ԱՋՀԱՄԲՈՒՅՐԻ ՉԳՆԱԼՈՒ ԳԻՆԸ Առանձնակի խորաթափանցություն պետք չէր հասկանալու համար, որ 25-րդ կապուղու համար մրցույթում երեկ պիտի հաղթող ճանաչեն «Արմենիային»: Ընդամենը հետաքրքիր էր, թե ինչ պատճառաբանությամբ է արվելու դա: Թեեւ բացառությամբ ֆինանսական ներդրումների՝ «Ա1+»-ը մրցույթի բոլոր պայմաններն ու օրենքով սահմանված չափորոշիչներն ավելի լավ էր խոստացել բավարարել, քան «Արմենիան»՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ու նրա տեղակալ Շամիրամ Աղաբեկյանն «Ա1+»-ի առաջարկը «2» գնահատեցին, իսկ «Արմենիայինը»՝ «5»: Հանձնաժողովի անդամներ Կարինե Խոդիկյանն ու Արա Թադեւոսյանը երկու հեռուստաընկերությանն էլ գնահատեցին «4», մյուս 4 անդամները «Արմենիային» գնահատել էին «5» կամ «4», իսկ «Ա1+»-ին՝ «3» կամ «2»: Ընդհանուր առմամբ՝ «Ա1+»-ը ստացավ 23, «Արմենիան»՝ 36 միավոր: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, որի համար կանխատեսելի էր այս որոշումը, տեղեկանալով, թե նման գնահատականների պատճառն Ազգային հանձնաժողովի նախագահը համարում է այն, թե չկային ներդրումները երաշխավորող փաստաթղթեր, ասաց. «Դա նշանակում է, որ պրն Ամալյանը եւ նրա թիմը չեն էլ կարդացել ու քննարկել մեր առաջարկը: Անհասկանալի է՝ երբ 8 էջում էինք շարադրել մեր առաջարկը՝ դա բավարար չէին համարել, այժմ ներկայացրել էինք 78 էջի վրա՝ ընդհանրապես չեն էլ կարդացել»: Մեր հարցին, թե իրենց մրցութային փաթեթում կայի՞ն ֆինանսական հավաստագրեր, որոնք կապացուցեին, թե խոստացված ներդրումներն իրական են՝ պրն Մովսեսյանը դրական պատասխանեց. «Կային ե՛ւ հավաստագրեր, ե՛ւ գովազդային շուկայի վերլուծություն, որով հիմնավորված է մեր մրցութային ծրագիրը: Կային նաեւ համատեղ աշխատանքը շարունակելու վերաբերյալ առաջարկներ, որտեղ ներառված էին բավականին լուրջ գումարներ: Այս ամենը հիմնավորում է, որ «Ա1+»-ը՝ զբաղեցնելով իր տեղը, հնարավորություն ուներ վաստակել այն գումարները, որոնք նշված էին մեր առաջարկում»: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը խոստացավ, թե իրենց ծրագիրը թարգմանելու եւ տրամադրելու են միջազգային կառույցներին: Նա հավելեց, որ ֆինանսական բազմաթիվ պայմանագրեր էին կցված մրցութային առաջարկին, որոնք նման էին այն փաստաթղթերին, որոնք 2002-ին ներկայացրել էր «Շարմը», այն է՝ տարբեր կազմակերպություններ հավաստում են, թե նախկինում ֆինանսական փոխշահավետ համագործակցություն են ծավալել «Ա1+»-ի հետ, եւ պատրաստակամություն հայտնում, թե հեռարձակման արտոնագիր ստանալու դեպքում շարունակելու են այն. «Ներկայացրել ենք նման տասնյա՛կ փաստաթղթեր»: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որ 2002-ի դատական գործընթացներում ներկայացնում էր «Ա1+»-ի շահերը, հիշեցրեց, որ «Շարմի» ծրագրին կից ընդամենը 2 նման փաստաթղթերն Ազգային հանձնաժողովը «հիմք էր ընդունել, հիմա «Ա1+»-ինը հիմք չի ընդունում: Անցած տարի մենք դատարանում էինք վիճարկում նման մոտեցումը, քանի որ պնդում էինք, թե օրենքի հստակ պահանջն է տեղեկանք ներկայացնելը, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչները պատճառաբանում էին, որ փոխշահավետ համագործակցության մասին փաստաթուղթն էլ է հիմք, թե ֆինանսներ կապահովեն ծրագրի կատարման ընթացքում: Դատարաններն էլ իրենց վճիռներով հաստատեցին, թե մրցութային առաջարկն այն ձեւով, որ տվել էր «Շարմը»՝ հիմնավոր է: Հիմա էլ «Ա1+»-ը նման ձեւակերպումներով իր փաթեթի մեջ հիմնավորեց 5 մլն դոլարի ներդրումները: Սակայն այժմ հանձնաժողովը հակառակն է պնդում, թե դա հիմնավորում չէ, այսինքն՝ հակասում են իրենք իրենց: Ուրեմն՝ մեր փաստարկը շատ լուրջ էր, եւ «Շարմը» պետք է պարտված լիներ»: Ըստ այդմ՝ Գրիգոր Ամալյանի երեկվա հայտարարությունները եւս մի փաստարկ կդառնան Եվրոպական դատարանում «Ա1+»-ի հայցի քննության ժամանակ: «Միանշանակ՝ այս ամենն ավելի շատ նման է աճուրդի, քան մրցույթի,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:- Եվ այստեղ միայն քաղաքական որոշման խնդիր կա՝ ոչ մրցակցության: Ինչ է, մյուս մրցակիցն իր 7 մլն դոլար ներդրումները բերել-ցո՞ւյց է տվել: Ինչպե՞ս չեն հավատացել այս կողմի ներդրումների խոստմանը, իսկ մյուսին հավատացել են»: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հակված չէր խնդրի լուծումը պայմանավորել այլ եղանակով, քան քաղաքականն է. «Կարծում եմ, Ամալյանին կամ հանձնաժողովին անդրադառնալ ընդհանրապես չարժե: Պետք է անդրադառնալ Հայաստանում քաղաքական իշխանությանը: Եթե պայմանականորեն ընդունված էր, թե իր առաջին պաշտոնավարման ժամկետում Ռոբերտ Քոչարյանը դեռ ընտրված նախագահ էր՝ այսօր, արդեն չընտրված նախագահից ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ նրա նշանակած հանձնաժողովը կայացնի օրինական վճիռ:»: Իսկ «Ա1+»-ի նախագահն ասաց. «Այսպիսի որոշում ընդունվեց ընդամենը մեկ պատճառով՝ ուզում են պարտադրել, որ Մեսրոպ Մովսեսյանը գնա Ռոբերտ Քոչարյանի աջը համբուրելու: Չի՛ լինելու դա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ