ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ Մանդատ ստանալու արարողությանը մասնակցեցին իշխանամետ կուսակցականները, գործարարները եւ Մանուկ Գասպարյանը ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը երեկ նորընտիրներին հանձնեց պատգամավորական մանդատները։ Մանդատների հանձնման արարողությանը որեւէ հանդիսավոր շտրիխ չկար՝ երկրի հիմնը չհնչեց, երաժշտություն չկար, կար երկար մի սեղան, որին ոչ ոք հարկ չհամարեց մոտենալ, միայն խմիչքի սեղանն էր մի քանի րոպե ուշադրության կենտրոնում։ Նորաթուխները կանգնած էին խումբ-խումբ, միմյանց շնորհավորում էին։ Կառավարության ընդունելությունների տան մուտքի մոտ նորընտիրների «Ջիփերն» ու «Մերսեդեսները» լավ էին դիտվում, իսկ շենքի մուտքին նոր-նոր տեղադրված մետաղորսիչ սարքի տակով անցնողներին դիմավորում էր անձամբ գլխավոր ոստիկանապետ Հովհաննես Վարյանը, որը նույնիսկ մի քանիսին խնդրեց՝ եթե զենք-բան կա՝ հանեք, հետո անցեք։ Պատգամավորները մանդատները ստացան ըստ կուսակցությունների այբբենական կարգի։ Առաջինը ՀՀԿ-ն էր՝ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Թորոսյանով, հետո՝ մնացածը։ Հանրապետական նախկին նախարարներից երեկ մանդատներ ստացան Արարատ Մկրտչյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Դաշնակցությունից՝ Լեւոն Մկրտչյանը։ Երեկ արդեն ստորագրված կոալիցիոն կառավարության հուշագրի մասին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Սա մեկ քայլ առաջ էր, մենք ստեղծեցինք նոր քաղաքական ավանդույթ, որը մինչ այդ էլ գործում էր, բայց ձեւակերպումներ չկային։ Սա թույլ կտա կառավարությանն ավելի վստահ աշխատել, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն պատասխանատու է ոչ միայն այն նախարարությունների գործունեության համար, որոնց ղեկավար է նշանակել, այլեւ ամբողջ կառավարության գործունեության համար»։ Մինչ արարողակարգի սկիզբը լրագրողներն արդեն շրջապատել էին ապագա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին։ «Առավոտը» նկատեց, որ Արթուր Բաղդասարյանն ամենից շատն էր երրորդ խոսափողից քննադատում եւ ոչ հաճելի խոսքեր ուղղում ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին, այժմ ինքը հոգեբանորեն պատրա՞ստ է նույնպիսի խոսքեր լսել իր հասցեին։ Պարզվեց, պրն Բաղդասարյանը գիտի գլխի գալիքը. «Իհարկե, պատրաստ եմ։ Ես, ի վերջո, ութ տարի պատգամավոր եմ եղել եւ շատ լավ գիտեմ ԱԺ-ն։ Նախ պետք է ընտրվել, վաղը (արդեն այսօր) կընտրվեն ԱԺ ղեկավար մարմինները, նոր կառավարությունը պետք է հաստատվի։ Մենք լիահույս ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները, իհարկե, մեր գործընկերների աջակցությամբ, լուծելու բոլոր այն խնդիրները, որ այսօր կանգնած են ե՛ւ ԱԺ-ի, ե՛ւ մեր երկրի առջեւ»։ Պրն Բաղդասարյանը երեկ եւս խոսեց ավանդների վերադարձից եւ ասաց. «ՕԵ»-ն առաջարկել է երկու հիմնական խնդիր, առաջինը՝ բանկային ավանդների ապահովագրում, որը, մենք հետամուտ ենք լինելու, որ իրականացվի, եւ երկրորդը՝ պետության հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նախկին ավանդների վերադարձման համար»։ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ կոալիցիոն կառավարության հուշագրում հստակ արձանագրված է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն ունենալու է ընդգծված սոցիալական ուղղվածություն։ Ըստ այդմ, որեւէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է զբաղեցնում սոցիալական ոլորտի նախարարի պաշտոնը։ Օրինաստեղծ աշխատանքի են լծվել մոտ 40 գործարարներ, որոնց մուտքը խորհրդարան տարբեր խոսակցությունների առիթ է տալիս։ ԱԺ պատգամավոր դարձած Գագիկ Ծառուկյանին խնդրեցինք ներկայացնել իր ծրագրերը խորհրդարանում. հատկապես ո՞ր հանձնաժողովում է տեսնում իրեն նորընտիր պատգամավորը։ Պրն Ծառուկյանն ասաց, որ իր համար «ամենակարեւորն այն է, որ կարողանամ շիտակ նայել իմ ժողովրդի երեսին, եւ այն հավատը, որ իմ հանդեպ տածում են իմ ընտրողները, իմ ժողովուրդը, կարողանամ պահել ու պահպանել»։ Նորընտիր պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն իր օրենսդրական աշխատանքը հետեւյալ կերպ է պատկերացնում. «կցանկանայի աշխատել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որեւէ խմբակցության մեջ մտնելու ցանկություն առայժմ չունեմ։ Անկախ պատգամավոր եմ մնալու»։ Նորընտիր խորհրդարանի մասին խոսելիս՝ առաջին գնահատականն այն է, որ մականունավորները չափազանց շատ են, կոշտ հաշվարկով՝ մոտ 42-ը։ Ցանկացանք ճշտել, թե ըստ Ռուբեն Հայրապետյանի, ի՞նչ կարող են տալ այդ կարգի պատգամավորները երկրի օրենսդիր մարմնին։ Պատասխանը որեւէ բարդույթից զերծ էր. «Մականունը չպիտի համարել չափանիշ եւ մարդկանց վարկաբեկել։ Իմ մականունն ինձ կպցրել են մանկուց, բայց դա որեւէ բանի չափանիշ չէ։ Կարեւորը, ես տեսնում եմ այստեղ այնպիսի հզոր մարդիկ, որոնք մեր երկրին եւ մեր խորհրդարանին շատ օգուտ կտան։ Մենք պետք է տխրենք այն փաստից, որ համամասնական ցուցակով անցել են մարդիկ, որոնք ինչ-որ անձնական նկրտումներով կամ ինչ-որ ընկերուհիներ խաղացնելով պատգամավոր են դարձել»։ Ըստ Ռուբեն Հայրապետյանի, նոր խորհրդարանն ավելի լավ է աշխատելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ