ՀՀԿ-ն Նժդեհին չէր սատարի Եթե վերջինս մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրեր Իր այս համոզմունքը երեկ լրագրողներին հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն Գարեգին Նժդեհի փոխարեն կսատարեր մի մականունավորի կամ օլիգարխի: Ընդհանրապես Ա. Հարությունյանը կասկածում է, որ ՀՀԿ-ն իրականում անգամ 5 տոկոսի սահմանն է հատել: «Բանը հասավ նրան, որ Սահրադյանը եթե նախագահական ընտրությունների ժամանակ նկարում էր ակադեմիական ոճով, ապա այս անգամ դա չբավարարեց, եւ նա անցավ Պիկասոյի ոճին, այսինքն՝ ոտքի տեղ ձեռք, ձեռքի տեղ՝ ոտք»: Օրինակ, «Ազգային համաձայնության» հավաքած ձայների նախնական թիվը եղել է մոտ 8000, հետո այդ թիվը 2000-ով պակասել է: Կուսակցությունը փորձել է ճշտել, եւ նրանց հայտնել են, թե իբր ֆաքսերում ստորակետների սխալ է եղել (՞): «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ գործում է քաղաքական դարվինիզմը, այսինքն՝ առաջ են գնում հարմարվողները, տեսակը (եթե դա տեսակ է) պահպանում են հարմարվողները: Ողբերգական է, որ կուսակցությունների մեծ մասն այդ ամենին ներկա կամ մասնակից լինելով՝ ասում է, որ կարելի է շարունակել: Քամյուն ասել է՝ անարդարության հետ կամ համագործակցում ես, կամ պայքարում ես դրա դեմ: Իսկ այսօր մենք ունենք այդ հենքի վրա ձեւավորված ոչ լեգիտիմ ազգային ժողով»,-ասում է Ա. Հարությունյանը: Այս կուսակցությունը թեպետ որոշել է «իրավաբանի հետ կոնսուլտացիայից հետո» ակտիվ մասնակցել այն բոլոր բողոքարկումների գործընթացներին, որ կկազմակերպեն ընտրությունների արդյունքները կասկածի տակ առնողները, սակայն հենց այնպես ակցիա չի անի, որ հետո էլ պարզվի, թե բերված փաստերը հիմք չունեն: Իրականում, ըստ Ա. Հարությունյանի, ոչ ոք էլ չգիտի, թե ով որքան ձայն է հավաքել, եւ այդ առնչությամբ ոչ մի իրավական հիմք ոչ ոք չունի, ինչպեսեւ՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ: Օրինակ՝ «պարզ չէ՝ Քոչարյանը իրավական կողմով լեգիտիմ է, թե ոչ, ինչպես ես չգիտեմ՝ իրականում որքան ձայն եմ հավաքել: Իսկ քաղաքական կողմով Քոչարյանը լեգիտիմ չէ: Ես Վանաձորում տեղամաս գիտեմ, որտեղ ստացել եմ 200 ձայն, իսկ Քոչարյանը ստացել է 150 ձայն, սակայն 1000 ձայն գցել են, եւ հետո պարզվել է, որ ես այդ տեղամասում ստացել եմ 3 ձայն: Կամ՝ այն տեղամասում, որտեղ եղբայրս է քվեարկել, իմ ձայների թիվը 0 էր: Ես ինչ անեմ, վստահված անձ չեմ ունեցել. 1800 մարդ պահելը հեշտ չէ»: Այսուամենայնիվ, «Ազգային համաձայնությունը», ճիշտ, թե սխալ՝ այս ընտրություններում հավաքել է 6078 ձայն, եւ դրանք այն ձայներն են, որոնց համար ընտրակաշառք չի բաժանվել, սուտ խոստումներ չի տրվել: Իսկ ընտրակաշառք բաժանող կուսակցությունները (որոնցից, օրինակ, նշվեց «Օրինաց երկրի» անունը) «արեւի տակ, օրը ցերեկով ընտրակաշառք տալով, փաստորեն, մարդկանց ասում են՝ դուք այս երկրի հետ հույս մի կապեք»: Ընդհանրապես, ըստ Ա. Հարությունյանի, այս վերջին ընտրություններից հետո մենք ունեցանք հետեւյալ ձեռքբերումները՝ անհանդուրժողականության մթնոլորտի էլ ավելի խորացում, խորհրդարանում՝ օլիգարխների մի մեծ խումբ, ապաքաղաքական դաշինքներ, ընդդդիմություն, որ փոխանակ նպաստի երկրի զարգացմանը, անձնավորված պայքար է մղում իշխանությունների դեմ: Ի դեպ, «Ազգային համաձայնությունը» առաջիկայում խորհրդարանից դուրս կհամագործակցի որոշ կուսակցությունների հետ: Ըստ Ա. Հարությունյանի, «համաձայնությունները պադվալներում չպիտի կայանան, ցանկացած հանդիպում պիտի լինի արեւի տակ, ժողովուրդը պետք է իմանա՝ ով ինչի համար եւ ում հետ է գնում: Ցանկացած ուժի հետ կարելի է խոսել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ