ՎԵՐՋԻՆ ՕՐԸ՝ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ Մեքսիկայի Հերմոսիլո քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական 29-րդ եւ աղջիկների 9-րդ առաջնությունը։ Երեկ Հայաստանի հավաքականն ավարտեց մասնակցությունն ուժերի փորձարկման այդ կարեւոր ստուգատեսին. մրցահարթակ մտավ մեր վերջին ներկայացուցիչը՝ գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս 85 կգ քաշայինների մրցապայքարում։ Առաջ անցնելով ասենք, որ Տիգրանն իր արդյունքով մեկ քայլ առաջ անցավ իր թիմակիցներ Արթուր Դանիելյանից եւ Գեւորգ Դավթյանից՝ արժանանալով այդ քաշային կարգում իր տարիքային խմբի երկրորդ մարզիկի կոչմանն աշխարհում։ «Պոկում» վարժությունում հիմնական պայքարը ծավալվեց Տիգրանի, ռուսաստանցի Ռոման Եկոտովի եւ թուրք Բայդար Ֆատիխի միջեւ։ Նրանցից առաջինը ծանրաձողին մոտեցավ Եկոտովը եւ «սանձեց» 152,5 կգ-ն։ Տիգրանը պատասխանեց 2,5 կգ ավելի քաշ պատվիրելով ու մոտեցումը հաջող ավարտեց, իսկ ահա Ֆատիխը կարողացավ բարձրացնել 157,5 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Եկոտովը եւ Ֆատիխը անցան համապատասխանաբար 157,5 եւ 160 կգ-ի սահմանը։ Ավաղ, 160 կիլոգրամն այս անգամ չենթարկվեց Մարտիրոսյանի կամքին։ Այս մրցաձեւի վերջին մոտեցումում հայ եւ ռուս ծանրորդները հաջող ավարտեցին մրցելույթները՝ ցույց տալով միեւնույն՝ 160 կգ արդյունքը։ Բայց Ֆատիխը կարողացավ գերազանցել նրանց՝ 162,5 կգ։ Եվ քանի որ Տիգրան Մարտիրոսյանն անձնական քաշով զգալիորեն թեթեւ էր Եկոտովից, նա «պոկումում» ճանաչվեց 2-րդը։ «Հրում» վարժությունում այս եռյակի պայքարին միացավ (ու անչափ հաջող) լեհ Կարոլ Գորչիչեւսկին։ Նա, ինչպես եւ Տիգրանը, սկսեց 190 կգ-ից, երկրորդ մոտեցումում տապալեց 197,5 կգ-ն եւ միայն երրորդում հաջողության հասավ։ Սակայն, ինչպես ցույց տվեցին մյուս ծանրորդների մրցելույթները, 197,5 կգ-ն դարձավ լավագույն արդյունքը։ Եկոտովը կատարեց երեք հաջող մոտեցում՝ 185, 192,5, 195 կգ ու երկրորդը դարձավ «հրում» վարժությունում։ Ինչ վերաբերում է հայ ծանրորդին, 190 կգ-ից հետո նա ձախողվեց 192,5 կգ-ում ու միայն վերջում այն ենթարկեց իր կամքին ու կրկին անձնական քաշով ճանաչվեց 3-րդը։ Երկամարտի 355 կիլոգրամով Ռոման Եկոտովը նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը։ Տիգրան Մարտիրոսյանը 352,5 (160+192,5) կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի, Բայդար Ֆատիխը, որը մոտ երեք կիլոգրամ ծանր էր Մարտիրոսյանից, բավարարվեց 3-րդ տեղով՝ 352,5 (162,5+190)։ Այսպիսով, Հայաստանի չորս ծանրորդներից երեքը տուն են վերադառնալու մեդալներ նվաճած՝ երկու «բրոնզ» եւ մեկ «արծաթ»։ Միայն Հռիփսիմե Խուրշուդյանը մնաց ձեռնունայն։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ