ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԴԵՄԻՆ-3 Հինգ տարի՝ երեք հեղաշրջում 1990 թ. օգոստոսյան Անկախության հռչակագրի, ապա 91-ին սեպտեմբերյան հանրաքվեից հետո, որոնք հիմք դարձան օրինական պետության հիմնադրման համար, 2003-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ոչ մի օրինական իշխանություն չմնաց։ Այդպիսի խայտառակ իրավիճակ նորանկախ պետության կարճատեւ պատմության ընթացքում դեռեւս չէր արձանագրվել։ Նույնիսկ 98-ի պետական հեղաշրջումից հետո, երբ նախագահ դարձավ Քոչարյանը, 99-ի խորհրդարանական ընտրություններով այն բավականաչափ օրինականացվեց եւ, ճիշտ է, ունեինք անօրինական նախագահ, բայց եւ ունեինք օրինական խորհրդարան, այն էլ էականորեն զիջեց իր օրինականությունը 99-ի հոկտեմբերի 27-ի արյունոտ իրադարձությամբ, որը թեեւ իշխանական ամենաբարձր մակարդակով «պետական հեղաշրջման փորձ» համարվեց, բայց բնավ էլ ձախողված փորձ չէր, այլ հաջող ավարտի հասցված իշխանության բացարձակ ուզուրպացիա։ Իսկ 2003-ի ԱԺ ընտրությունները եկան լրացնելու ու հաղթական ավարտի հանգեցնելու պետական հեղաշրջումների հնգամյա գործընթացների տրամաբանությունը։ Համաձայնեք՝ հինգ տարում երեք հեղաշրջում ունենալու փաստն այնքան էլ փոքր արդյունք չէ, եւ պետության բռնած ուղով ու ցուցանիշներով Հայաստանն արդեն կարող է մրցակցել Երրորդ աշխարհի ցանկացած երկրի հետ։ Կարծում եմ, սա եւս անդառնալի եւ անկասելի իրողություն է, ինչպես կոմունիստական ռենեսանսի անդառնալիության իրողությունը։ Ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ երեք հեղաշրջումներում էլ ժողովրդական զանգվածների մասնակցությունը զրոյական է։ Հակառակ տարածված կարծիքի, նշյալ հեղաշրջումներում նվազագույն է նաեւ կուսակցությունների, այսինքն՝ քաղաքական ուժերի դերակատարությունը, հատկանիշներ, որոնք գալիս են փաստելու, որ բոլորն էլ մանրամասն մշակված պետական հեղաշրջման բնույթ ունեն եւ արդյունք են ներպալատական խարդավանքների։ Բացի այդ, կարեւոր է նաեւ նշել, որ երեքից ոչ մեկը նպատակ չի ունեցել շոշափելու ժողովրդի կենսական շահերը եւ թելադրված չեն եղել այդ շահերով։ Արտաքուստ թվում է, թե 98-ի հեղաշրջումը փոքր-ինչ առիթ է տալիս մտածելու, թե խնդիրը կապված էր ժողովրդական շահեր արտահայտող ղարաբաղյան հակամարտության այլընտրանքային առաջարկի հետ, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա ընդամենը պատրվակ էր, ինչպես նշում են բազմաթիվ վերլուծաբաններ։ Խնդրի լուծումը ոչ միայն առաջընթաց չունեցավ, այլեւ հիմա հանգրվանել է մի փուլ, որից հետո հայաստանյան կողմի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է ձախողման՝ կապված նախագահական եւ խորհրդարանական ամոթալի ընտրությունների հետ։ Եվ այսուհետեւ ղարաբաղյան հակամարտության խնդիրը նույնպիսի մի շանտաժ է հայ ժողովրդի դեմ, ինչպես միջուկային զենքը մարդկության դեմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կրկնեմ՝ հիմա այդ խնդրի լուծումը նույնքան կախում ունի Քոչարյանից, որքան մեզանից յուրաքանչյուրից, այսինքն՝ բացարձակապես կախված չէ։ Ավելին, եթե 98-ի հեղաշրջման համար իշխանազավթությունը ներքին պատրվակ էր, այժմ այն դառնալու է պատրվակ արտաքին ուժերի ձեռքին, որ ուզած ժամանակ կարող է գործադրվել Հայաստանում իշխանափոխություն կատարելու նպատակով՝ եւ սա է դրա շանտաժ լինելու էությունը։ Եվ այս պարագայում բնավ պարտադիր չէ, որ հակամարտության լուծման այլընտրանք առաջարկվի, այլ մնալու ենք միակ ընտրության հույսին, մանավանդ որ, բոլոր առաջարկներն էլ բավականաչափ փորձաշրջան անցան՝ առանց էական տեղաշարժերի։ Ինչեւէ. ընտրություններից դեռեւս մեկ շաբաթ առաջ հրապարակած «Սպիտակ վարդեր մայիսի 25-ի համար» հոդվածում կանխատեսել էի, որ «հանրապետականների մեծամասնություն կազմելու եւ արտաքին հնարավոր ճնշումների դեպքում «վերեւից» պատրաստվում է իշխանափոխություն կատարելու սցենարը»։ Նախորդ՝ «Ուրվականներն անհետանում են լուսադեմին-2» հոդվածում այդ միտքը փաստարկվեց արդեն ԱԺ ընտրությունների արդյունքներով, հատկապես շեշտելով այն հանգամանքը, որ ոչ միայն հանրապետականները, այլեւ պաշտպանության նախարարի հովանավորած մյուս կուսակցությունները՝ «Օրինաց երկիրը», «Ազգային միաբանությունն» ու ՄԱԿ-ը ջախջախիչ հաղթանակ տարան՝ հակառակ այն ուժերի, որոնց կնքահայրը Քոչարյանն էր։ Իրատես վերլուծաբանների այն պնդումը, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, որ բացառվում է իրական որեւէ հակասություն Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի միջեւ, որ դա կարող է լինել երկուսի կործանումը միաժամանակ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ հակասությունը երեւում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ակամա պարտադրելով այդ հակասությունը, թեկուզ ԱԺ նախագահի ընտրության հարցում։ Իրազեկ աղբյուրների վկայությամբ, թե իբր Արթուր Բաղդասարյանն իր բնույթին հարիր գործելակերպով արդեն փոխել է ճամբարը՝ հայտնվելով Քոչարյանի հովանու տակ, եւս մի փաստարկ է, որ չերեւացող եւ չհիմնավորվող հակասությունը երկու տիտանների միջեւ ավելի քան բավարար է։ Այնպես որ, իսկապես, ինչպես օրերս տված մի հարցազրույցում դիպուկ բանաձեւեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ Սերժն իշխանությունը խլեց Քոչարյանից, ինչը այլ բան չի կարելի համարել, քան հեղաշրջման դասական օրինակ, երբ առանց արյունահեղության փոխվում է իշխանական աստիճանակարգությունը, այսինքն՝ այժմ թիվ մեկ իշխանավորը ոչ թե Քոչարյանն է, այլ Սերժ Սարգսյանը։ Եվ անկախ՝ քաղաքական հետագա զարգացումներից, պետք է արձանագրել, որ հեղաշրջումն արդեն իրողություն է։ Մնում է մի քանի քայլ եւս կատարել՝ ԱԺ նախագահի ընտրություն եւ վարչապետի հաստատում, պաշտոններ+ՊՆ, որոնք, ըստ մեծամասնություն կազմողի տրամաբանության, հանրապետականները չեն պատրաստվում որեւէ այլ ուժի զիջել, որքան էլ ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը կարծի, թե պաշտպանության նախարարությունը դեռեւս սեփականաշնորհված չէ։ Իհարկե, ամենադժվար խնդիրը ԱԺ նախագահի ընտրությունն է. եթե այն ստանձնի Սերժ Սարգսյանը, ինչպես կարծում են վերլուծաբանները, թեթեւ սակարկություն կլինի պաշտպանության նախարարի հարցում, որը դարձյալ լուծելի է։ Այս համատեքստում հեղաշրջման համար պակասում է հարավկովկասյան հանրապետություններին բնորոշ «ուժեղ վարչապետ» չունենալու իրողությունը, բայց ողջ խնդիրն այն է, որ, ճիշտ է, Անդրանիկ Մարգարյանը խարիզմատիկ չէ, ինչպես 97-ին Քոչարյանը կամ 99-ին Վազգեն Սարգսյանը, բայց ունի առաջինի «խորագիտությունը» եւ չունի երկրորդի միամտությունը, այնպես որ՝ յոլա կտանի։ Ինչ վերաբերում է ընդդիմության հետագա քայլերին՝ ուղղված հեղաշրջման կանխարգելելուն, այս պահին ոչ մի քայլ չեմ տեսնում, որովհետեւ ինչ պետք է անի ընդդիմությունը նման իրավիճակներում, երբ կոչված է երկրում օրինականություն հաստատել, իսկ երկիրը չունի օրինական նախագահ, որին պարտավոր էր պաշտպանել։ Այս հարցին կանդրադառնանք մյուս անգամ։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ