Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործը բողոքեց հայերից

Հունիս 11,2003 00:00

Քանդակագործը բողոքեց հայերից Օրերս Մշակույթի հայկական ֆոնդի հերթական հյուրը փարիզաբնակ հայ գեղանկարիչ-քանդակագործ Դավիթ Երեւանցին էր։ Նա արդեն 32 տարի ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, բայց ոչ մի վայրկյան չի մոռացել Հայաստանը. «Ես Հայաստանի ծիրան կերած տղա եմ։ Հայաստանից որեւիցե առնելիք չունեմ, այլ միայն տալիք ունեմ»։ Ապրիլի 24-ին ֆրանսիական կառավարության որոշմամբ, հայ-ֆրանսիական կողմերի փոխադարձ համաձայնությամբ, Փարիզում կանգնեցվեց Դավիթ Երեւանցու՝ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի պատկերով 4 մ բարձրություն ունեցող բրոնզաձույլ արձանը, որն իր ուրույն տեղն է գրավում քաղաքի հանրաճանաչ արձանների կողքին։ Ըստ Դավիթ Երեւանցու, այդ օրը ալեկոծված էր ողջ Փարիզը. «Իմ Կոմիտասը «քննություն բռնեց» արվեստների քաղաքում»։ Քանդակն իր մեջ ամփոփում է Կոմիտասի էությունը եւ մեր ազգի գոյատեւությունը։ Այն ներկայացնում է ոչ միայն Կոմիտասին, ցեղասպանությունը, այլ նաեւ վերածնությունը։ Քանդակի ետեւում կերտված է կենաց ծառ եւ մի մանչուկ (քանի որ Կոմիտասն ասել է. «Ես գնում եմ տառապելով, բայց մանչերին ուշադրություն դարձրեք. վաղվա լուսաբացը նրանք են»)։ Երեխայի կողքին կերտված է նաեւ մի խաչքար, որի հաջորդ երեսին փորագրված է հայոց այբուբենը։ Դավիթ Երեւանցին քանդակի վրա աշխատել է երեք տարի։ Գիպսով, այնուհետեւ բրոնզով աշխատելիս նա երգել է, արտասվել, տառապել եւ դրանով է, ըստ քանդակագործի, պայմանավորում իր գործի «կենդանությունը»։ Քանդակի ստեղծման ճանապարհին հեղինակը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել. նա հիվանդացել է ու երկար ժամանակ բուժվել Փարիզի հոգեբուժարաններից մեկում։ Նույնիսկ Երեւանից հատուկ մարդիկ են ուղարկվել խանգարելու քանդակագործին, սակայն նա այդ «արատավորներին» ոչ մի ուշադրություն չի դարձրել։ «Ես տգետներին ներում եմ»,- ասաց Դ. Երեւանցին՝ մի հետաքրքիր պատմություն պատմելով։ Երբ արձանի ֆինանսական հարցերի հետ կապված վեճեր են ծագել, մի քանի հայեր, հայկական «սովորույթի» համաձայն, անմիջապես կոչ են արել, որ Դ. Երեւանցու փոխարեն դա ստանձնեն ուրիշները՝ չնչին վարձատրությամբ կամ անվճար։ Իրականում նպատակը նրան «խաղից դուրս» հանելն էր։ Փարիզի քանդակների եւ ճարտարապետության գծով պատասխանատու Բլանշ Կոտին պարզապես ապշեցրել են հայերի միջեւ եղած տարաձայնություններն ու չկամությունը։ Նա պնդել է, որ արձանը կերտի Դ. Երեւանցին. «Բայց չէ՞ որ այս մարդն է մրցույթը շահել»։ Քանդակը զարմացրել էր նաեւ թուրքերին։ Քանդակագործի ներկայացմամբ, ազդված իր ունեցած հարցազրույցներից, նրանք նույնպես հույս են հայտնել, որ թուրքական կառավարությունը մի օր անպայման կընդունի հայոց մեծ եղեռնը։ Երեւանում նույնպես շատ կան Դ. Երեւանցու աշխատանքներից, սակայն դրանց մի մասը ոչնչացվել է։ Վերջերս էլ գողացվել է Սայաթ- Նովայի բրոնզե հարթաքանդակը։ Անհետացել է նաեւ զանգեզուրցի կնոջ արձանը եւ, ինչպես հեղինակն է ասում՝ «բռնաբարված եւ ձերբակալված» են մյուս աշխատանքները։ Չնայած այս ամենին, հեղինակը խոստացավ, որ իր այդ քանդակներն անպայման կվերակերտվեն։ Բարեբախտաբար, այսօր դեռ պահպանվում են Շախմատի տան պատին փակցված քանդակները, Տիկնիկային թատրոնի շենքի վրա գտնվող աքաղաղը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել