Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է

Հունիս 11,2003 00:00

ՄԵԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԵԼ Է Մեդալակիրների արտոնությունները նվազում են, եւ դա, ըստ դպրոցների տնօրենների, դրական պրոցես է: Այս տարվա 130 շրջանավարտներից Չարենցի դպրոցը տվել է ընդամենը 1 մեդալակիր՝ անցյալ տարվա 8-ի փոխարեն: Տնօրեն Աիդա Ղազարյանը մեդալակիրների թվի նվազումը բացատրում է ընդունելության քննություններում նրանց տրվող արտոնությունների պակասեցմամբ: Բացի այդ, ըստ տիկին Ղազարյանի, շրջանավարտները շատ դեպքերում խուսափում են կենտրոնացված համակարգով քննություններ հանձնելուց: Այս տարի ոչ մի մեդալակիր չի տվել թիվ 20 (նախկին՝ Ձերժինսկու անվան) դպրոցը: Այս հանգամանքը դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ երեխաները խուսափել են հատկապես մաթեմատիկայի «կենտրոնացված» քննությունից: Երեխաների հետաքրքրությունները հատկապես լեզուների ուղղությամբ են, իսկ մաթեմատիկա առարկայից դպրոցում միջակ վիճակ է: Տնօրեն Ն. Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը գերադասում է որակ ապահովել, եւ ոչ արտաքին գեղեցկություն: Ըստ տնօրենի, դեռեւս ընթացող դպրոցական այս քննությունները ցույց են տալիս, որ թիվ 20-ում անցյալ տարիների համեմատությամբ ակնհայտորեն բարձրացել է շրջանավարտների որակական մակարդակը: «Երկար ժամանակ դպրոցական քննությունները մի տեսակ կիսատ-պռատ էին, ինչը նաեւ կապված էր դասագրքերի վատ վիճակի հետ, հատկապես՝ հայ գրականության: Իսկ այժմ արդեն այս սերունդը մեր ավագ սերնդի պես լուրջ է մոտենում դպրոցին, քննությանը»,- կարծում է Ն. Հովհաննիսյանը: Այսպես՝ դպրոցի 45 շրջանավարտներից 33-ը հայոց լեզվից ստացել են 13-ից բարձր միավորներ, այդ թվում 3-ը՝ 20 միավոր: Այս առարկան, ըստ տնօրենի, գնահատվել է ամենայն խստությամբ, որպեսզի պարզ լինի դպրոցի իրական պատկերը: Թեպետ տիկին Հովհաննիսյանը կարծում է, որ 19, 20 միավորներ աշակերտները ստանում են նաեւ ռեպետիտորների շնորհիվ, սակայն այստեղ ռեպետիտորի մոտ պարապելու պատճառաբանությամբ ոչ մի աշակերտ 160 եւ ավելի ժամի բացակայություն չունի: «Այդ հարցը շատ խիստ է դրված մեր դպրոցում: Եվ դա էր պատճառը, որ ես կորցրի իմ լավագույն 5 աշակերտներին: Սակայն եթե ես մեկին թույլ տամ, կկորցնեմ մի ամբողջ դասարան»: Խնդիրն այն է, որ երեխաները տեղափոխվեցին մեկ այլ դպրոց, որտեղ թույլատրվում էր ռեպետիտորներին պատճառ բերելով բացակայել դասերից: Դեռեւս 1999 թ.-ից ոչ մի մեդալակիր չի տվել նաեւ թիվ 27 դպրոցը: Այս տարի դպրոցն ունի 8 գերազանցիկ, բայց ոչ ոք մեդալի հավակնություն չի ցուցաբերել: Տնօրեն Անահիտ Բախշյանը, թեպետ նույնիսկ չի էլ խորհրդակցում իր շրջանավարտների հետ այդ հարցի շուրջ, սակայն դեմ է որեւէ արտոնության: «Դա ընդամենը կենսագրություն է, որ ավելի գեղեցիկ կհնչի այսպես՝ եղել եմ գերազանցիկ, բայց չեմ օգտվել արտոնությունից»,- ասում է Ա. Բախշյանը: Ընդհանրապես, տիկին Բախշյանը եւս չի թաքցնում դպրոցի իրական պատկերը, եւ նույնիսկ մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է բնագիտության քննության «քսերոքս արված» թեմաները գտել տղաների զուգարանում: «Այս քննությունները երեխայի գիտելիքները չեն վերհանում,- կարծում է տիկին Բախշյանը,- ավելի կիրառական քննություններ են պետք»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել