Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների «նոր մոդելները»

Հունիս 11,2003 00:00

Համանախագահների «նոր մոդելները» ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը միջնորդների՝ այս տարվա մայիսին նախատեսված այցի հետաձգման միակ պատճառը չէ։ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Գրիբկովն, այդուհանդերձ, չի նշել, թե որոնք են համանախագահների հերթական տարածաշրջանային այցի հետաձգման մնացյալ պատճառները։ Ակնհայտ է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տեւական կանգը պայմանավորված էր Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական բուռն իրադարձություններով. սահմանադրական փոփոխությունների հանրաքվե Ադրբեջանում, նախագահական, ապա եւ՝ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե համանախագահները պարզապես սպասում էին, թե ինչով է այդ ամենն ավարտվելու, եւ դա, իրոք, մասամբ այդպես է։ Ի վերջո, միջնորդները, իրենց գործողությունները համադրելիս, պետք է իմանային, թե ում հետ էին գործ բռնելու։ Մյուս կողմից՝ ուշադրության են արժանի դեռեւս մեկ տարի առաջ հայկական եւ ադրբեջանական մամուլ սպրդած այն տեղեկությունները, թե միջնորդ երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցային գործընթացի հետագա սցենարների շուրջ։ Ըստ այդմ՝ Քոչարյանն ու Ալիեւը համաձայնություն են տալիս համանախագահների առաջարկած որոշակի փոխզիջումային մոդելին՝ փոխարենը Մինսկի խմբում ընդգրկված երկրները եթե չեն աջակցում, ապա առնվազն աչք են փակում այս երկու երկրներում կատարվելիք իշխանական կոպիտ վերարտադրության վրա։ Այսպիսի պնդումների օգտին են խոսում, մասնավորապես, այն անհավատալի ընտրակեղծիքները, որոնք տեղ գտան Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Որոշ դիտորդներ հակված են ենթադրել, թե դա առնվազն անհնար կլիներ առանց մեծ քաղաքական դերակատարների լուռ համաձայնության։ Մի բան հստակ է. համանախագահները ձեռնունայն չեն գալու եւ զինված են կարգավորման «նոր մոդելներով»։ Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը։ Ընդ որում, էական է, որ Գուլիեւը հիշյալ մոդելները գնահատել է որպես «քննարկման արժանի»։ Սա առնվազն նշանակում է, որ ի տարբերություն «ընդհանուր պետության», որը սրերով ընդունվեց Բաքվի կողմից եւ որը երկար ժամանակ հայկական դիվանագիտության պարծանքի առարկան էր, նոր առաջարկներն Ադրբեջանին չեն «խրտնեցրել»։ Իսկ Հայաստանը դրանց նկատմամբ դեռեւս պաշտոնական տեսակետ չի հայտնել։ Փաստն այն է, որ այլեւս շրջանառության մեջ է դրված կարգավորման նոր նյութ, ինչը, բնականաբար, շատ չնչին չափով է տարբերվելու իր նախորդներից։ Պատկերավոր ասած, համանախագահների՝ մեկը մյուսին հաջորդող առաջարկները միշտ էլ հին են, սակայն նոր են այն հանգամանքները, որոնց ֆոնի վրա մատուցվում են այդ հին առաջարկները։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել