Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ

Հունիս 12,2003 00:00

ՄԵՐՕՐՅԱ ԽԱՉԱԳՈՂԵՐԸ Մինչ մեր հնագետներից շատերը երազում են Շլիմանի պես առնվազն Տրոյա հայտնաբերել՝ պատմության մեջ հիշվելու համար, ոչ հնագետների մեծամասնությունը փափագում է գոնե մի կճուճ ոսկի կամ գանձ գտնել՝ երբեմն խախտելով օրենքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Եղեգնաձորում 5 դամբարան է ավերվել։ «Հեղինակներն» էլ ամենեւին դամբարանադաշտի հարեւանությամբ ճանապարհ կառուցող շինարարները չեն։ Ինչպես տեղեկացրեց Հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանը, իրենց մարզային մարմինը՝ Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունը արդեն հասցրել է այդ մասին ահազանգել ուր որ հարկն է։ Ցավոք, նման երեւույթները Հայաստանում բացառություն չեն։ Բացի այդ, ըստ Գ. Գյուրջյանի, այդ խնդիրները դժվար վերահսկելի են եւ «մասնագետները չեն կարող շարունակ սարերում լինել»։ Ի դեպ, այս առումով ռեկորդակիր է Եղեգնաձորը։ Ժամանակին այստեղ մեծ աղմուկ էր բարձրացրել Թանահատի եկեղեցում կատարված գանձագողության փորձը։ Գյուղացիներից մեկը տեղահան էր արել եկեղեցու պատի մեջ գտնվող 2 մետրանոց խաչքարը, որովհետեւ նրա վրա եղած փորագրությունից տեղեկացել էր, որ ինչ-որ մեկը ոսկեդրամներ է նվիրաբերել եկեղեցուն։ Որքան մեծ է եղել մերօրյա խաչագողի ուրախության չափը, երբ խաչքարի ետեւում՝ պատի մեջ իսկապես կճուճներ է հայտնաբերել։ Սակայն դրանց մեջ գանձեր չեն եղել, քանի որ, ինչպես «Սուտլիկ որսկանը» հայտնի հեքիաթում, դրանք անտակ (կոտրված) էին։ Իսկ ինչ իմանար կոտրված կճուճի պատճառով մատները վնասած «գանձաորսորդը», որ նման կճուճներ սովորաբար դրվել են բոլոր եկեղեցիների պատերի մեջ լավ հնչողություն (ակուստիկա) ապահովելու համար։ Ի դեպ, այս դեպքում էլ դատական գործ էր հարուցվել, սակայն գյուղացուն համարյա չեն պատժել, հաշվի առնելով նրա ծայրահեղ աղքատ լինելն ու «մի տուն լիքը մանուկներին»։ Վերջինիս պարտավորեցրել էին վերականգնել վնասը, այն է՝ բազալտե ծանր խաչքարը մեծ չարչարանքով նորից տեղադրել եկեղեցու պատի մեջ ու ամրացնել կրաշաղախով։ Սակայն գանձագողության փորձը նախադեպի առումով նաեւ օգտակար է եղել. անգրագետ գյուղացին իր փորձից ելնելով, խոստացել է պատմել բոլորին, որ անտեղի է եկեղեցիների պատերի կճուճներում գանձ որոնելը։ Ինչ վերաբերում է եղեգնաձորյան վերջին դամբարանապղծմանը, իրավապահ մարմինները առայժմ զբաղված են գործին առնչվող մանրամասները ուսումնասիրելով։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Հայաստանում գանձ հայտնաբերելու դեպքում՝ օրենքով քաղաքացուն վճարում են գտածոյի արժեքի 50%-ի չափով։ Հնագիտական արժեք ունեցող նմուշները եւս օրենքով պետք է պետությունը գնի։ Բայց քանի որ ներկայումս մեր թանգարանները վճարունակ չեն եւ ընդամենը գրոշներ են առաջարկում, ինքնուս «հնագետները», դիցուք իրենց բոստանում գտած կճուճը, փորձում են իրացնել վերնիսաժում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել