Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ

Հունիս 11,2003 00:00

ԱՆԻՄԱՍՏ ՆՅԱՐԴԵՐ «Արմենիա» հեռուստաընկերությանը ես, որպես հեռուստադիտող, նորմալ եմ վերաբերվում: Ինչ-որ հաղորդումներ չեմ կարողանում նայել, օրինակ «Բերնարդ-շոուն»՝ չեմ ընկալում հումորի այդ քարանձավային մակարդակը: Հաղորդումներ կան, որոնք նայում եմ հաճույքով: Չեմ կարող ասել նաեւ, որ ինձ ամեն ինչ դուր էր գալիս իմ հարազատ «Ա1+»-ում: Հիմա այնպես ստացվեց, որ «Արմենիան» եւ «Ա1+»-ը մասնակցում են այդ կապուղու համար մրցույթին: Հասկանալի է, որ հեռուստաընկերություններից առաջինը չափազանց լոյալ է ներկայիս իշխանությունների նկատմամբ, եւ, հետեւաբար, կհաղթի այդ մրցույթում: Այդ պարզագույն հանգամանքը հասկանալով, լավագույնը, ինչ կարող է անել «Արմենիայի» ղեկավարությունը, լռելն է: Բայց հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանը որոշեց չլռել եւ իր եթերն օգտագործել նյարդային ելույթների համար: Դրանց հիմնական գաղափարն է՝ ինչպե՞ս «Ա1+»-ը համարձակվեց մասնակցել այդ մրցույթին, նրանք ո՞վ դառան, որ մեզ՝ հանճարներիս հետ, մրցեն: Բացի ամեն ինչից, «Արմենիայում», պարզվում է, աշխատում են շատ հայրենասեր մարդիկ: Ի տարբերություն «Ա1+»-ի: Որն, օրինակ, նախագահական ընտրությունների ժամանակ անպայման կնկատեր օրենքի բազմաթիվ խախտումները, եթե, իհարկե, եթերում լիներ: Վերջիններիս մասին «Արմենիան», բնականաբար, ոչ մի ծպտուն չի հանել: Դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի միջազգային վարկը: Որովհետեւ հեռուստաընկերությունը դուրս է գալիս տարբեր միջազգային ասպարեզներ, եւ իր ազդեցությամբ համարյա թե հավասար է «Ասոշիեյթեդ պրեսին» եւ CNN-ին: Եթե «Արմենիան» իսկապես գտնվում է մեր Գալակտիկայի կենտրոնում, ինչպես պնդում է պրն Սարգսյանը, եւ ամբողջ առաջադեմ մարդկությունն իրոք ուշաթափվում է այդ հեռուստաընկերության հաղորդումների ստեղծագործական որակից, ապա, կարծես թե, մնում էր հանգիստ սպասել, երբ դրանում «համոզվի» նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ այսօր երկարացնի այդ մտքի տիտանների լիցենզիան: Դրանում անձամբ ես, կրկնում եմ, չեմ կասկածում: Ի՞նչ նպատակ ունեն ինքնագովերգման եւ դիմացինին նվաստացնելու այս ջղաձիգ մենախոսությունները, դժվար է հասկանալ: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվ ի մրցույթը, բակում նարդի խաղացողի պես գլուխ գովելը, հոխորտալը եւ մրցակցին վիրավորելը, հավանաբար, այդքան էլ սազական չէ հեռուստատեսության տնօրենին եւ հարգված մտավորականի որդուն: Դրանով, ի վերջո, «Արմենիան» կորցնում է իր լավ, որակյալ հեռուստադիտողին: Կմնա միայն «Բերնարդ-շոու»-ի լսարանը: Բազմաքանակ, բայց անորակ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել