզբը խոստումնալից էր։ Արդեն խաղասկզբում կապանցիներն անզգույշ գտնվեցին սեփական տուգանային հրապարակում, որտեղ խախտեցին կանոնները Ջենեբյանի նկատմամբ։ Արա Հակոբյանը մոտեցավ գնդակին եւ հստակ իրացրեց տուգանայինը։ Գոլից հետո մոտավորապես 20 րոպե խաղն անցավ երկուստեք գրոհներով։ Այդ ընթացքում հաճելիորեն զարմացրին հյուրերը, ավելի շուտ՝ Ալեն Մովսիսյանը, որը երկու անգամ հայտնվեց հարվածային դիրքում, սակայն առաջին դեպքում հարվածը շեղ էր, իսկ երկրորդ դրվագում հարձակվողին խանգարեցին պաշտպանները։ Բայց այնուհետեւ նախաձեռնությունն ամբողջովին անցավ դաշտի տերերի կողմը, որոնք առաջին կեսի վերջում 3 ռեալ գոլային պահ չօգտագործեցին։ Հատկապես տպավորիչ էր վերջին պահը, երբ Արա Հակոբյան-Արամ Հակոբյան-Արամ Սարգսյան եռաքայլ կոմբինացիան պարտավոր էր ավարտվել դարպասի գրավումով, բայց Սարգսյանը 3 մետրից բարձր հարվածեց անպաշտպան դարպասին։ Սա այն դեպքն էր, երբ ավելի հեշտ էր գոլ խփել, քան չխփել։ Երկրորդ կեսում հանդիպման պատկերը մնաց անփոփոխ։ «Բանանցը» նորից 3 գոլային պահ ստեղծեց, սակայն օգտագործեց միայն մեկը, եւ նորից աչքի ընկավ Արա Հակոբյանը եւ նորից 11 մետրանոց հարվածի շնորհիվ։ Այս անգամ կապանցիները խաղի կանոնները խախտեցին հենց Արայի հետ պայքարում եւ տուժողը խփեց այս առաջնության 5-րդ գոլը։ Մյուս հանդիպումը կայացավ Արարատում, որտեղ «Արաքսի» հյուրն էր «Դինամո-2000»-ը։ Երկու թիմերի միջեւ ընթացավ համառ պայքար, իսկ հանդիպման ելքը որոշեց դինամոյական Նվեր Խաչատրյանի դիպուկ հարվածը, ինչի շնորհիվ «Դինամոն» կարեւոր հաղթանակ տարավ։ Այսպիսով, «Արաքսի» երիտասարդ ֆուտբոլիստներին առաջին փուլում այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել։ Հետաքրքրական է նաեւ, որ մինչ այժմ առաջնությունում կայացած 26 խաղերում միայն 2 ոչ-ոքի է արձանագրվել եւ 2-ն էլ չեմպիոնի մասնակցությամբ։ ՎԱՀԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ