«ԵՍ ՏԵՂԵՐ ԵՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» Կարծում է ՀԺԿ-ական Ռաֆայել Խաչատրյանը՝ մեղադրելով իր կուսակիցներին «ոսկե հորթին» տրվելու մեջ Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում նշանակված նոր ընտրությունների ժամանակ էլ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար շարունակելու է պայքարել նաեւ ՀԺԿ անդամ Ռաֆայել Խաչատրյանը, որը մեր զրույցի ժամանակ անվավեր համարված ընտրությունների մասին հետաքրքիր բացահայտումներ արեց: Այն երեւույթների մասին, որոնց մասին պատմեց Ռ.Խաչատրյանը, մեզ հայտնի էր այլ ընտրատարածքների օրինակներով: Խոսքը մեծամասնական ընտրություններում «Արդարություն» դաշինքի ու մասնավորապես ՀԺԿ-ի երկակի խաղերի մասին է: «Մեր ընտրատարածքում ես մրցակցում էի երկու փողատերերի՝ Վերսանդիկ Հակոբյանի եւ Հարություն Ղարագյոզյանի հետ, ովքեր իրենց քարոզարշավում շեշտը դրել էին ֆինանական ռեսուրսների օգտագործման վրա: Նրանց ձեռքում հայտնվեցին ընտրական բոլոր 24 հանձնաժողովներում ԱԺՄ-ի եւ ՍԻՄ-ի ունեցած տեղերը, որոնք իմ մրցակիցներին էին «տրամադրվել» այդ կուսակցությունների քաղաքական ղեկավարության կողմից: Չեմ ուզում խորանալ այլ՝ իրենցից կրիմինալ ներկայացնող խնդիրների մեջ»,- պատմեց Ռ.Խաչատրյանը: Ըստ նրա, «Արդարություն» դաշինքը համամասնական ընտրություններում այս ընտրատարածքում առաջին տեղում է եղել, եւ դա՝ իր վստահված անձանց շնորհիվ: «Բայց, պարզվում է, ես ԱԺ-ում տեղեր եմ ապահովել դավաճանների համար»,- հայտարարեց Ռ.Խաչատրյանը: Նրա ասելով, երբ ինքը առաջադրվել էր քաղաքացիական նախաձեռնությամբ, ՀԺԿ-ն հակված է եղել պաշտպանել մեկ այլ թեկնածուի, որ մեծամասնականով պետք է առաջադրվեր, բայց այդպես էլ չէր առաջադրվել: «Ես տեսա, որ «Արդարություն» դաշինքի Շենգավիթի կառույցի պատասխանատու, ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանը պարզապես Ստեփան Դեմիրճյանին ներկայացրել էր մի թեկնածու, որն ընտրություններին չէր մասնակցելու, բայց դա արել էր ՀԺԿ-ի կողմից իմ առաջադրումը թույլ չտալու համար: Հետագան ցույց տվեց, որ դա հենց այնպես չէր արվում: Իհարկե, ես թեկնածությունս առաջադրելու մասին նախապես պայմանավորվածություն ունեի ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Ամենամիամիտը ես դուրս եկա, որ մտա այս պայքարի մեջ, որտեղ դաշինքի կառույցի ղեկավարը Մկրտչյան Վարդանն էր: Ու չնայած, որ բոլորը տեղեկացված էին, որ ես դաշինքի կողմից պաշտպանվող թեկնածու եմ, բայց տեղական կառույցներն ինձ չպաշտպանեցին: Նրանք կանգնել էին իմ մրցակից թեկնածուի կողքին՝ ձեւ անելով, թե պայքարում են դաշինքի ձայների համար»,- պատմեց Ռ.Խաչատրյանը՝ հավելելով, թե այդ մարդիկ իրականում նույնիսկ Դաշինքի ձայները կեղծելու վերաբերյալ ոչ մի բողոք այդպես էլ չներկայացրին թիվ 12 ԸԸՀ-ին: «Ես ունեցել եմ իմ վստահված անձինք, ովքեր տեսնում էին, թե դաշինքի անդամ կուսակցությունների վստահված անձինք իրականում ում կողմից էին ղեկավարվում: Բոլոր հանձնաժողովները մեծամասնականում երկու մասի էին բաժանվել՝ պաշտպանելով մեկ կամ մյուս թեկնածուներին, բայց համամասնականի դեպքում նրանք բոլորը շատ համերաշխ էին դառնում ու պաշտպանում էին ՀՀԿ-ին: Ես հավաքել եմ մոտ 1000 ձայն, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Իրականում ես 7000 ձայն եմ ստացել, բայց դրանք դրվել են մյուս թեկնածուների քվեների վրա»,- հավաստիացնում էր Ռ.Խաչատրյանը, թեեւ այդ պնդման միակ փաստարկն այն էր, որ Վերսանդիկ Հակոբյանի տրցակում հայտնաբերվել էին «Կարամելի Հարութին» քվեարկած քվեաթերթիկներ: Այսօր Դաշինքը դիմել է ՍԴ՝ ներառյալ թիվ 12-ի համամասնական ընտրություններն անվավեր ճանաչելու համար: «Բայց այդ ընտրատարածքի վերաբերյալ միայն իմ վստահված անձանց ներկայացրած բողոքների հիման վրա են ընտրությունները բողոքարկվում, մինչդեռ դաշինքի տեղական կառույցն ընդհանրապես ոչինչ չի արել»,- ասաց Ռ.Խաչատրյանը: Նա այս հարցը «քաղաքական» որակեց. «Ես հարցն այդպես եմ ընկալում եւ հիմա եկել եմ այն եզրակացության, որ այն ուժերը, որոնք դաշինքի կազմում մտնելու են ԱԺ, չեն կարող խորհրդարանում դառնալ ժողովրդի ձայնի պաշտպանը»,- հայտարարեց թեկնածուն՝ մտավախություն հայտնելով, թե նրանք ամեն րոպե պատրաստ են ժողովրդի ձայնն էլ ծախել: «Եթե էդ մարդիկ իրենց մեծամասնականի տեղերը զիջել են պիոներ-հոկտեմբերիկի պես, ինչպես օրինակ՝ մեր շրջանում, թիվ 13-ում արեց Վարդան Մկրտչյանը՝ առաջադրման համար 50 ստորագրություն ուրիշ տարածքից հավաքելով»: Պատասխանելով մեր այն հարցին, թե այդ դեպքում ինքը շարունակելո՞ւ է մնալ ՀԺԿ անդամ, թեկնածուն ասաց. «Ես առաջիկայում լրջորեն կմտածեմ այդ մասին, բայց կուսակցականներն իրենք պետք է ապացուցեն՝ նվիրված են կուսակցական գաղափարների՞ն, թե՞ նայում են «ոսկե հորթի» ուղղությամբ»: Ռ.Խաչատրյանը շարունակելու է պայքարը թիվ 12-ում, բայց արդյո՞ք այս անգամ Դաշինքը կամ ՀԺԿ-ն նրան կպաշտպանեն: «Այդ աջակցությունը հիմա էլ չեմ զգում»,- հայտարարեց Ռաֆայել Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ