ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ «ԹԱՂՈՒՄ» Հանրապետության հրապարակում գտնված մառանները կծածկվեն ավազով Մինչ աշնանը «հիմնովին» վերանորոգված փողոցները անձրեւներից հետո կրկին կկարկատվեն, Հանրապետության հրապարակում դեռեւս շարունակվում են Լինսի հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները, որոնք տեղաշարժի առումով դժվարություններ են առաջացրել վարորդների ու հետիոտնի համար։ «Առավոտն» արդեն տեղեկացրել է այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերված շինությունների մասին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ տվեց Հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանը։ Ըստ նրա, ստորգետնյա կամարակապ, թաղակապ այդ շինությունները, որ ուսումնասիրվել են մի քանի հնագիտական արշավախմբերի կողմից, շենքերի ստորգետնյա հատվածներ՝ մառաններ են։ Դրանք թվագրվում են 18-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբ։ Զուգահեռ ուսումնասիրվել են նաեւ Երեւանի պատմության թանգարանի ու Ազգային պատկերասրահի արխիվներում պահպանվող նյութերը, որոնց հիման վրա էլ տրվել է մասնագիտական եզրակացությունը։ «Մենք ուզում ենք ի մի բերված արխիվային նյութերը տրամադրել Երեւանի քաղաքապետարանին, ճարտարապետաշինարարական վարչությանը, քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի այդ մարդիկ, ի վերջո, տեղյակ լինեն, որ հետագայում եւս կարող են հանդիպել նման շինությունների»,- կարծում է Գ. Գյուրջյանը։ Ըստ նրա, շինությունները հետաքրքիր են ոչ այնքան հնագիտական, որքան շինարարական արվեստի տեսանկյունից։ Դրանց շնորհիվ կարելի է ծանոթանալ մեր նախնիների շինարարական հմտություններին։ Թեկուզ, օրինակ, ինչպես են վերջիններս շենքերի հիմքերը փորել։ «Սեյսմակայունությունն ապահովելու համար մեր նախնիները ժապավենաձեւ հիմք են տաշել սեւ գրանիտից։ Այն ավելի ամուր է, քան մերօրյա երկաթբետոնե հիմքը։ Մեր նախնիները կարողացել են ճիշտ օգտագործել եղած գրունտը։ Քանի որ 17-րդ դարում, երբ Հայաստանում պարսկական տիրապետություն էր ու Երեւանի նահանգում ընդունված էր պատերը աղյուսով շարելը, նրանք ոչ թե աղյուս են արտադրել, այլ քարից են աղյուս պատրաստել ու քարե աղյուսով թաղերը շարել»,- տեղեկացրեց Գ. Գյուրջյանը։ Նրա հավաստմամբ, դա տարածված է եղել Արարատյան հարթավայրում։ Իսկ Երեւանում շինարարական այդ տեխնիկան նոր է հայտնաբերվել։ Թաղակապ մառանները զարմացնում են իրենց ամրությամբ ու կրողականությամբ։ Տարիներ շարունակ դրանց վրայով գերծանր տրանսպորտ է երթեւեկել (չհաշված, որ խորհրդային տարիների շքերթների ժամանակ նույնիսկ զրահատեխնիկա է անցել), սակայն չեն վնասվել։ Այժմ Հուշարձանների պահպանության գործակալությանը կից ստեղծվել է նաեւ միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով, որը բուռն քննարկումներ է ունեցել գտնված շինության ճակատագրի կապակցությամբ։ Հնչել են իրարամերժ, նույնիսկ տեսականորեն անիրագործելի առաջարկներ։ Մասնագետների մի խումբն առաջարկել է վարվել աշխարհում ընդունված կարգի համաձայն՝ հրապարակը դարձնել բաց ցուցադրավայր (ինչպես Ստամբուլում, Սոֆիայում, Աթենքում), սակայն այդ երկրների հուշարձանների հետ համեմատած, Հանրապետության հրապարակի թաղակապ մառանները, իբրեւ հնագիտական արժեք, զիջում են։ Օրինակ, Ստամբուլում ցուցադրվում է եգիպտական սյուն՝ հիերոգլիֆներով, իսկ Սոֆիայում մի ամբողջ հելլենիստական քաղաք կա՝ սալահատակով, շինություններով, նույնիսկ մումիաներ են ցուցադրվում։ Գ. Գյուրջյանը համոզված է, որ Հանրապետության հրապարակը (այն նաեւ քաղաքաշինական ու տրանսպորտային կարեւոր հանգույց է) ամենեւին իմաստ չունի աղճատելու՝ 150- 200 տարվա հնությունը ցուցադրելու համար։ Այլ երկրներում կան ստորգետնյա ցուցադրավայրեր, սակայն Հանրապետության հրապարակի պարագայում դա անիրագործելի է։ Ստորգետնյա անցումներ կառուցելու համար պետք է ստորգետնյա հզոր սյուներ տեղադրվեն, ինչի արդյունքում, Գ. Գյուրջյանի պնդմամբ, կտուժեն գտնված շինությունները։ Բացի այդ, միջազգային նորմերով արգելվում է ժամանակակից նյութերով ներխուժումը մշակութային արժեքի մեջ (այն չպետք է գերազանցի 10%-ը), ինչը եւս այս դեպքում անհնար է։ Դրա համար մասնագետները դիմել են հնագիտության մեջ տարածված մեթոդի։ 17-ից մինչեւ 20-րդ դարասկզբի մառանները առայժմ կծածկվեն սորուն ավազով, որպեսզի, նախ, հարկ եղած դեպքում հեշտ լինի ավազի շերտը ետ տանելով հուշարձանը ուսումնասիրել, երկրորդ, ավազով ծածկվելու դեպքում շինությունը չի վնասվի։ Այսուհետեւ հրապարակի հարթության մեջ կբացառվի երկաթբետոնե կոնստրուկցիաների կիրառումը։ Մեկ ուրիշ առաջարկով էլ Հանրապետության հրապարակում գտնված շինությունները ընդգրկվել են «Երեւանի նորահայտ հուշարձանների» ցանկում։ Ու երբ վերջապես հրապարակը տեսքի կբերվի, համապատասխան տեղերում ցուցանակներ էլ կլինեն։ Դրանք անցորդներին կհուշեն, որ իրենք կանգնած են ուղիղ պատմական հուշարձանի «գլխավերեւում»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ