Լրահոս
Օրվա լրահոսը

Նվագում են եւ բարեգործություն են անում

Հունիս 10,2003 00:00

Նվագում են եւ բարեգործություն են անում Սփյուռքահայ կոմպոզիտոր Սիրվարդ Կալպակյան Կարամանուկը (Թուրքիա) եւ դաշնակահար Շահան Արծրունին (ԱՄՆ) նորից Հայաստանում էին։ Ս. Կարամանուկը երրորդ, իսկ Շ. Արծրունին արդեն 49-րդ անգամ են հայրենիքում, եւ շատ հարցերի վերաբերյալ միատեսակ են մտածում. «Հետզհետե հայրենիքին ֆինանս հատկացնողների թիվը պակասում է, իսկ ֆինանսի պետքը չի պակասում»։ Շ. Արծրունին 1998-ին բացել է իր հիմնադրամը, որի նպատակը երաժիշտներին սատարելն է։ Նա «համագործակցում» է Հայաստանի «Խաղաղություն» հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ, վերջինիս «ցուցումներով» ֆինանսական օգնություն հատկացնելով հայաստանաբնակ տարեց ու հաշմանդամ երաժիշտներին։ Սփյուռքահայ երկու արվեստագետներն էլ գտնում են, որ «թե կոմունիստական եւ թե կապիտալիստական վարչակարգերն ունեն իրենց դրական ու բացասական կողմերը։ Եվ անկախության ուղին բռնած հայաստանյան «պոլիտիկների» խնդիրը պետք է լինի գտնել դրանց միջինը»։ Նրանք կարեւորում են նաեւ տեղեկատվության դերը հայաստանյան երաժշտական կյանքում։ Ըստ Շ. Արծրունու, երաժշտարվեստին վերաբերող ամեն ինչ պետք է սկսվի Երեւանի կոնսերվատորիայի գրադարանից։ Ի դեպ, նա այսօր օգնություն է ցուցաբերում նաեւ բուհի գրադարանին (համակարգիչներ է տրամադրել), որպեսզի այն կապի հայ երաժիշտներին աշխարհի իրենց գործընկերների հետ։ Սփյուռքահայ կոմպոզիտորի ու դաշնակահարի կարծիքով Հայաստանն առայժմ «երկունքի» մեջ է ու եթե ոչ այս, ապա հաջորդ սերնդի համար ամեն ինչ լավ կլինի հայրենիքում։ Նրանք նույնիսկ սփյուռքահայերին Հայաստան վերադարձնելու «ծրագիր» են մշակել. «Օրինակ, ինչ կլինի, եթե աշխարհի բոլոր ֆրանսիացիները ապրեն Ֆրանսիայում, գերմանացիները՝ Գերմանիայում, իսկ հայերը՝ Հայաստանում»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ երեկո՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին։ Հայ երգիչների կատարմամբ հնչեցին Ս. Կարամանուկի ռոմանսները։ Նվագակցեց Շ. Արծրունին։ Երեկոյին ելույթ ունեցան երգիչներ Իրինա Զաքյանը, Գոռ Հարությունյանը, Կարեն Միրզոյանը, Ռուբեն Միրիջանյանը եւ այլք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել