ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ Ադրբեջանում շուտով մեկնարկում է նախագահական քարոզարշավը Մի քանի ամիս առաջ ՀՀ խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, դժգոհելով ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ տված նախնական գնահատականներից, շրջանառության մեջ դրեց «հայկական մենթալիտետ» արտահայտությունը։ Գուցեեւ ճիշտ է, որ ամեն հայկական բան թանկ է մեզ համար։ Սակայն հիշյալ պաշտոնատարը, մինչեւ վերջ անկեղծ լինելու պարագայում, հանգիստ կարող էր իր հեղինակած այդ արտահայտությունը փոխարինել «հայկական եւ ադրբեջանական մենթալիտետ» արտահայտությամբ։ Չի բացառվում, որ շատերի ականջին այն առանձնապես հաճո չի թվա, սակայն Ադրբեջանի ներքաղաքական իրողությունները գալիս են փաստելու, որ գոնե իշխանական վարքուբարքի առումով, այդ մենթալիտետները ճշտորեն համընկնում են։ Երկու շաբաթից Ադրբեջանում մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, եւ այն գործընթացները, որոնք արդեն իսկ սկզբնավորվել են հարեւան հանրապետությունում, «հաճելի» հուշեր են արթնացնում մեր ոչ վաղ անցյալի մասին։ Բաքվում եւ Ադրբեջանի մի շարք այլ քաղաքներում ամենատարբեր քրեական բնույթի մեղադրանքներով ձերբակալվում են ընդդիմադիր համարում ունեցող կուսակցական գործիչները։ Ադրբեջանի վճռաբեկ դատարանն ուղղակի հեղեղված է այդ գործիչների նկատմամբ կայացված դատավճիռները վերանայելու հայցադիմումներով։ Անչափ ծանոթ է նաեւ ընդդիմադիր ելույթների պատկերը։ Ադրբեջանի պետական իշխանությունը խորհրդանշող զանազան շենքերի առջեւ պարբերաբար տեղի են ունենում ընդդիմության այս կամ այն թեւի նախաձեռնած հավաքները։ Երբեմն տեղի են ունենում նաեւ միասնական հավաքներ, որոնցում հնչում են ցավեցնելու աստիճան ծանոթ կարգախոսներ։ Օրինակ՝ «մեր գերխնդիրը Ադրբեջանի իշխանական հանցավոր ռեժիմից ազատվելն է», կամ՝ «երկիրը դարձնենք ժողովրդավարական» եւ այլն։ Հայ-ադրբեջանական միասնական մենթալիտետի փայլուն օրինակ են նաեւ «Ընտրական օրենսգրքի» մի շարք կարեւոր դրույթների հետ կապված աղմկոտ քննարկումները։ Պարզվում է, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես քաղաքական ինչ-ինչ նորաձեւությունների տուրք տալով՝ օրենսդրական նախագծերի փաթեթներ են ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ համապատասխան եզրակացության ակնկալիքով։ Սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, այնտեղ եւս այդ եզրակացություններում արված դիտողությունները կամ աղավաղվում են, կամ պարզապես հաշվի չեն առնվում։ Օրերս Ադրբեջանի խորհրդարանում մի քանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Ընտրական օրենսգրքի» այն հատվածը, որով կարգավորվում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը։ Տեղական դիտորդները նշում են, թե բարեփոխումների առաջարկվող փաթեթում անճանաչելիորեն ձեւախեղվել են Վենետիկի հանձնաժողովի առաջադրած պահանջները։ Հայկական մենթալիտետ կրող որեւէ մեկը թերեւս արդեն կռահեց, որ «բարեփոխված» տարբերակում ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր կուսակցությունների ներկայությունը հասցված է նվազագույնի։ Բնականաբար, ընտրությունների ճակատագիրը կանխորոշող այս մարմիններում կտրուկ ուժեղացվել է իշխանական կառույցների ներկայացուցչական ազդեցությունը։ Ծանոթ զգացողություններ են արթնացնում նաեւ իշխանական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող զանազան վարկանիշային տվյալները, հետապնդումներն անկախ լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ, մի խոսքով՝ նախընտրական շրջանին բնորոշ գրեթե բոլոր տարրերը։ Եվ մի նմանություն եւս. ինչպես Հայաստանում, Ադրբեջանում նույնպես անդառնալիորեն մարել են տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ դառնալու հույսերը։ Մենթալիտետի հարց է։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ