Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Հունիս 11,2003 00:00

ԻՇԽԱՆԱՄԵՏՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ Բանակցությունները՝ փուլ առ փուլ, պատասխանատվությունը՝ փաթեթային ՀՀԿ-ն, «ՕԵ»-ն եւ ՀՅԴ-ն արդեն 80-90 տոկոսանոց համաձայնության են եկել քաղաքական կոալիցիայի ձեւավորման հարցում, կողմերը կստորագրեն հուշագիր։ Նման հուշագրային կառավարություն եւ ԱԺ երբեք չենք ունեցել, եւ այս նոր իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս է լուծվելու պատասխանատվության հարցը, ի՞նչ ծրագիր է իրականացնելու կոալիցիոն կառավարությունը, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվելու։ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մի քանի օր տեւող դաշնակցական ժողովներից հետո, ի վերջո, խոսեց այն մասին, թե ինչ է ուզել Դաշնակցությունը եւ ինչով է բավարարվել։ Մինչ այդ ասենք, որ կոալիցիոն կառավարության հիմքում լինելու է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագիրը, պլյուս՝ երեք կուսակցություններից յուրաքանչյուրի նախընտրական ծրագրերի համադրումը։ Քաղաքական պատասխանատվությունն այսուհետեւ անուն կունենա, այն կկոչվի՝ հավաքական պատասխանատվություն, եւ ինչպես Արմեն Ռուստամյանը ներկայացրեց, նաեւ ամեն կուսակցություն իր ստանձնած ոլորտի պատասխանատվությունը կկիսի։ Այս ֆոնին փոքր-ինչ տրամաբանական չէ, որ Դաշնակցությունը համաձայնել է ստանձնել երկրի սոցիալական ապահովության պատասխանատվությունը։ Թերեւս ճիշտ կլիներ, որ սոցիալական ոլորտին վերաբերող ամենապոպուլիստական եւ խոստումնաշատ կուսակցությունը ստանձներ այդ պատասխանատվությունը։ Դաշնակցությունը մի սխալ եւս թույլ է տվել՝ համաձայնել է հանձնել կրթության եւ գիտության նախարարի պորտֆելն այս թեժ պահին, երբ դպրոցներում ընթանում են ավարտական քննությունները, իսկ ընդունելության քննական հանձնաժողովները չեն ձեւավորվել։ Դժվար չէ ենթադրել, որ քաղաքական այս թոհուբոհի մեջ առաջին հերթին կտուժեն 2003-ի դիմորդները։ Դաշնակցությունը համաձայնել է նաեւ վերցնել առողջապահության նախարարի պորտֆելը, երբ նույն սուպերպոպուլիստ «ՕԵ»-ն խոստանում է անվճար բուժօգնություն։ Կառավարության վերադասավորումների արդյունքում Դաշնակցությունը կստանա ամենախոցելի, ամենից շատ քննադատվող նախարարությունները. սոցիալական ապահովության, գյուղատնտեսության եւ առողջապահության։ Կոալիցիոն կառավարության հռչակագրում մանրամասնորեն նշված են այն ոլորտները, որոնք տրվելու են երեք կուսակցություններից յուրաքանչյուրին։ Նախագահը պահպանում է ուժային նախարարությունները, նաեւ ՊՆ-ն, արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունները։ Երեք նախարարություն տրվել է «Օրինաց երկրին». կրթության եւ գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի, քաղաքաշինության։ Մնացած նախարարությունները վարչապետի գլխավորությամբ տրվել են Հանրապետական կուսակցությանը։ ԱԺ նախագահի պաշտոնը տրվել է «Օրինաց երկրին», եւ Արթուր Բաղդասարյանն արդեն կարող է իրեն ԱԺ նախագահ զգալ։ ԱԺ փոխնախագահների պաշտոնները համապատասխանաբար կտրվեն ՀՀԿ-ին (ըստ ամենայնի՝ Տիգրան Թորոսյան) եւ ՀՅԴ-ին (ըստ ամենայնի՝ Վահան Հովհաննիսյան)։ ՀՀԿ-ին տրվել են նաեւ ԱԺ մի շարք մշտական հանձնաժողովներ. Պետաիրավական, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի։ «ՕԵ»-ին տրվել են Սոցիալական, Առողջապահության հարցերի եւ Բնության պահպանության հարցերի, Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովները։ Դաշնակցությանը տրվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը պարտավորվել են որպես առաջնայնություն դիտել սահմանադրական փոփոխությունները, ընտրական համակարգի փոփոխությունները, կուսակցությունների դերի բարձրացումը, ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացումը, հակամոնոպոլային, հակակոռուպցիոն քաղաքականությունը, ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Եթե հավատանք խոսքերին, ապա սրանք առաջնային են լինելու կոալիցիայի համար։ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ կոալիցիան «նոր սկիզբ է դնելու կառավարության ձեւավորման գործընթացներում եւ նոր որակ է հաղորդելու մեր հարաբերություններն ավելի համաձայնեցված եւ համակարգված դարձնելու համար։ Այն, ինչ որ մենք ներկայացրել ենք որպես հուշագիր, աշխարհում կիրառվող փորձ է»։ Կոալիցիան կարող է դադարել գոյություն ունենալուց՝ երկու դեպքում. սկզբունքային անհամաձայնության եւ կոալիցիայի բոլոր կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել