ԴԱՇԻՆՔԻ ՈՒՂԵՐՁԸ «Արդարություն» դաշինքը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին, որում մասնավորապես ասվում է: «Արդարություն» դաշինքը՝ – վերահաստատում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին իր հայտարարությունները. – շնորհակալություն է հայտնում բոլոր ազնիվ մարդկանց՝ ծայրահեղ բարդ պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու, անօրինականություններին եւ բռնություններին դիմագրավելուն ուղղված ջանքերի համար. – հայտնում է իր վճռականությունը ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում. – հետամուտ է լինելու Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու, երկրում կարգուկանոն հաստատելու, Դաշինքի ծրագրային դրույթներն իրագործելու խնդիրներին։ Միեւնույն ժամանակ Դաշինքն ԱԺ-ում շարունակելու է պայքարել ազգային արժեքների ու հարստության թալանի ու փոշիացման, քաղաքացիների աղքատացման ու իրավազրկության դեմ, հանդես է գալու երկրի առջեւ ծառացած օրախնդիր հարցերը լուծելու նախաձեռնություններով։ Հայ ժողովուրդն ի վիճակի է սեղմ ժամկետներում աշխարհի առջեւ Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարության, օրինականության, տնտեսական զարգացման եւ սոցիալական բարեկեցության երկիր։ Կոչ ենք անում երկրի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց, առողջ հասարակական-քաղաքական ուժերին՝ համախմբվել «Արդարություն» դաշինքի շուրջ եւ, օգտագործելով քաղաքական պայքարի ողջ զինանոցը, քայլ առ քայլ հաղթահարել մեր արդար պայքարի առջեւ ծառացած բոլոր խոչընդոտները»։