Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիսիդենտական» խաղեր

Հունիս 12,2003 00:00

«Դիսիդենտական» խաղեր ԱԺ քարոզարշավի շրջանակներում Անդրանիկ Մարգարյանի մասին հեռուստահաղորդում ցուցադրվեց։ Նախկին քաղբանտարկյալն անդրադառնալով անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցությանը, մասնավորապես Ստեփան Զատիկյանին, այն միտքը հայտնեց, թե տարաձայնություններ են եղել նրա եւ Պարույր Հայրիկյանի միջեւ։ Պ. Հայրիկյանի պատասխանը չուշացավ։ Նա ոչ ավել, ոչ պակաս, ԿԳԲ-ի գործակալ անվանեց Անդրանիկ Մարգարյանին, նշելով նույնիսկ համագործակցության թիվը՝ 1974։ Հիշեցնենք սակայն, որ 2000 թվականին Ա. Մարգարյանի վարչապետ նշանակվելու առթիվ նախկին քաղբանտարկյալները (Հայրիկյանը նրանց թվում) շնորհավորեցին նրան («Առավոտում» տպագրվեց): «ԿԳԲ-ի գործակալ» վարչապետի օրոք Պ. Հայրիկյանը նախագահին առընթեր իրավապաշտպան կառույցն էր ղեկավարում։ Արժե հիշատակել նաեւ Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազատական դաշինքի» 3-րդ համարի՝ Նորայր Խանզադյանի հրապարակած «Ազգային միացյալ կուսակցություն-ինքնորոշում միավորում» գրքույկներից մի քանի հատված։ 2002թ. այս գրքույկները լույս են տեսել «ԱԻՄ» հրատարակչությունում։ ԱԻՄ նախագահն էլ Պարույր Հայրիկյանն է, որը, անշուշտ, տեղյակ է եւ հավանություն է տվել այս գրքույկներին։ Ա գրքույկի 12-րդ էջում ոչ մի խոսք չկա «ԿԳԲ-ի գործակալ» Ա. Մարգարյանի մասին։ Ընդհակառակը.՝ գրված է, որ «Շանթի» ղեկավար է ընտրվում Պ. Հայրիկյանը, օգնականներ՝ Ազատ Արշակյանը եւ Կարապետ Ճղլյանը։ Անդամներից էին… պոլիտեխնիկականի ուսանող Անդրանիկ Մարգարյանը, պետհամալսարանի իրավաբանականի ուսանող Մանուկ Թոփուզյանը» (վերջինս կառավարության աշխատակազմի ղեկավարն է)։ 21-րդ էջում նկարագրված է, որ Պարույր Հայրիկյանի ներկայությամբ ԱՄԿ երդում են ստանում 12 հոգի, այդ թվում եւ Անդրանիկ Մարգարյանը։ Բ գրքույկում 1973-1987 թվականների ժամանակահատվածն է։ Դարձյալ ոչ մի խոսք «գործակալի» մասին։ 8-րդ էջում գրվում է. «Որպես կազմակերպության կորիզ, Պարույր Հայրիկյանը ստեղծում է 4 հոգուց բաղկացած խորհուրդ։ Նրա կազմում իրենից բացի ընդգրկվում են Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը»։ Վերջինիս մասին կան դրական հղումներ գրքույկի 10, 13, 19-րդ էջերում։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել