ՇՈՒԿԱՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱՅԹԻՑ Զեյթունի շուկայի հարակից մայթն ամբողջությամբ ծանրաբեռնված է գյուղմթերք վաճառողներով ու գնորդներով։ Տպավորությունն այնպիսին է, թե շուկան սկսվում է անմիջապես փողոցից։ Անշուշտ, սա արտառոց երեւույթ չէ եւ հատուկ է բոլոր շուկաներին։ Այնուամենայնիվ, փորձեցինք շուկայի տնօրինությունից տեղեկանալ, թե ինչու են անանցանելի դարձրել մայթը, երբ շուկայի ներսն ու դուրսը գրեթե դատարկ է։ Պարզվեց, որ շուկայի նոր սեփականատերերը բոլորովին կապ չունեն մայթեզրին ծավալված առեւտրի հետ, եւ ընդհակառակը՝ «ուրախ կլինեինք, եթե այդտեղի վաճառողները գային մեր տարածք»։ Տնօրեն Բաբկեն Խուրշուդյանն ասաց. «Մենք բազմիցս առաջարկել ենք տեղավճարի կես չափով տեղ տրամադրել մեր տարածքում, բայց նրանք հրաժարվել են»։ Հրաժարականի պատճառը հայտնի է՝ «ոտքի տակ» ապրանքն ավելի արագ է վաճառվում, եւ ոչինչ, որ ավտոմեքենաների արտանետումներից «ծխահարվում» են ելակը, կանաչեղենն ու այլ բարիքներ։ Մեր այս դիտարկմանը վաճառողների պատասխանը նույնն էր՝ «թող չառնեն, քուր ջան, մե՞նք ենք ստիպում»։ Պետք է ասել, որ «մայթային» շուկան գործել է վաղուց։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի փոխթաղապետ Մառլեն Հովհաննիսյանի հավաստմամբ, «ժամանակին մենք ամեն ինչ արեցինք, որ մայթն ազատվի առեւտրից, բայց՝ անօգուտ, նույնիսկ ոստիկանները չկարողացան տեղաշարժ անել նրանց ու տանել շուկայի տարածք»։ Եվ թաղապետարանը ստիպված տեղադրել է բացօթյա փոքրիկ տաղավարներ՝ առեւտուրը գետնից բարձրացնելով վերեւ, ձեւակերպել համապատասխան որոշում, ըստ որի, վաճառքը կշարունակվի մինչեւ շուկայի վերանորոգման ավարտը։ Ի դեպ, Զեյթունի շուկայի նոր սեփականատերերը ծրագրում են շուկան դարձնել առեւտրի մեծ կենտրոն, բայց վերանորոգումը դեռ չեն սկսել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ