Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմանը բարկանալու սովորույթ չունի»

Հունիս 11,2003 00:00

«Արմանը բարկանալու սովորույթ չունի» Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ գերմանացի պրոֆեսոր Ռոլֆ Կնիպերի գլխավորությամբ երեկ «Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկում շարունակվեցին Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Գերմանացի մեր հյուրը հաճախ էր այս կամ այն հոդվածի կապակցությամբ իր տեսակետն արտահայտում «բարդ է ձեւակերպված, բարդ է արտահայտված» դիտողություներով։ Այդ բարդությունը նա, հավանաբար, զգում էր անգլերեն մատուցված Քաղաքացիական օրենսգիրքը ընթերցելիս։ Այս օրենսգրքի շուրջ երկու տեսակետ կար. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը գտնում է, որ սկզբունքային է հոդվածների հերթականության պահպանումը, իսկ պրոֆեսոր Կնիպերը հակառակն էր պնդում։ Հոդված-հոդված առաջ էին գնում դատավորները։ Օրինակ, մեր հյուրը նկատեց, որ անիմաստ է քաղօրենսգրքի 298 հոդվածի 3-րդ մասում՝ «արտաքին տնտեսական գործարք» բառակապակցությունը։ Ավելին, գտնում էր, որ խտրականություն է դրվում արտասահմանցու եւ տեղացիների միջեւ։ «Արմանն ասենք բարկացել է», ուզեց շարունակել նա, սակայն չհասցրեց, որովհետեւ հետեւեց «տեղացի» պալատի նախագահի պատասխանը. «Արմանը բարկանալու սովորույթ չունի»։ Բավականին երկար անդրադարձ եղավ քաղօրի 300 եւ 302 հոդվածի 2-րդ մասին։ Պրոֆեսոր Կնիպերը խորհուրդ տվեց շտապ հանել. «Պայմանագրի չկատարման դեպքում վնասը պետք է հատուցել»։ Քաղօրի հոդվածներից մեկի քննարկումը հետաձգվեց։ Այն կապված էր, մասնավորապես, լիակատար ընկերություններին, նրանց հետ իրավահարաբերություններին։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, հանրապետությունում կա 10 լիակատար ընկերություն, այն էլ մեռած… Առանձին խոսակցություն ծավալվեց «մայր, դուստր եւ կախման մեջ գտնվող ձեռնարկությունների» մասին, սակայն ինչպես կարկատել, վերաձեւել օրենքը, որ գործող այլ օրենքներին չխփի։ «Արմենիա» հյուրանոցի մեկ այլ սրահում էլ («Տիգրան Մեծ») ՄԱԿ-ը կազմակերպել էր թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի վարչության ԱՊՀ եւ Արեւելյան Ասիայի երկրների իրավական օգնության ծրագրի շրջանակներում միջազգային սեմինար։ Դատավորների մի մասն էլ մասնակցում էր այդ սեմինարին։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը երեկ հանդես եկավ զեկուցումով։ «Մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի օրենսդրություն եւ այնպիսի դատական պրակտիկա, որպեսզի նախ կանխվի թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, իսկ բացահայտվող գործերի քննությունն էլ կատարվի միասնական դատավարական կանոններով»,- ասաց նա։ Պրն Խաչատրյանը մի ուշագրավ նկատառում էլ հայտնեց, այն է՝ «Սա այն հանցատեսակն է, որի պատժելիության վերաբերյալ որքան հնարավոր է տարբեր երկրների օրենսդրությունները պետք է ինտեգրվեն»։ Ինտեգրման արդյունքում ստեղծված արժեքների պահպանումն էլ, ըստ զեկուցողի, միջազգային մակարդակով արված երաշխիքների հիմքում կդրվի։ Սեմինարը վարում էր ԱՊՀ եւ Արեւելյան Ասիայի երկրների իրավական օգնության ծրագրի ավագ խորհրդատու Օլգա Զուդովան։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել