Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ԿՀԱՂԹԻ ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ»

Հունիս 11,2003 00:00

«Ա1+»-Ը ԿՀԱՂԹԻ ԱՅՍ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ» Հուսով է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որը ներկա էր հունիսի 7-ին 25-րդ կապուղու համար «Ա1+»-ի եւ «Արմենիայի» մրցութային առաջարկների քննարկմանը: – Ձեր գնահատականով՝ իրոք, ինչպես պնդում է «Արմենիան», մրցում են քաշային տարբե՞ր կատեգորիաներում գտնվող հեռուստաընկերություններ: – Քաշերի տարբերությունների մասին կարելի էր խոսել այն դեպքում, եթե հստակ երեւային մեկի ծրագրային ու տեխնիկական հագեցվածության տարբերությունները մյուսից: Բայց տվյալ դեպքում դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: «Ա1+»-ը եթերում լրջորեն տարբերվում էր Հայաստանում գործող մնացած բոլոր հեռուստաընկերություններից: Իհարկե՝ ճաշակի խնդիր է, թե ով ինչ է նախընտրում: Իմ կարծիքով՝ «Ա1+»-ի եթերը, հատկապես ոչ ընտրովի, անկողմնակալ եւ առանց լրագրողական մեկնաբանությունների լրատվությունը, մոտ էր եվրոպական մակարդակին եւ բացարձակապես զերծ ռաբիսից, որով, ցավոք սրտի՝ լեցուն է մեր այլ հեռուստաընկերությունների եթերը: Եվ եթե այդ տեսակետից համեմատենք՝ իհարկե, տարբեր են քաշային կատեգորիաները եւ «Ա1+»-ի քաշը շատ ավելին է, քան, ըստ իս՝ «Արմենիայինը»: Իր ներկայացրած նոր ծրագրում էլ «Ա1+»-ը, իմ տպավորությամբ, պահելով նախկին ավանդույթները՝ առավել է առաջ ընթացել, շատ ավելի արդիականացրել ու հագեցրել իր ծրագիրը: – Իշխանությանն անհաճո լուրեր հաղորդելու համար պետք է կարողանալ նաեւ դիմակայել քաղաքական ճնշումներին: Իսկ այդ հատկությամբ՝ «Ա1+»-ի փակումից հետո որեւէ հեռուստաընկերություն աչքի ընկե՞լ է: – Երբ «Ա1+»-ը դեռ եթերում էր՝ ինչ-որ չափով բազմազան էր լրատվությունը նաեւ այլ հեռուստաընկերությունների եթերում: «Ա1+»-ի փակումից հետո հրահանգվեց «միայն լավ լուրեր» հաղորդել ու սկսեց գործել ներքին գրաքննիչը: Այսինքն՝ կորցրեցինք ոչ միայն «Ա1+»-ը, այլ դրա հետեւանքով՝ ներփակվեցին մյուս հեռուստաընկերությունները եւս: Այս տեսակետից էլ, եթե դարձյալ համեմատենք՝ իմ կարծիքով, «Ա1+»-ը քաշային այն կատեգորիայում է, որտեղ չկա հայաստանյան որեւէ այլ հեռուստաընկերություն: Իհարկե, հասկանում եմ, որ «Արմենիան» էլ ունի իր հեռուստադիտողը, շատերի համար այն նույնպես սիրված հեռուստաընկերություն է: Բայց այն, որ գործող հեռուստաընկերություններն իրար դեմ են դուրս գալիս՝ օրենքի արատավոր դրվածքի հետեւանքն է ու նաեւ նրա, որ խաղի այդ կանոններին ենթարկվեցին փաստորեն բոլոր հեռուստաընկերությունները՝ նաեւ «Արմենիան»: Նրանցից որեւէ մեկը բողոքի ձայն չբարձրացրեց անցած տարի գործող հեռուստաընկերության դեմ մրցույթի այլ մասնակիցների առնչությամբ, եւ բոլորը հայտարարեցին, թե Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված չէ: Իսկ այժմ քաղում են դրա պտուղները: – Սակայն կարելի է նաեւ ասել, որ «Ա1+»-ն այժմ անում է այն, ինչ իր դեմ արել էր «Շարմը»՝ հայտ ներկայացնելով գործող հեռուստաընկերության զբաղեցրած կապուղու համար: – Պարտադրված քայլ է սա, որին «Ա1+»-ին դրդեցին բոլոր մյուս հեռուստաընկերությունները: Եթե «Ա1+»-ն, ի տարբերություն այլոց՝ չենթարկվեր այդ կանոններին՝ պիտի ուղղակի փակվեր իբրեւ հեռուստաընկերություն: Խաղի կանոններն են այդպիսին, որ ցանկացած հեռուստաընկերություն ամեն անգամ պետք է մրցի որեւէ գործող հեռուստաընկերության հետ: – Ե՞րբ եք առավել հավանական համարում, որ «Ա1+»-ը կկարողանա դարձյալ հեռարձակման արտոնագիր ստանալ՝ այսօ՞ր, մեկ ամիս ա՞նց, երբ թերեւս ավարտվի 5 հեռուստաընկերություններին վերաբերող դատական քաշքշուկը, թե՞ գուցե, ինչպես ոմանք նշում են՝ «Ա1+»-ը դարձյալ եթեր կստանա միայն իշխանափոխությունից հետո: – Չեմ ընդունում այդ մտածողությունը, թե միայն իշխանափոխությամբ է պայմանավորված ամեն ինչ: Ժամանակին էլ ոմանք կարծում էին, թե միայն իշխանափոխությունից հետո ազատ կարձակվի Աշոտ Բլեյանը: Սա շատ պարզունակ մտածողություն է: Այսօր հասարակական գործիչների թիվ 1 խնդիրը պետք է լինի «Ա1+»-ի վերաբացումը: Ինչքան ավելի չհանդուրժեն «Ա1+»-ի փակվելը, այնքան ավելի շուտ այն կվերաբացվի: Ես մեծ հույսեր ունեմ, որ հենց այս մրցույթին կհաղթի «Ա1+»-ը: – Իշխանությունը լուծեց ընտրությունների ընթացքում «Ա1+»-ին եթերից զրկած պահելու խնդիրը, իսկ հիմա կարելի է եւ ժողովրդավար երեւա՞լ արտերկրի առջեւ, որի համար «Ա1+»-ի վերաբացման խնդիրը միշտ մնացել է օրակարգում: – Չի բացառվում: Բայց «Ա1+»-ի վերաբացումը, առհասարակ խոսքի ազատությունն այն իշխանությանը, որ մենք ունենք, ձեռնտու չէ: Այլ խնդիր է, որ Հայաստանի հասարակայնության բողոքների, նաեւ միջազգային աջակցության պայմաններում՝ ստիպված պիտի լինեն բացել «Ա1+»-ը: Կարծում եմ, դրա ժամանակը շատ մոտ է: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել