ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊՈՂԸ ՄԱԱ-ի հյուրը՝ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, երեկ ամբողջ հանդիպման ընթացքում խուսափեց խոսել անուններից եւ անձերից։ Նա գերադասեց խոսել սկզբունքներից, սակայն այդպես էլ չմանրամասնեց, թե հատկապես ո՞ր եւ ո՞ւմ սկզբունքները նկատի ունի։ Իսկ լրագրողներին, հասկանալի է, ավելի շատ անուններն էին հետաքրքրում, մասնավորապես մի քանիսը դրանցից։ Օրինակ, մենք ուզում էինք իմանալ, թե որքանով են հավաստի շրջանառվող լուրերը, թե ԱԺ ապագա նախագահի թեկնածուներ են դիտվում «ՕԵ» նախագահ Արթուր Բաղդասարյանը, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ անձամբ Տիգրան Թորոսյանը։ Պատասխանը նույնն էր՝ անուններ տալը ճիշտ չէ, կարեւորը սկզբունքներն են։ Տիգրան Թորոսյանը հայտարարեց. «անունների չեմ ուզում անդրադառնալ, առավել եւս, նման անհեթեթ մթնոլորտում։ Ե՛վ հարգանք ունենալով անունների նկատմամբ, ե՛ւ նաեւ ջուր չլցնելով նրանց ջրաղացին, ովքեր երկրի կյանքում կարեւոր իրադարձությունները վերածում են ինչ-որ անձնական հարաբերությունների, ինչ-որ խմբակային խնդիրների լուծման»։ Տիգրան Թորոսյանը հերքեց նախորդ օրն «Իրավունքում» եւ «Առավոտում» հրապարակված երկու տարբեր լուրեր։ Նա հավաստեց, որ ՀՀԿ-ում որեւէ քննարկում չի եղել եւ չի հայտարարվել, թե Արտաշես Թումանյանի թեկնածությունն ավելի նախընտրելի է, քան Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը. «նման քննարկում չի եղել ՀՀԿ-ում, անկախ մեր վերաբերմունքից ե՛ւ պրն Թումանյանի, ե՛ւ պրն Բաղդասարյանի հանդեպ («Առավոտը» որեւէ քննարկման եւ պաշտոնական հայտարարության մասին չէր գրել- Մ. Ե.)։ Եվ երկրորդ հրապարակումը՝ «Իրավունք» թերթում հրապարակում կար, որ իբր լուրջ բանավեճեր են ծավալվել, եւ իբր ես պայքարում եմ, որ Հովիկ Աբրահամյանը չմնա նախարարի պաշտոնում։ Այս ամենն, իսկապես, ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ չափազանց տխուր։ Նաեւ այդ անունների շրջանառումը։ Իհարկե, հասկանալի է ե՛ւ հասարակության, ե՛ւ լրագրողների հետաքրքրասիրությունն այդ ամենի նկատմամբ, բայց տխուր է, որովհետեւ սա հասկանալի կլիներ, եթե սրա կողքին իսկապես լուրջ խնդիրները եւ սկզբունքները ձեւակերպվեին»։ Պրն Թորոսյանն ասաց, որ մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. «դժվար թե որեւէ մեկը լինի, որը կմտածի, թե ինչ-որ անուններ շրջանառության մեջ դնելու ճանապարհով ենք մենք այդ մարտահրավերներին դիմակայելու»։ Մ. ԵՍԱՅԱՆ