Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՇԱՀՈՒՄ Է ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունիս 10,2003 00:00

«Ա1+»-Ը ՇԱՀՈՒՄ Է ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն անցած մեկ տարում, երբ տարբեր մակարդակի ընտրություններ էին ընթանում, չէր անցկացրել որեւէ կապուղու համար մրցույթ: Առաջինը տեղի ունեցավ հունիսի 9-ն, եւ 25-րդ կապուղով հաղորդումներ հեռարձակելու համար իրենց հայտերը ներկայացրին «Արմենիան» եւ «Ա1+»-ը: Այժմ այդ կապուղին զբաղեցնում է «Արմենիան», որի նախագահ Բագրատ Սարգսյանն ասաց, թե մրցում են քաշային տարբեր կատեգորիաներում գտնվող հեռուստաընկերություններ: Թերեւս, ավելի տեղին լիներ խոսել տարբեր ոճերի մասին, քանզի «Արմենիան», ինչպես պրն Սարգսյանը հայտնեց առաջարկը ներկայացնելիս, ըստ հարցումների՝ առաջինն է զվարճալի հաղորդումներ հեռարձակելու առումով: Իսկ «Ա1+»-ը մինչեւ 2002-ի ապրիլին կապուղուց զրկվելը՝ առաջինը եւ (մինչ այսօր) միակն է, որ մատուցում էր հավասարակշռված ու անաչառ լրատվություն, եւ այժմ էլ խոստացավ. «Մեր եթերում իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն կունենան բոլո՛ր քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչները, չեն լինի անցանկալի գործիչներ կամ ինչպես ընդունված է ասել՝ «սեւ ցուցակում ընգրկված մարդիկ»: Սակայն մի առիթով «Օրակարգից դուրս» քննարկման ժամանակ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարեց, թե իբրեւ սկզբունք՝ իրենք միշտ էլ հաշվի են առնելու բացառապես մրցութային առաջարկները: Այսինքն՝ ոչ հեռուստաընկերության անցած ճանապարհը, կայացածությունը եւ այլն: Ուստի մենք էլ համեմատենք այս երկու հեռուստաընկերությունների առաջարկները: Ըստ Բագրատ Սարգսյանի՝ «Արմենիան» մինչ այժմ հեռարձակել է օրական շուրջ 17 ժամ: Սկսած 2003-ի նոյեմբերից՝ մենք ծրագրում ենք անցնել 24-ժամյա հեռարձակման»: Իսկ «Ա1+»-ը դեռ 1996-ից էր իրականացնում 24-ժամյա հեռարձակում, եւ պարտավորվեց արտոնագիր ստանալուց հետո շարունակել այն: «Արմենիան» խոստանում է, թե իր եթերաժամանակի 50%-ը 2003-ին կլինեն հայրենական հաղորդումները, իսկ «Ա1+»-ը՝ 80%: Հաջորդ տարի «Արմենիան» խոստանում է հայրենական հաղորդումների ծավալը հասցնել 60%-ի, իսկ «Ա1+»-ը՝ 90%-ի: «Ա1+»-ի պարագայում սեփական արտադրության հաղորդումների ծավալը 2003-ին պիտի կազմի 85% եւ 90%՝ 2004-ին: Ըստ «Արմենիայի» մրցութային առաջարկի՝ սեփական հաղորդումները 2003-2010 թվականներին կլինեն հայրենական արտադրության հաղորդումների միայն կեսը՝ 50%: Լրատվական հաղորդումների առումով էլ է «Ա1+»-ն «Արմենիայի» համեմատ պահպանում գերակայություն: Վերջինիս պարագայում այդ ցուցանիշը 12% է, իսկ «Ա1+»-ում լրատվական հաղորդումները կկազմեն 30%: Նշենք նաեւ, որ վերջինս խոստանում է օրվա եթերաժամի 25%-ը հատկացնել գիտակրթական, մշակութային հաղորդումներին, իսկ «Արմենիան»՝ միայն 7%-ը: Սրանք են այս մրցույթի պայմանները, որի անխտիր բոլոր չափորոշիչներն «Ա1+»-ը խոստանում է ավելի լավ բավարարել, քան «Արմենիան»: Սակայն ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի՝ արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ պիտի հաշվի առնվեն նաեւ դիմողի տեխնիկական, ֆինանսական հնարավորությունները եւ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը: Այս բոլոր չափորոշիչներից միակը, որտեղ «Արմենիան» խոստացավ ավելին՝ ֆինանսական հնարավորություններն էին: «Ա1+»-ի առաջարկում ամրագրված է, թե 7 տարվա ընթացքում ներդնելու են 5 մլն դոլար: Իսկ Բագրատ Սարգսյանը հայտարարեց, թե ներդնելու են շուրջ 7 մլն դոլար, բացի այդ՝ ներկայացվեց «Northern Trust» ընկերության փոխնախագահի նամակը, որով պատրաստակամություն է հայտնվում իրականացնել շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ: Այս առնչությամբ հիշեցնենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հեղինակների պնդումները, թե օրենքի տրամաբանությունն աճուրդը չէ՝ թե կհաղթի նա, ով ավելի շատ փող կառաջարկի: Անցած ամիսների ընթացքում «Ա1+»-ը ձեռք է բերել թվային սարքավորումներ, քանի որ նախատեսում է եթեր վերադառնալ «տեխնիկապես լիովին վերազինված»: Այդ նպատակին հատկացնելու է եւս 950 հազար դոլար: Երկու հեռուստաընկերությունների աշխատակիցներն էլ, ըստ հայտարարվածի, վերապատրաստում են անցել արտասահմանում: Երկուսի ներկայացուցիչներն էլ նշեցին, թե համագործակցում են CNN-ի եւ «Ասոշիեյթիդ փրեսի» հետ: «Արմենիան»՝ որպես CNN-ի հետ իր համագործակցության արդյունք մատնանշեց, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից «բառացիորեն 10 րոպե անց» լուսաբանեցին այն՝ «ավելի շուտ, քան OPT-ն եւ PTP-ը» (ներկաներից մեկն անմիջապես հիշեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը «Արմենիան» հանգամանալից լուսաբանեց միայն մեկ օր անց՝ շատ ավելի ուշ, քան այդ մասին հաղորդեց անգամ CNN-ը): Իսկ «Ա1+»-ը CNN-ի հետ համագործակցել է դեռ 1991-ին՝ տրամադրելով Ղարաբաղյան պատերազմի մասին իր ռեպորտաժները: «Ասոշիեյթիդ փրեսի» պարագայում էլ նույն պատմությունն է՝ «Արմենիան» նրանից վերցնում է լուրեր, իսկ «Ա1+»-ը՝ վաճառում: Մրցույթի երկու մասնակիցներն էլ խոստացան ապահովել ինտերնետային՝ «on-line» հաղորդումներ, անցնել արբանյակային հեռարձակման: Այլ հեռանկարային ծրագրերին անդրադառնալու կարիք թերեւս չկա: Անցած տարվա ապրիլին անցկացված մրցույթներում հաղթածների գործունեությունը եթերում ապացույց է, որ միայն նրանց բարի կամքին է վերապահված, թե կկատարե՞ն իրենց առաջարկներում ամրագրված խոստումները: Իսկ Ազգային հանձնաժողովը բացարձակապե՛ս չի վերահսկում դրանց կատարումը: Ի դեպ, անցած մրցույթին հետեւած զարգացումներն ակնհայտորեն ստեղծել են կանխակալ տրամադրվածություն: Դա երեւաց, երբ Ազգային հանձնաժողովի անդամ Մուշեղ Հովսեփյանը սկսեց պնդել, թե «Ա1+»-ը լուսաբանելով իրենց աշխատանքները՝ վիրավորանքներ է հասցրել: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն ի պատասխան հիշեցրեց, որ իրենք չեն էլ հասցրել լուսաբանել հանձնաժողովի աշխատանքները. «Հենց առաջին լուսաբանումից հետո մեր ալիքը փակվել է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հետաքրքիր է, եթե հանկարծ «Արմենիան» հունիսի 11-ին, երբ ազդարարվելու է այս մրցույթի հաղթողը՝ զրկվի կապուղուց, էլի կհայտարարի՞, թե «խոսքի ազատությունը վտանգված չէ», ինչպես վարվեց այն ժամանակ, երբ եթերազրկվեց «Ա1+»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել