ՀՈՒՇԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԸ Երեկ Ռոբերտ Քոչարյանին սատարող 3 կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն եւ ՀՅԴ-ն քաղաքական կոալիցիայի հուշագիր են ստորագրել: Ըստ հուշագրի, կոալիցիայի նպատակն է՝ ՀՀ ԱԺ երրորդ գումարման ժամանակահատվածում ունենալ ուժեղ ու կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն։ Ընդ որում, քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են համատեղ մշակել բարձրաստիճան պետական պաշտոնյաների վարչական եւ բարոյական հրապարակային հաշվետվության մեխանիզմներ։ Որպես քաղաքական առաջնահերթություններ նշվում են. – սահմանադրական բարեփոխումները, – քաղաքական, մասնավորապես ընտրական համակարգի բարեփոխումները՝ կուսակցությունների դերի բարձրացման նպատակադրումով, – ժողովրդավարության հետագա խորացումը, – ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացումը, – հակամենաշնորհային քաղաքականությունը եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորումը, – կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Քաղաքական կոալիցիայի գործունեության կազմակերպման կարգը կետում, մասնավորապես, նշվում է, որ կառավարության հայեցակարգային որոշումները նախապես ենթակա են քննարկման Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ։ Այլ հարցերի առնչությամբ Քաղաքական կոալիցիայի կողմերը, էթիկայի նորմերի շրջանակներում, ազատ են իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտելու հարցում։ Իսկ կառավարության հավաքական պատասխանատվության եւ խորհրդապահության սկզբունքները կիրառելի են բոլոր դեպքերում։ Կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով կուսակցությունների ղեկավարները միասնաբար կազմում են կոալիցիայի համադրող խորհուրդ։ Հուշագիրը ուժի մեջ է մինչեւ ՀՀ ԱԺ հաջորդ ընտրությունները։