Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ օգնեցին

Հունիս 11,2003 00:00

Մարդիկ օգնեցին «Առավոտի» ս/թ ապրիլի 18-ի համարում տպագրվել էր «Դաժան սպանության ականատեսները» հոդվածը, որը պատմում էր, թե ինչպես է հայրը երեխաների աչքի առաջ սպանել իրենց մորը, եւ ինչ ճակատագիր դրանից հետո ունեցան երեխաները: Հոդվածն արժանացավ ընթերցողների բացառիկ ուշադրությանը։ Եղան շատ արձագանքողներ եւ սպասվածից ավելի օգնել ցանկացողներ։ Առաջին հեռախոսազանգի հեղինակը «Երեխաներն ընդդեմ բռնության» հասարակական- բարեգործական կազմակերպության աշխատակից Կարեն Հարությունյանն էր։ Հոգեբանը անմիջապես մեկնել է գյուղ, հանդիպել գյուղապետին, նրա հետ այցելել երեխաներին, զրուցել եւ տվել անհրաժեշտ ցուցումներ։ Անակնկալ չէր «Օրրան» բարեգործական կազմակերպությունից հեռախոսազանգը։ Ճշտելով երեխաների տարիքը, հասցեն, Արմինե Հովհաննիսյանը երեխաներին էր առաքել 2 ծանրոց՝ մանկական հագուստով, գրենական պիտույքներով եւ այլ անհրաժեշտ իրերով։ Արագ արձագանք եղավ նաեւ «Կոտայք» մանկական գյուղից։ Թեեւ աղջիկները (5տ., 11տ. եւ 15 տ.) չեն ցանկանում բաժանվել իրենց եղբորից, որը 21 տարեկան է եւ չի կարող բնակվել գյուղում, այնուամենայնիվ, աշխատակիցները եղել էին երեխաների մոտ, անձամբ զրուցել, բացատրել պայմանները։ Ամենաուրախալին 2 երեխաների համար կրկին դպրոց հաճախելն էր։ Աղջիկները ապահովված են դասագրքերով եւ գոհ են դպրոցում ստեղծված պայմաններից։ Գյուղապետարանը եւ մարզպետարանը երեխաներին տրամադրել են ալյուր, բրինձ, ոսպ եւ պարտավորվել լուծել բնակարանի եւ աշխատանքի հարցը։ Օգնության ձեռք են մեկնել նաեւ Արտաշատի ծերանոցից եւ արել առաջարկություն՝ օրական 3 անգամ այնտեղ անվճար սնվելու։ Քաշաթաղի սոցիալական ծառայության բաժնի վարիչ Գարեգին Ղազարյանը հայտնեց, որ տեղի գիշերօթիկ դպրոցը ապահովված է հրաշալի պայմաններով եւ իրենք շատ են ցանկանում, որ երեխաները վերադառնան Արցախ, որտեղ նրանց համար կստեղծվեն սովորելու եւ աշխատելու պայմաններ։ Ցավոք, երեխաները չեն ցանկանում վերադառնալ Արցախ, թեեւ կարոտում են բնությանը եւ մարդկանց։ Օրերս մեզ այցելեց ավագ եղբայրը՝ Ռուբիկը։ Նա դեռեւս չունի մասնագիտություն, բայց պատրաստ է աշխատելու ցանկացած բնագավառում եւ խնամելու քույրերին՝ մինչեւ նրանց չափահաս դառնալը։ Այս պահին նրան մտահոգողը բնակարանի հարցն է։ Երեխաներին հատկացված նպաստով եւ իր աշխատավարձով նա պատրաստ է լուծել մնացած հարցերը։ Երեխաները գոհ են հատկապես իրենց հարեւանուհի, մանկավարժական համալսարանի ուսանողուհի Վարդանուշ Ավագյանից, որը իր սրտամոտ վերաբերմունքով մշտապես նրանց կողքին է եւ սփոփում է փոքրիկներին։ Առաջիկայում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք նրանց հուզող հարցերին։ Օգնել ցանկացողներին կրկին կոչ ենք անում դիմել Վերին Արտաշատ գյուղ, Ռուբիկ Հարությունյանին։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, հայտնի դարձավ, որ աղջիկներն արդեն տեղավորվել են «Կոտայք» մանկական գյուղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել