ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱԳԾՈ՞Վ «Առավոտ» թերթի 05.06.03թ. թիվ 107-ում տպագրված «Թափանցիկ աճուրդ» հոդվածի կապակցությամբ հայտնում եմ, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության եւ օտարման մրցութային ու աճուրդային հանձնաժողովի 2002թ. ապրիլի 30-ի նիստում արձանագրվել է «Ձորագյուղ» ազգագրական թաղամասին հարող տարածքի 254 քմ, 400 քմ եւ 1446 քմ առանձին հողակտորների աճուրդային վաճառք, ուր հաղթող է հանդիսացել քաղ. Անահիտ Խաչատրյանը՝ վճարելով սահմանված մեկնարկային գնից 10%-ով ավելի՝ համապատասխանաբար 533.3 հազար դրամ, 872.3 հազար դրամ եւ 3152.6 հազար դրամ։ Հոդվածում հիշատակված հողատարածքի տարածքագնահատման գոտու կադաստրային արժեքի 30%-ի չափով սահմանված մեկնարկային գնի վերաբերյալ կամ կադաստրային գնից 5 մլն դրամով էժան վաճառելու մասին տեղեկություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Նշված հողատարածքը գտնվում է տարածքագնահատման 2-րդ գոտում, որի կադաստրային արժեքը կազմում է 1 քմ-ի համար 1982 դրամ։ Աճուրդի դրված վերոհիշյալ հողակտորների մեկնարկային գները սահմանվել են, հաշվի առնելով նշված 1982 դրամ ցուցանիշը եւ ոչ թե կադաստրային արժեքի 30%-ը։ Չնայած, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետով պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքն աճուրդով կատարելիս աճուրդի մեկնարկային գինը կարող էր սահմանված լինել հողի կադաստրային արժեքի մինչեւ 30%-ը։ Հողամասը առանձնացվել եւ ներկայացվել է աճուրդի՝ ըստ խորհրդային տարիներին համաձայնեցված «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի մանրամասն հատակագծման նախագծի։ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն