ԵԹԵ ՊԱՏԺՎԵԼ, ԱՊԱ ԳՈՆԵ՝ ՈՉ ՄԻԱՅՆԱԿ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 23-26-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է դառնալ եթե ոչ բեկումնային, ապա առնվազն խիստ կարեւոր՝ կապված Հարավային Կովկասի եվրաինտեգրացման հետագա զարգացումների հետ։ Արդեն հայտնի է, որ այդ նստաշրջանի ընթացքում, ի մասնավորի, քննարկվելու է Հայաստանում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության զեկույցը։ Հասկանալի է, որ դրանում Հայաստանի հասցեին գովեստի խոսքեր չեն շռայլվելու։ Այս մասով ամեն ինչ պարզ է։ Խնդիրն այն է, թե հատկապես որ պատժամիջոցը կընտրվի ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների մի ամբողջ բույլ ոտնահարած Հայաստանի համար, կամ կկիրառվի՞, արդյոք, որեւէ պատժամիջոց։ Մինչեւ այդ, պաշտոնական Երեւանը փոքր-ինչ մխիթարվելու հնարավորություն ունի։ ԵԽ ԽՎ-ն պատրաստվում է ապտակել ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին։ Նույն նստաշրջանի օրակարգ է ներառված նաեւ այս երկրում քաղբանտարկյալների առկայության հարցը։ Ընդ որում, սպասվում է, որ նստաշրջանի գնահատականը բավականաչափ կոշտ է լինելու։ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, թե Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ենթակոմիտեի նախագահ Ժորժ Քլերֆայթի զեկույցում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը խնդրո առարկա հարցում խստորեն քննադատվել է։ Այդ զեկույցում, ըստ «Թուրանի», Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են ԵԽ առջեւ ստանձնած մի շարք պարտավորությունների (այդ թվում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու) կատարումից հրաժարվելու մեջ։ Հատկանշական է, որ Քլերֆայթի զեկույցում հիշատակում կա նաեւ Ադրբեջանի դատարանների՝ գործադիր իշխանությունից կախվածության մասին։ Ադրբեջանական դիտորդները վերհիշում են, որ այս երկրում առկա քաղբանտարկյալների խնդրին մեկ անգամ չէ, որ անդրադարձ է եղել ԵԽ ԽՎ նստաշրջանների ժամանակ։ «Իշխանություններն ուղղակի մտադիր չեն կատարել այդ պարտավորությունը լիակատար չափով»,- «Զերկալո» թերթին տված հարցազրույցում նշել է ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գուլամհուսեյն Ալիբեյլին։ Վերջինս չի ժխտել, որ այս ուղղությամբ իշխանություններն, այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր են անում. նախագահի հրամանագրով հայտարարվել են մի քանի համաներումներ։ Սակայն խնդիրը դեռ շատ հեռու է կարգավորված լինելուց։ Ուստի, Ալիբեյլին եզրակացնում է, թե այս անգամ հունիսին կայանալիք նստաշրջանում «Ադրբեջանի նկատմամբ կկիրառվեն խստագույն պատժամիջոցներ»։ Միեւնույն ժամանակ, «Թուրան» գործակալության՝ ԵԽ ԽՎ-ին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ «եթե պաշտոնական Բաքուն այսուհետ էլ խախտի Ստրասբուրգի հանդեպ իր պարտավորությունների կատարումը, ապա նրան սպասում են լուրջ անախորժություններ»։ Այս համատեքստում անչափ հետաքրքիր է հնչում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի այն պնդումը, թե ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանի ընթացքում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի։ Եթե ընդունենք, որ դրանք իսկապես չեն կիրառվելու, ապա մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ չի պատժվի նաեւ Ադրբեջանը՝ հաշվի առնելով այս երկու երկրների նկատմամբ ԵԽ ԽՎ-ի նրբանկատ-պարիտետային վերաբերմունքը։ Մյուս կողմից, ադրբեջանական աղբյուրները գրեթե վստահ են, որ եթե ԵԽ ԽՎ նստաշրջանն Ադրբեջանին չի հեռացնի Եվրախորհրդից, ապա առնվազն կզրկի ձայնի իրավունքից։ Նկատենք, որ այն հիմքերը, որով վեհաժողովը պատրաստվում է վերաբերմունք դրսեւորել Ադրբեջանի նկատմամբ, խիստ արդիական է նաեւ Հայաստանի պարագայում։ Եվրախորհրդի, ԵԱՀԿ եւ միջազգային այլ կազմակերպությունների՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ տրված գնահատականներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում վարչական իրավախախտումների մասին տխրահռչակ օրենքով կալանված տասնյակ քաղաքացիներն ընկալվում են իբրեւ քաղբանտարկյալներ։ Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին, ապա այստեղ եւս պարծենալու բան գրեթե չկա։ Ստացվում է, որ ցայսօր Եվրոինտեգրացման ճանապարհին արձանագրած մեր միակ նվաճումն այն է, որ եթե անգամ պարտվենք, ապա՝ Ադրբեջանի հետ միասին։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ