Խուսափեցին «թուրքական ծուղակից» Վերջին օրերին ԱՄՆ հայկական համայնքի առաջատար կազմակերպություններ աշխուժորեն քննարկում են ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոս Օմեր Օնհոնի կողմից ստացված առաջարկը։ Ըստ այդմ, հյուպատոսը, մասնավորաբար Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) եւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ԱՀԱԿ) ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել թուրք բարձրաստիճան դիվանագետ Քադրի Էջվեթ Թեզջանի հետ։ ԱՄՆ հայկական շրջանակները հիմնականում բացասաբար են արձագանքել այդ առաջարկին, նման հանդիպման աննպատակահարմարությունը հիմնավորելով «Հայոց ցեղասպանության ճանաչումը չնսեմացնելու» անհրաժեշտությամբ։ Երեկ հայտնի դարձավ, որ խնդրո առնչությամբ հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը։ Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Գյուլը մասնավորապես նշել է, թե «Թուրքիան ոչ մի գաղտնի նպատակ չի հետապնդել՝ հանդես գալով թուրք դիվանագետ Էջվեթ Թեզջանի եւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչների հանդիպման նախաձեռնությամբ»։ Միանգամայն հավանական համարելով ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների մտահոգությունների հիմնավորվածությունը, այդուհանդերձ, ավելորդ չենք համարում ներկայացնել մի քանի նկատառում՝ կապված այդ մտահոգությունների հիմնական արտահայտիչ, ԱՀԱԿ նախագահ Քեննեթ Խաչիկյանի հնչեցրած փաստարկների հետ։ Պրն Խաչիկյանը նշում է, թե նման հանդիպումների անցկացումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի չճանաչման պայմաններում ձեռնտու է միայն թուրքական կառավարությանը։ Այս պնդումն ակամա հանգեցնում է մի անմեղ հարցադրման։ Եթե տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանության փաստը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ապա ի՞նչ իմաստ կունենար այլեւս այդ հանդիպումը, կամ թե ի՞նչ հարցեր պետք է քննարկվեին դրա ընթացքում թուրք դիվանագետի եւ հայ համայնքային գործիչների միջեւ։ Քեննեթ Խաչիկյանը կարծիք է հայտնել նաեւ, թե Թուրքիան այդպիսով փորձում է մոլորության մեջ գցել ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք, ի տես «հայերի հետ ուղղակի երկխոսության», նսեմացած կընկալեն Հայոց ցեղասպանության կարեւորությունը։ Այս փաստարկը ծանոթ հիշողություններ է առաջացնում։ Եթե հիշում եք, ղարաբաղյան շարժման վաղ շրջանում եւս մտահոգություններ էին հնչում, թե Ռուսաստանին մոլորեցնում են։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ Ռուսաստանն իրոք երբեմն կարող է «մոլորվել», բայց անպայմանորեն գիտակցված եւ միմիայն իր պետական շահերի շրջանակներում։ Վերջապես, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահը զգուշանում է, թե հիշյալ հանդիպմանը համաձայնելով, հանդգնում են հայտնվել թուրքական կառավարության լարած «ծուղակի» մեջ։ Թերեւս այնքան էլ պարզ չէ, թե տվյալ պարագայում ինչ ծուղակի մասին է խոսքը, սակայն նույն՝ անորոշ տրամաբանությամբ կարելի է պնդել եւ հակառակը. իսկ մի՞թե ծուղակ չի կարող դիտվել այն, որ ամերիկահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են թուրքական կողմից եկող ինչ-ինչ նախաձեռնություններին անգամ հաղորդակից լինելուց։ Ի վերջո, հասկանալի է, որ թուրք դիվանագետն այդ հանդիպման ընթացքում, բնականաբար, հայությանը հուզող հարցերի լուծման բանալիներ չէր առաջարկելու եւ դիվանագիտորեն՝ ժպիտը դեմքին, փորձելու էր առաջ տանել թուրքական կառավարության տեսակետները։ Բայց ի՞նչն էր խանգարում ամերիկահայ համայնքի փորձառու գործիչներին՝ դեմքի նույն արտահայտությամբ առաջ տանել իրենց տեսակետները, իսկ հավանական ծուղակը բացառելու համար, անհրաժեշտության դեպքում, հանդես գալ համարժեք հայտարարություններով։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ