«ԴԱՇԻՆՔՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը – Խորհրդարանական ընտրությունները գնահատելիս, Դուք շարունակ շեշտում եք, թե դրանք պետք է դիտարկել նախագահական ընտրությունների հետ։ Այժմ, երբ ընտրական թոհուբոհն ավարտված է, Դուք շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին։ – Այո, ես գտնում եմ, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի շարունակությունն են։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ զգացնել տվեց այն հիասթափությունը, որն առաջացել էր նախագահական ընտրությունների արդյունքում։ Այդ պատճառով մասնակցությունն ակտիվ չէր, եւ ներկայացված թվերն ուռճացված էին։ «Արդարություն» դաշինքը հաղթել է նաեւ խորհրդարանական ընտրություններում, սակայն արդյունքները կրկին կեղծվեցին եւ նկարվեց այն թիվը, ինչ որ գիտեք։ Այս ամենից հետո ինչպե՞ս կարելի է գնահատել խորհրդարանական ընտրությունները։ Անջրպետն ավելի է խորացել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ եւ հիասթափությունն ու հուսալքությունը՝ նույնպես։ Ամեն դեպքում, «Արդարություն» դաշինքը ակտիվ գործունեություն պետք է ծավալի խորհրդարանում եւ գործնականորեն ապացուցի, որ ինքն է այս իշխանության իրական այլընտրանքը։ – «Արդարություն» դաշինքի ցուցակից պատգամավոր չդարձածներից մեկ-երկուսը մասնավոր դժգոհություն է հայտնում այդ կապակցությամբ եւ համարում, որ ՀԺԿ-ն տուժել է։ Ինչպե՞ս է ցուցակի հարցը ժամանակին որոշվել։ – «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակը հաստատվել է թե՛ ՀԺԿ-ի, թե՛ դաշինքի անդամ մյուս կուսակցությունների կողմից։ Արդար ընտրությունների դեպքում «Արդարություն» դաշինքը շատ ավելի տեղեր կունենար, եւ այս առումով, իհարկե, ՀԺԿ-ն տուժել է։ Իսկ ձեր նշած մասնավոր զրույցներին անդրադառնալ հարկ չեմ համարում։ – Արդյոք անհանգստություն չունե՞ք, որ դաշինքի ցուցակով խորհրդարան մտած մի շարք քաղաքական ուժերի ղեկավարներ բավականին արագ «կքցեն» Ձեզ եւ կհայտնվեն Ձեր խմբակցությունից դուրս։ – Հիմքեր չեմ տեսնում նման մտավախության։ Դաշինքի մեջ մտնող կուսակցությունները ղեկավարվում են պատասխանատվության զգացումով, գիտակցում են, որ «Արդարության» հետ ժողովուրդը որոշակի հույսեր է կապում։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք դաշինքն ամրապնդելու ուղղությամբ։ Իհարկե, առանձին հարցերի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, սակայն միշտ էլ կարելի է գալ ընդհանուր հայտարարի։ – Դուք կարծես որոշել եք մասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ որպես խմբակցության ղեկավար։ Մի տեսակ անհարմարության զգացում չունե՞ք, որ երկու անգամ նախագահ ընտրվելուց հետո համաձայնել եք պատգամավոր լինել։ – «Արդարություն» դաշինքը ստացել է ժողովրդի վստահության քվեն (որն իրականում շատ ավելին է, քան նկարվել է) եւ ուրեմն՝ դաշինքը պարտավոր է լինել խորհրդարանում եւ իր գործունեությամբ արդարացնել այդ վստահությունը։ Իմ անձի մասին ես կգերադասեի չխոսել, իսկ առհասարակ, թող անհարմարության զգացում ունենա այն մարդը, որն ուրիշի տեղն է զբաղեցրել։ – Քաղաքական ո՞ր ուժերը խորհրդարանում կարող են դառնալ դաշինքի գործընկերներ։ – Կոնկրետ հարցերի շուրջ դաշինքը պատրաստ է համագործակցել տարբեր ուժերի հետ, իսկ առավել սերտ կլինի համագործակցությունն այն ուժերի հետ, որոնք կկիսեն մեր սկզբունքային մոտեցումները։ – Հունիսի 15-ին լրանում է ՀԺԿ-ի հիմնադրման 5 տարին։ Անցած տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել Կարեն Դեմիրճյանի ստեղծած կուսակցությունում, եւ Ձեզ հաջողվե՞լ է արդյոք հավատարիմ մնալ Կարեն Դեմիրճյանի հիմնադրած կուսակցության գաղափարախոսությանն ու սկզբունքներին։ – ՀԺԿ-ն արհեստածին կուսակցություն չէ, ստեղծվել է ժողովրդի պահանջով եւ այս 5 տարիների ընթացքում կարեւոր դերակատարություն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում։ Կուսակցությունը բացարձակապես չի հեռացել արմատներից, հավատարիմ է մնացել իր սկզբունքներին եւ հենց այդ պատճառով այսօր ընդդիմադիր է։ ՀԺԿ-ն ենթարկվել է ծանրագույն փորձությունների, բայց դիմակայել է եւ այսօր էլ ամենածանրակշիռ քաղաքական ուժերից է։ ՀԺԿ-ի հետ ժողովուրդը շարունակում է հույսեր կապել, եւ մենք պարտավոր ենք իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ