Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Հունիս 11,2003 00:00

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ Օրերս օպերատիվ միջոցառման արդյունքում «Զվարթնոցում» պայթուցիկ նյութի հայտնաբերման վերաբերյալ պաշտոնական մարմինները քչախոս են։ Հիշեցնենք, մայիսի 3-ին, ժամը 12-ին Երեւան-Դոնի Ռոստով չվերթը աթիռում Ազգային անվտանգության աշխատակիցները պայթուցիկ էին հայտնաբերել։ Մեր աղբյուրը հայտնել էր, որ պայթուցիկը ինքնաթիռ էր հասել մաքսակետը շրջանցելով։ «Առավոտի» հունիսի 5-ին տպագրված վերոհիշյալ տեղեկատվությանը Մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես արձագանքեց միայն երրորդ օրը։ Այսինքն Մաքսային կոմիտեից 3 օր պահանջվեց, որպեսզի «ճշտի», որ «տեղեկատվությունը, բնականաբար, համապատասխանում է իրականությանը, դա եղել է ԱԱ օպերատիվ միջոցառումը, բայց իրականացվել է Մաքսային պետական կոմիտեի հետ համատեղ»։ ԱԱ-ից ընդհանրապես հնարավոր չեղավ որեւէ պարզաբանում ստանալ, բայց ինչ վերաբերում է «համատեղին», լավատեղյակները պնդում են, ԱԱ-ն եւ ՄՊԿ-ն վերջին շրջանում համատեղ գրեթե ոչինչ չեն ձեռնարկում եւ, ընդհակառակը, իրար դեմ են աշխատում։ Հիշեցնենք, որ ԱԱ-ն դեկտեմբերին էլ էր մաքսանենգության խոշոր դեպք (60 հազար դոլարանոց) արձանագրել («Առավոտն» այդ մասին գրել էր)։ Մաքսային պետական կոմիտեից հայտնեցին նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող Մենուա Խոռխոռունին, որը կասկածվում է մաքսանենգության այդ գործը կազմակերպելու մեջ, «իրոք, մաքսային համակարգի նախկին աշխատակից է (մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին տեսուչ- Ա. Ու.)։ Նա այդ պայթուցիկ նյութը տեղափոխել է ոչ թե մաքսային կետը շրջանցելով, այլ օգտվել է «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողական մուտքի իր ունեցած հին անցագրից»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Բայց քանի որ մաքսային սահմանն էլ պետք է հսկվի, ոչ թե միայն մաքսակետերը, ուստի անհրաժեշտ են այլ մանրամասներ եւս՝ պարզելու համար, թե արդյոք մաքսանենգության դեմ պայքարը հուսալի՞ ձեռքերում է։ Վերջապես նկատենք, որ կարող էր եւ ահաբեկչություն իրականացվել՝ պայթուցիկները չհայտնաբերվելու դեպքում։ Փորձեցինք մանրամասներ ճշտել մեր աղբյուրների միջոցով։ Պարզեցինք, որ քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է պայթուցիկը, անցել է առաջին սեկցիայով։ Սա ամենամոտ գտնվողն է մաքսակետի ղեկավարներին ու աշխատակիցներին, այստեղ մաքսային առավել զգոն հսկողություն է ենթադրվում։ Պայթուցիկը եղել է 2 շշի մեջ։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այդ 2 շշերը մաքսային գոտուց նախապես դուրս են հանել Մենուա Խոռխոռունին եւ Ալբերտ Տոնոյանը (մականունը՝ Ալբո)՝ տեղավորելով զուգարանում։ Իսկ քաղաքացուն, որի անունը ԱԱ-ն գաղտնի է պահում նախաքննությանը զանազան միջամտություններից զերծ պահելու համար, ըստ մեր աղբյուրի, մաքսակետը հատել է Ա. Տոնոյանի ուղեկցությամբ։ Տոնոյանն, ի դեպ, ինչ-ինչ պաշտոնական առնչություններ ունի ՄՊԿ-ի հետ, կոնկրետ ինչ՝ աղբյուրը չհստակեցրեց։ Նախնական պայմանավորվածության համաձայն, քաղաքացին վերցրել է շշերը, այնուհետեւ բռնվել։ Այլ աղբյուրներ չեն բացառում, որ Մենուա Խոռխոռունուն ուղղակի փաստի առաջ են կանգնեցրել եւ որ նա տեղյակ էլ չի եղել, թե ինչ է անցկացնում. ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար մաքսավորներին հաճախ են խնդրում այս կամ այն իրը անցկացնել։ Բայց այս վարկածը կասկածի տակ են առնում մեր մյուս աղբյուրները։ Չեն բացառում նաեւ, որ շշերի պարունակությունը տեխնիկական նպատակներով օգտագործելիք նյութ է, որը նաեւ պայթուցիկ է։ Դեպքը վկայում է այն մասին, որ պատկան մարմիններն առնվազն անփույթ են աշխատել։ Իսկ օրինախախտները վարժ ու հանգիստ են գործել։ Ոչ հերթապահներին, ոչ էլ օրինախախտներին չի սթափեցրել այն հանգամանքը, որ այդ պահին, ըստ մեր աղբյուրի, տեղում է եղել մաքսատան պետը՝ Կարեն Ջանոյանը։ Զգոն չեն գտնվել նաեւ հերթափոխի պետը՝ Հայկ Հարությունյանը, տեղակալները, բաժնի պետը եւ այլք։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել