Առաջին մերժումը ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ սկսեց ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների՝ ընտրություններն անվավեր ճանաչելու խնդրանքով դիմումների քննարկումը: ՍԴ-ն ընդամենը մեկ ամիս ժամանակ ունի հիշյալ բոլոր 17 դիմումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: ՍԴ ներկայացված 19 դիմումներից երկուսի՝ Արաբկիրի թիվ 4 եւ Աջափնյակի թիվ 9 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուներ Վահագն Գրիգորյանի եւ Պարույր Կարապետյանի դիմումները ՍԴ-ն մերժել է քննության առնել: Երեկ քննարկվեց եւ մերժվեց թիվ 55 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Հակոբ Հակոբյանի դիմումը, որը խնդրում էր ուժը կորցրած ճանաչել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ Արծրուն Ղալումյանին «պատգամավոր գրանցելու մասին» թիվ 55 ԸԸՀ-ի՝ մայիսի 27-ի որոշումը եւ ՀՀ ԱԺ մայիսի 25-ի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներն այդ ընտրատարածքում ճանաչել անվավեր: Դիմող կողմը այդպես էլ չկարողացավ կոնկրետ անուն ազգանուններով, դիմում-բողոքների կազմված արձանագրություններով օրենքի ոտնահարման իր նշած փաստերը, որոնք վերաբերում էին Ա.Ղալումյանի համախոհների կողմից Հ. Հակոբյանի վստահված անձանց ահաբեկելուն, ընտրատեղամասերից դուրս հանելուն եւ այլն, նշել: Թե կոնկրետ ով եւ ում իրավունքների դեմ է ոտնձգություն կատարել, պրն Հակոբյանի ներկայացուցիչը չկարողացավ կոնկրետ մատնանշել: Չկային նաեւ կազմված դիմում-բողոքներ, արձանագրություններ, որոնք կփաստեին, որ կոնկրետ մատնանշված եւ թվով 12 ընտրատեղամասերում «զանգվածաբար իրականացվել է այսպես կոչված «կարուսել»՝ մեկ քաղաքացին 8-10 անգամ քվեարկել է», «մի շարք տեղամասերում ընտրական հանձնաժողովի անդամները պարբերաբար ընտրողներին ուղեկցել են քվեախցիկներ եւ տվել ընտրելու վերաբերյալ ցուցումներ»: Դիմող կողմը նշել էր նաեւ, որ իր վստահված անձանց՝ «մայիսի 26-ին եւ 27-ին համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներին ներկայացված գրավոր դիմում-բողոքները չեն ընդունվել եւ չեն գրանցվել գրանցամատյանում»: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցրեց, թե ինչ իմաստ ուներ ընտրություններից 1-2 օր հետո դիմել տեղամասային հանձնաժողովներին, երբ դա անելու համար «ԸՕ»-ն ժամկետ է սահմանել մինչեւ մայիսի 26-ը, ժ. 14:00-ն: Այդ հարցին հիմնավոր պատասխան չտրվեց: Առավել տպավորիչ էին դիմումում «ամենակոպիտ խախտումներ» որակված հետեւյալ փաստերը, որոնք թույլ էին տվել տեղամասային ընտրական հանձնաժողովները՝ քվեարկության արդյունքները ամփոփելիս եւ ամփոփիչ արձանագրությունները կազմելիս: Գրեթե բոլոր 37 ընտրատեղամասերի թիվ 1 ամփոփիչ արձանագրությունները կազմվել են «ԸՕ» 60, 61, 114 հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված եւ ստորագրված բոլոր քվեաթերթիկների թիվը պակաս կամ ավել է եղել ոչ միայն օրենքով սահմանված թվից, այլեւ որոշ տեղամասերում զգալի պակաս է եղել ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից. կոնկրետ մատնանշվեց թիվ 1791 տեղամասը: ՍԴ անդամներն իրենք էլ ավելի մեծ ուշադրություն դարձրին այդ փաստերի վրա: Ինչպե՞ս են հիշյալ փաստերը հնարավոր դարձել, կամ ինչպե՞ս է եղել, որ տեղամասերում հանձնաժողովի անդամներն արդեն կնքված փաստաթղթերում ստորագրել են՝ չլրացնելով արդյունքներին վերաբերող եւ պարտադիր պահանջվող տողերը: ԸԸՀ նախագահի պատասխաններն այդ իմաստով սնանկ էին. հանձնաժողովի անդամները հոգնած են եղել, տեխնիկական վրիպակ է եւ այլն: Բայց ամենազավեշտականն այն էր, որ ԸԸՀ նախագահ Վ.Ղալումյանն ինքն էլ ընդունեց, որ մատնանշված տեղամասային հանձնաժողովներում ամփոփիչ արձանագրությունների, իր ասելով, «սեւագիր» փաստաթղթեր են եղել, ինչն արդեն «ԸՕ» կոպիտ խախտում է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ