Սոցապը, միստիկան եւ Նեռը «Ես ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ։ Հարգում եմ ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներին, այլեւ բոլոր հավատացյալներին»,- երեկվա ասուլիսում պարզաբանեց ՀՀ դեռեւս սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը։ Եւ խոստացավ շարունակել խորացնել իր գիտելիքները աստվածաբանության մեջ։ Հանրապետությունում անհատական ծածկագրերի (ԱԾ) համակարգի ներդրման հետ կապված շատ հավատացյալներ մտահոգություն ունեն։ Մասնավորապես, որ մարդկանց համարակալումը հակասում է Աստվածաշնչին, որ ԱԾ-ի ծրագրի շատ խորհրդանիշեր (նախարարության նոր լոգոն, տեղեկատվական կենտրոնի «Նեմրութ» անունը, ԱԾ-ում ծածկագրված Գազանի թիվը) հակաքրիստոնեական են եւ այլն։ Ռ. Մարտիրոսյանը հայտնեց, որ այդ հարցերը քննարկվել են աստվածաբանների հետ, իսկ Հայ Առաքելական եկեղեցու այրերին խնդրել են ծանոթանալ նյութերին եւ իրենց վերաբերմունքն արտահայտել ծրագրի նկատմամբ։ Նախարարն ասաց, որ համակարգի դեռեւս մշակման փուլում իրենք ակնկալում էին որոշակի դիմադրություն, սակայն ամենեւին՝ ոչ այս տեսանկյունից։ Պրն Մարտիրոսյանի հավաստմամբ, ԱԾ-ի ներդրմամբ խնայողություններ կլինեն կենսաթոշակների (20-25%-ի կամ 4-6 մլրդ դրամի), ընտանեկան նպաստի (1 մլրդ դրամի) համակարգերում, կկրճատվի թաքնված զբաղվածությունը, ստվերային տնտեսությունը, հարկերից խուսափելը։ Ծրագրի պատասխանատուները հենց այստեղից էլ սպասում էին դիմադրության։ «Որպես եկեղեցին հարգող անձ, այնպես ենք անելու, որ ոչ մի հավատացյալ իրեն ճնշված չզգա»,- ասաց նախարարը եւ ավելացրեց, որ թեեւ դա հավատացյալներին չի վերաբերում, սակայն, իր կարծիքով, կա խնդրի շահարկում եւ չիմացություն։ Նախարարը թվեց այն քրիստոնեական երկրները, որտեղ համակարգը ներդրվել է՝ Իռլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, նաեւ մահմեդական Ղրղըզստանը։ Այս երկրներում էլ, Ռ. Մարտիրոսյանի բնորոշմամբ, խնդիրը փորձել են «միստիկ ոլորտ տեղափոխել», սակայն այդ միտումն, ի վերջո, հաղթահարվեց։ Նախարարը փորձեց փարատել կասկածներն այն մասին, որ ԱԾ-ն փոխարինելու է անձի անվանը. «Չի փոխարինելու որեւէ մեկի անուն-ազգանվանը, հայրանվանը՝ առավել եւս»։ Հիշեցնենք, որ ԱԾ-ն հիմնված է կամավորության սկզբունքի վրա, սակայն այն չունեցողները ապագայում զերծ կմնան պետության հետ գործառնությունների հնարավորությունից՝ թոշակ, նպաստ ստանալ, հարկեր վճարել եւ այլն։ Ռուսաստանի աշխատանքի եւ զբաղվածության նախարարը Ռ. Մարտիրոսյանին հայտնել է, որ իրենք արդեն անցում են կատարել կենսաթոշակների ձեւավորման կուտակային սկզբունքին։ Դրան ենթակա են նաեւ այնտեղ աշխատող հայաստանցիները, որոնք հայրենիք գալով, չեն կորցնի թոշակի համար կատարած իրենց վճարումները։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանն էլ անցնի նույն համակարգին, որն առանց ԱԾ-ի անհնար է։ Հավատացյալների մյուս մտավախությունը, թե անհատական տվյալի «այլ կերպ ամրագրված լինելը նյութական կրիչի վրա», ինչպես նշված է «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում, կարող է նշանակել մարդու օրգանիզմ ներարկված չիպը, նախարարը չի կիսում։ Դա համարում է ֆանտաստիկ ֆիլմերի ազդեցություն. «Այս առումով միանշանակ է, որ մենք առայժմ չենք հասել այդ մակարդակին, որ կարողանանք չիպեր օգտագործել»։ «Նյութական կրիչը», ըստ համակարգի պատասխանատուների, կարող է լինել փափուկ կամ կոշտ դիսկետը, տեսաերիզը, մի խոսքով՝ «անձի նույնականացման տարբեր ձեւեր», միայն թե ոչ չիպը։ Նախարարը բացառեց, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ բացասական լինի։ Վերոնշյալ բոլոր խնդիրները քննարկելու պատրաստակամություն նախարարը հայտնեց ոչ միայն լրագրողների, այլեւ հոգեւորականների, հավատացյալների եւ, առհասարակ, հասարակության հետ։ Պայմանով, որ բոլորը ծանոթ լինեն ԱԾ-ին վերաբերող օրենսդրությանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ.Գ. Ի դեպ, առաջին ԱԾ-ները (Կոտայքի մարզում ծրագրի փորձնական գործարկումը չհաշված) երեկ ստացան Ռ. Մարտիրոսյանը եւ նախարարության աշխատակազմի 90 անդամներ։