Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկին մի խառնեք մեծերի զայրույթին

Հունիս 10,2003 00:00

Մանուկին մի խառնեք մեծերի զայրույթին Գիտնականը պատասխանում է ԿԳ նախարարության չինովնիկներին «Առավոտի» մայիսի 15-ի «Այսօրվա երեխայի առջեւ հաշիվ ունենք տալու» վերտառությամբ հոդվածը (հեղ. Հասմիկ Բուդաղյան) սկսվում է պաշտոնական ահազանգով. «Այսուհետեւ որոշ համայնքների մանկապարտեզների երեխաներ ստիպված կլինեն հանդեսների ու զանազան միջոցառումների ժամանակ երգել իրենց ապուպապերի երգերը, առանց հասկանալու, անգիր արած արտաբերել նրանց հորինած խաղիկները, իսկ ծեսերին եւ տոներին վերաբերվել նորովի»: Մտահոգված-սարսափած է, եւ հոդվածն ավարտվում է օրվան վայել սթափ-լրջմիտ, բախտորոշ-իրատես հանձնարարականով. «Մենք երեխաների վրա մեր ապուպապերի երգերը փորձարկելու իրավունք չունենք: Այսօրվա երեխայի խաղը տարբերվում է 30 տարի առաջվա երեխայի խաղից: Եվ դա բացատրվում է նրանց՝ ավելի շատ ինֆորմացված լինելու հանգամանքով: Այսօրվա երեխան անգամ փափուկ խաղալիք չի սիրում: Մենք հաշիվ ունենք տալու այսօրվա երեխայի առջեւ: Իսկ նախադպրոցական տարիքում երեխան խաղով պիտի քնի ու զարթնի, խաղով ընկալի աշխարհը, եւ ոչ այդ տաղտկալի երգերով»: (Շեշտենք, որ դա թերթի լրագրողի տեսակետը չէ, այլ ընդամենը մեջբերում է ԿԳ նախարարության նախադպրոցական վարչության մասնագետ Մ. Սարգսյանի խոսքերից.-խմբ.): Ոչ մի դարում ոչ մի հայ իրօրյա երեխայի առջեւ հաշիվ չի տվել, անհաշիվ սովորեցրել է ծես-երգ-պար, որոնք եթե մերօրյա երեխային սովորեցնես, հաշիվ պիտի տաս: Երեխայի առջեւ՝ դժվար թե, բայց նախարարության եւ լրագրողի առջեւից դժվար խուսափես: Այսօր բոլորը բոլորի առջեւ հաշիվ պիտի տան, որովհետեւ այսօր է ազգ «ձեւավորվում», որ վաղը «կայանա»: Այսօրվա ծնողն էլ, դաստիարակն էլ, լրագրողն էլ պապենականից շատ բան չգիտե եւ մեղավոր չէ. ոչ հեռու անցյալում հայոց տոները, եկեղեցին հայից պաշտոնապես օտարվել է, բանավոր ժառանգությունն առանձին եւ ամբողջապես հանրակրթական ծրագիր երբեւէ չի մտել, ազգի դպրության ողջ բնագավառին ԿԳ նախարարական կանոնադրություն-ծրագրերով ոտնատեղ չի թողնվել: Այսօր էլ չի թողնված: Երգի ուսուցիչը երաժշտական կրթությունը դասական-եվրոպական է ստացել եւ կրթական ծրագրով պապերի երգուպարից հեռու է մնացել: Մասնագետը տալիս է այն, ինչը մանուկն այլ ծրագրերից չի կարող սովորել: Ստացվում է, որ ԿԳ նախարարությունը, ծրագիրը, կրթությունը կայանում է, բայց նաեւ պապով կրթված սերունդ, ասենք՝ Կոմիտասի նման երանելի սերունդ, ի դեպ՝ նաեւ Եվրոպայում կրթված, չէր կայանում: ԿԳ նախարարությունն այսօր կայանում է, եւ այդ երանելի սերունդն էլի չկա: Համատեղ արվում է գործ, գուցե եւ փորձ, գուցեեւ ազգօգո՞ւտ: Ո՞վ է դժգոհ, ո՞վ նեղված, ո՞վ զայրացած. այ սա է մանուկի աշխարհից դուրս: Մանուկին մի խառնեք մեծերի զայրույթին: 8230 Նախարարությունն իր գործն է անում, իր գործի մեջ կայանում կամ չի կայանում: Ազգի կայանալը որեւէ նախարարության որեւէ ծրագրի հետ որեւէ կապ չունի: Ազգը ձեւավորվում եւ կայանում է առաջին նախնուց սկսած եւ ընթանում է իր ճամփով՝ ծրագրված, թե անծրագիր: Ես էլ եմ տեսնում, որ բթամատի փոսիկի մեջ եկեղեցում օրհնված-մեռոնված ջրի կաթիլ պահելը եւ առանց թափելու Տերընդեզի խարույկի մոտ հասցնելը այսօրվա համար «անմիտ» գաղափար է եւ մանուկի համար «փափուկ» խաղ է: Այսօրվա մանուկին պետք է սովորեցնել աջ ձեռքի բութ մատով կոշտ դոլար հաշվել եւ ձախ ձեռքի ցուցամատով Եվրոպայի ճամփեքը ցույց տալ՝ իբրեւ հայոց կայանալիք-գնալիք միակ ճամփա: Տեսնում եմ եւ չեմ ուզում տեսնել: ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ Ցավոք, տեղի սղության պատճառով չենք կարող տպագրել Ա. Սահակյանի նամակն ամբողջությամբ: Հիշեցնենք, որ Հ. Բուդաղյանի հոդվածում խնդիրը ներկայացված էր բազմակողմանի, հակադիր կարծիքները հաշվի առնելով: Ամենեւին չցանկանալով նսեմացնել Արուսյակ Սահակյանի հսկայական վաստակն ու ներդրումն իր գործում՝ ազգագրության մեջ, պարզապես նշենք, որ քննարկման առարկա կարող է դառնալ՝ ե՞րբ, ո՞ր տարիքից պետք է սովորեցնել երեխաներին այս կամ այն երաժշտական նմուշը: Ավելացնենք նաեւ, որ Հ. Բուդաղյանի հոդվածը մեծ աշխուժություն բարձրացրեց նաեւ Կենտրոն համայնքի մանկապարտեզների տնօրենների շրջանում, որոնք խմբագրություն էին զանգում՝ հիշյալ խնդրի շուրջ մտահոգությունները շարունակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել