Ովքեր հրաժարվեցին մանդատներից Ռազմիկ Մարտիրոսյանը, Արարատ Մկրտչյանը եւ Լեւոն Մկրտչյանը այլեւս նախարար չեն Այսօր ժամը 12-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ԱԺ նորընտրիր պատգամավորներին մանդատների պաշտոնական հանձնման արարողությունը: Իսկ երեկ ժամը 20:00-ն այն վերջին ժամկետն էր, երբ ԱԺ համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները՝ ի դեմս կուսակցությունների ու դաշինքների եւ դրանց համամասնական ցուցակում ընդգրկված առանձին անհատների, կարող էին հրաժարվել իրենց պատգամավորական մանդատներից: Երեկ իրենց պատգամավորական մանդատներից արդեն պաշտոնապես հրաժարվել են ՀՅԴ-ից Ռուբիկ Հակոբյանը, Արտաշես Թումանյանը, Միավորված աշխատանքային կուսակցությունից՝ Սերգեյ Սարաջյանը: Հանրապետական կուսակցությունից, որի համամասնական ցուցակում մեծ թվով նախարարներ էին ընդգրկվել, իրենց պատգամավորական մանդատներից հրաժարվել են Սերժ Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար, Անդրանիկ Մարգարյանը՝ ՀՀ վարչապետ, Մաքսիմ Հակոբյանը՝ Զանգեզուրի Պ/Մ կոմբինատ ՓԲԸ, գործ. տնօրեն, Վարդան Խաչատրյանը՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Գագիկ Խաչատրյանը՝ Պետական գնումների գործակալության պետ, Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար, Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի նախարար, Կարեն Ճշմարիտյանը՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Վարդան Այվազյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Անդրանիկ Մանուկյանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Մանուկ Թոփուզյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, եւ Դավիթ Զադոյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար: Պատգամավորի իրենց մանդատներից չեն հրաժարվել ՀՀԿ ցուցակում ընդգրկված երկու այլ նախարարներ՝ Ռազմիկ Մարտիրոսյանն ու Արարատ Մկրտչյանը, ինչն, ըստ էության, պայմանավորված է նրանով, որ հիշյալ գերատեսչությունների նախարարական պորտֆելները նոր կառավարության կազմում քաղաքական որոշման արդյունքում կփոխանցվեն կամ այլ հանրապետականի, կամ, որն ավելի հավանական է, Ռոբերտ Քոչարյանին սատարող իշխանական մյուս կուսակցություններին: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ի ցուցակում 7-րդ տեղում եղած եւ ընտրված գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը եւս իր մանդատից չի հրաժարվել, ինչը նշանակում է, որ առաջիկայում տարանջատվող այդ նախարարություններից որեւէ մեկն այլեւս նրան չի վստահվելու: Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, ապա՝ վերջինիս համամասնական ցուցակով պատգամավոր դարձած որեւէ մեկը երեկ այդպես էլ ինքնաբացարկ չի հայտարարել: Սա, թերեւս, նշանակում է, որ այս կուսակցությունը մյուսներից ամենաքիչն է վստահում քաղաքական կամ պարզապես «ջենթլմենական» պայմանավորվածություններին եւ չի պատրաստվում իր գլխավոր գործող անձանցից որեւէ մեկին ժամանակից շուտ դուրս բերել ԱԺ-ից: Վերջում հավելենք միայն, որ այս ամենը դեռեւս չի նշանակում, թե «ՕԵ» նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ ընտրելու քաղաքական ընդհանուր համաձայնությունը խորհրդարանում չի կարող պատին դեմ առնել, մանավանդ, որ այդ ընտրությունը, հուսանք, լինելու է օրինական, այսինքն՝ փակ եւ գաղտնի: Դա նաեւ չի բացառում, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը իր գործունեության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելուց հետո կարող է պաշտոնանկ արվել: Սակայն դրանք զուտ տեսական ենթադրություններ են, իրականում՝ քիչ հավանական: Բանն այն է, որ այսօրվա խճանկարը Ռոբերտ Քոչարյանի համար իդեալական տարբերակ է իրեն սատարող ուժերին միմյանցով փոխլրացնելու եւ հակակշռելու իմաստով: Ի վերջո, հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ