Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾԵԼ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ

Հունիս 07,2003 00:00

ՇՈՒԿԱՆ ՉԻ ԳՈՐԾԵԼ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ ՀՀ կառավարությունը վաճառել է «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ում ունեցած իր 57,66 տոկոս (պետական) բաժնեմասը։ Մեր նախնական ուսումնասիրություններով, գործընթացն ուղեկցվել է խախտումներով։ Նախ մի շարք հարցեր է հարուցում այդ բաժնեմասը մասնավորեցնելու մասին կառավարության 2003թ. մարտի 13-ի որոշումը։ Որոշումից տեղեկանում ենք, որ «Հայէլեկտրամեքենայի»՝ կառավարությանը պատկանող 57,66% բաժնեմասը գնահատված է շուրջ 5 միլիարդ դրամ։ Մասնագետների գնահատմամբ, այս թիվը չի արտահայտում գործարանի իրական (ոչ էլ շուկայական) արժեքը եւ պիտի ավելի բարձր լիներ, որովհետեւ բարձրարժեք հաստոցներից ու մնացած գույքից զատ, գործարանը մի շարք շահավետ պատվերներ ունի։ Իսկ բաժնետոմսերի որպես ուղղակի վաճառքի գին կառավարությունը սահմանել է 50 միլիոն դրամ՝ շուրջ 100 անգամ էժան։ Մեր տեղեկություններով, սրա պաշտոնական բացատրությունը, որ տրվել է կոլեկտիվի անդամներին, հետեւյալն է. ցածր գին է սահմանվել, որպեսզի պոտենցիալ բաժնետերերի, այսինքն աշխատակիցների համար մատչելի լինի։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել ԲԲԸ խորհրդի նիստում եւ դրան նախորդած շրջանում, հիմք է տալիս ենթադրելու, որ դա արվել է ոչ թե կոլեկտիվի անդամների, այլ կոնկրետ մարդու համար։ Կամ էլ այդ կոնկրետ մարդը չարաշահել է իր դիրքը։ Այս գործարքի արդյունքում բաժնետոմսերի մի ծանրակշիռ մաս դարձել է գործարանի գլխավոր տնօրեն Սերյոժա Մաթեւոսյանի սեփականությունը։ Մինչ ԲԲԸ աշխատավորական կոլեկտիվի անդամների մայիսի 3-ին ժողովին մասնակցելը գործարանի աշխատակիցները կազմակերպված ձեւով մի փաստաթուղթ են ստորագրել, որով նախ հայտնում են, որ «համաձայն եմ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձեւով գնվեն աշխատավորական կոլեկտիվի կողմից»՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված գնով։ Խնդիրն այն է, որ երբ այդ գինը բաժանում ես կոլեկտիվի անդամների 1853 թվի վրա, ամեն մեկին բաժին է ընկնում մոտավորապես 27000 դրամ, որն արժե վճարել նման ընկերությունում բաժնեմաս ունենալու համար։ Սակայն անսպասելի է հիշյալ փաստաթղթի երկրորդ մասը, որով վերջիններս միաբերան հրաժարվում են իրենց բաժնետոմսերի մի մասից. «Սակայն ելնելով իմ եւ ինձ լիազորած անձանց ֆինանսական վիճակից, հրաժարվում ենք ՀՀ կառավարության 06.05.98թ. 277 որոշմամբ հաստատված կարգի 39 կետի համաձայն մեզ հասանելիք բաժնեմասերից, յուրաքանչյուրս ցանկանալով մասնակի ձեռք բերել N բաժնետոմս, մնացած մասը թողնելով աշխատավորական կոլեկտիվի անդամ» այսինչ այսինչյանին։ Այսինչ այսինչյանը ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերյոժա Մաթեւոսյանն է։ Գործարանի տասնյակ աշխատակիցներ հաստատեցին այս տեղեկատվությունը, սակայն խնդրելով, որ որեւէ անուն չհրապարակվի, որովհետեւ կկորցնեն իրենց աշխատանքը։ Նրանցից մի քանիսն այնքան էլ գլուխ չէին դրել բաժնետոմսերի այս առուվաճառքի գործընթացին եւ իրենց համար գլխավորը գործարանի աշխատելն էր ու իրենց աշխատավարձը։ Մյուսները, սակայն, դժգոհում էին, որ հնարավորություն չեն ունեցել ոչ միայն իրենց հասանելիք ողջ բաժնետոմսերը գնել, այլ նաեւ մյուսներինը, որովհետեւ բոլորը չէ, որ 27000 դրամ չունեն։ Նրանց մի մասը պատրաստ է եղել մի քանի բաժնետոմսեր ավելի գնել։ Սակայն շուկան տվյալ դեպքում չի գործել եւ մարդիկ զրկված են եղել այդ հնարավորությունից։ Ուստի, տնօրենն էլ, աշխատակիցների պատմելով, վճարել է բոլորի 27000-ական դրամը, պայմանավորվածության համաձայն, յուրաքանչյուրին տալով 10000 դրամի դիմաց բաժնետոմս, մնացած 17000 դրամի համար նախատեսվածը վերցնելով իրեն։ Աշխատակիցների ներկայացմամբ, ոչինչ բռնի չի եղել՝ մի մասին համոզել են, մի մասին աշխատատեղը կորցնելու հեռանկարն են մատնացույց արել, մի մասն ուղղակի ուրախ է եղել, որ փաստաթղթային ձեւակերպումների գլխացավանքից ազատվում է, իսկ մյուսներն, իրոք, գումար չեն ունեցել։ Ինչի պատճառներն ամենեւին էլ օբյեկտիվ չեն։ Բանն այն է, որ աշխատակիցների պատմելով, ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Սա հաստատում է նաեւ կառավարության որոշումը, համաձայն որի, միլիոնավոր դրամի է հասնում աշխատավարձի գծով պարտքը։ ԲԲԸ գլխավոր տնօրենն անարձագանք թողեց այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու «Առավոտի» խնդրանքը։ Որպես գործարքի ավարտ, կառավարության որոշմամբ նշվում է հունիսի 13-ը։ Սակայն մինչ այդ, կարծում ենք, անհրաժեշտ է, որ ներդրողների (տվյալ դեպքում՝ կոլեկտիվի անդամների) շահերից ելնելով ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը քննության առնի սույն գործարքը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել