Լրահոս
Օրվա լրահոսը

«Թելեպլասի» զոհերը

Հունիս 10,2003 00:00

«Թելեպլասի» զոհերը Հավելավճարով հեռախոսային «Թելեպլաս» ծառայությունը մեր կյանք մտավ ապրիլից, հեռախոսահամարի ծածկագրման վերաբերյալ հայտարարությունները՝ մի քանի շաբաթ ուշ։ Մինչ այդ բազմաթիվ միամիտ ծնողների հեռախոսային հաշիվներն իրենց դեռահաս բալիկները հասցրին «ծանրացնել» մի քանի հարյուր հազար դրամով։ Այս օրերին տուժած ծնողների մի մեծ խումբ պատրաստվում է դիմել դատարան՝ «ԱրմենՏելի» գումարը չվճարելու հայտարարություն-պահանջով։ Հայցադիմումն ուղղված է հավելավճարով ծառայություն իրականացնող «Թելեպլաս» ընկերության դեմ։ «Սպառողին մատուցվող ցանկացած ապրանք կամ ծառայություն պետք է ունենա անվտանգության երաշխիք։ Տվյալ դեպքում «Թելեպլաս» ընկերությունն այդ խնդիրն անտեսել է, իր գայթակղիչ գովազդներով մոլորության մեջ գցելով դեռահասներին»,- ասում է տուժող ծնողներից մեկը՝ մեր գործընկեր Ռուզան Խաչատրյանը, որի երկու անչափահաս տղաները մեկ ամսվա ընթացքում հասցրել են «Թելեպլասի» «Ծանոթություն» ծառայության հաշվին ավելացնել շուրջ 500 դոլարի չափ գումար։ Ռ. Խաչատրյանը մատնանշեց արտերկրի համանման ծառայությունների ժամանակ խստիվ պահպանվող սպառողի անվտանգության որոշ պայմաններ։ Դրանցից մեկը հեռախոսահամարի ծածկագրումն է, որի մասին արդեն ասացինք։ Մյուսն անչափահասներին այս ծառայության գայթակղիչ գովազդներից հեռու պահելն է. գովազդը տրվում է միայն չափահասների համար եթեր հեռարձակվող հեռուստաալիքներով։ Մեզ մոտ ապրիլի սկզբից «ԱԼՄ», «Շանթ» եւ այլ ալիքներով հեռարձակվող գովազդը եթեր է մտնում անսպասելի, անկախ հաղորդման կամ ֆիլմի լսարանից։ «ԱԼՄ»-ն չխախտեց «Թելեպլասի» ժամն անգամ «Արարատ» ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Ընդհանրապես, «Թելեպլասի» գովազդներից «բողոքելու տեղ չկա»՝ խորհրդավոր-վավաշոտ ձայներ, սիրունիկ աղջիկներ, գներն էլ մատուցվում են խճճված։ Այնպես որ, մոլորեցնելու համար ամենահարմար պայմանները կան։ Ընդ որում, ե՛ւ ծանոթության, ե՛ւ գուշակությունների համար զանգահարելիս առնվազն 2 րոպե տեւում է միայն կանոններին ծանոթացումը։ Ռոբոտ-օպերատորի ձայնն առանց շտապելու, հնարավորինս ծոր տալով «բացատրում» է, թե որքան «շրջադարձային» քայլ է կատարել զանգահարողն իր բախտի ու ճակատագրի համար։ Օպերատորը «մոռանում է» զգուշացնել իր հերթական զոհին, թե նախնական ծանուցումը մտնո՞ւմ է վճարային ժամանակի մեջ, թե՞ ոչ։ Ինչ խոսք, կարելի է եւ «Թելեպլասից» ու «ԱրմենՏելից» դժգոհությունն անհիմն համարել։ Սա էլ հերթական ծառայություն է, որն օգտվում է հեռախոսային կապուղուց, մատուցում իր ծառայությունն առանց որեւէ պարտադրանքի եւ կարող է նաեւ պատասխանատվություն չկրել «մոլորյալների» համար։ Այս կարծիքին են կապի եւ տրանսպորտի նախարարությունում ու «ԱրմենՏելում»։ Սակայն իրավաբաններն այլ կարծիքի են։ Կապի ոլորտի մասնագետ-իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հիմնավորմամբ, «կարելի է գովազդը ճանաչել անբարեխիղճ, քանի որ Գովազդի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով արգելվում է այն գովազդը, որն օգտագործում է անչափահասների անփորձությունն ու դյուրահավատությունը»։ Տվյալ դեպքում այդ խնդիրը կա՝ ծնողների վկայությամբ իրենց երեխաները չեն պատկերացրել, թե ինչ հետեւանք կարող են ունենալ իրենց «գայթակղիչ» զրույցները։ Եվ դա հնարավոր է ապացուցել հոգեբանական փորձաքննություն անցկացնելով։ Նույն իրավաբանի մեկնաբանությամբ, Քաղօրի 310 հոդվածով անչափահասի կողմից կնքված գործարքը ծնողի կողմից կարող է դատարանում ճանաչվել անվավեր, այդ թվում եւ կենցաղային ու մանր գործարքները։ Դժվար թե որեւէ մեկը մինչեւ 1000 դոլարի հասնող հեռախոսազրույցը համարի «մանր գործարք»։ Ասենք նաեւ, որ «Թելեպլասի» զոհերի թիվը բավականին մեծ է։ Բողոքի ահազանգերը ստացել է Սպառողների ազգային ասոցիացիան։ Մեր տեղեկությամբ, Հասարակության հետ կապերի հայաստանյան միությանը նույնպես դիմել են բազմաթիվ մարդիկ։ Նրանց բողոքին ընթացք տալու նպատակով միությունը դիմել է խնդրով շահագրգիռ պետական կառույցներին։ Միության նախագահի տեղակալ Արման Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այժմ պատրաստվում է հայցադիմումի տիպային ձեւ, որը մոտ օրերս կներկայացվի հանրությանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել