Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամյանը դուրս եկավ խաղից

Հունիս 07,2003 00:00

Գեղամյանը դուրս եկավ խաղից ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուները, այդ թվում՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, դեռեւս նախագահական ընտրությունների նախապատրաստման փուլում դիմել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վիճարկելով ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից Ռոբերտ Քոչարյանին տված տեղեկանքների օրինականությունը: Հիշեցնենք, որ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանին տրված ՀՀ 10 տարվա քաղաքացիություն ունենալու եւ ՀՀ-ում վերջին տասը տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքների մասին, որոնք հիմք էին հանդիսացել նրան՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու ԿԸՀ-ում գրանցելու համար: Ընդդիմադիրների դիմումն արդեն մի քանի ամիս քննարկվում էր 1-ին ատյանի, ապա նաեւ Վերաքննիչ դատարաններում՝ դեռեւս նախագահական ընտրությունների ընթացքում: Այն իր վերջնակետին հասավ երեկ, երբ Վճռաբեկ դատարանն ուժի մեջ թողեց Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը՝ ընդդիմության դիմումները մերժելու վերաբերյալ: Այս գործով հայաստանյան բոլոր ատյանների դատարաններում՝ որպես Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, հանդես էր գալիս Աղասի Արշակյանը: «Վերջին ժամանակաշրջանում, սակայն, իր զբաղվածության պատճառով, Ա. Արշակյանը օրենքով սահմանված կարգով իր լիազորությունները փոխանցեց ինձ»,- մեր զրույցի ժամանակ պարզաբանեց իրավաբան Նորայր Եղիազարյանը, որն արդեն հասցրել էր հանդես գալ Վերաքննիչ դատարանում: Սակայն երեկ վաղ առավոտյան, Ն.Եղիազարյանի ասելով, նրան զանգել էր Աղասի Արշակյանն ու հասկացրել, որ Ա.Գեղամյանը «խաղից դուրս է գալիս», ուստի՝ Նորայր Եղիազարյանի ծառայությունները, որպես լիազոր ներկայացուցիչ, այլեւս պետք չեն: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Ա.Արշակյանն, իհարկե, փորձել էր բացատրել Ա.Գեղամյանի այդ քայլը՝ պատճառաբանելով, որ Ա.Գեղամյանը դժգոհ է ընդդիմադիր դաշինքում, հատկապես «Հանրապետություն» կուսակցությունում, իր նկատմամբ եղած բացասական վերաբերմունքից եւ չի ուզում այդ ուժերի հետ միասին մասնակցել դատական պրոցեսին: «Տպավորություն ունեմ, որ Ա.Գեղամյանն այս դեպքում որոշակի շահագրգռվածություն ունի: Ենթադրում եմ, որ, գուցե, իշխանությունների հետ համաձայնություն է ձեռքբերվել: Հավանաբար, Ա.Գեղամյանին պաշտոն են առաջարկել»,- նշեց պրն Եղիազարյանը: Ի պատասխան մեր այն հարցին, թե ինքը պատահաբար չգիտի՞, թե ինչ պաշտոն է առաջարկվել Ա.Գեղամյանին, Ն.Եղիազարյանը մոտավորապես ցիտեց Ա.Արշակյանին. «Որոշակի բան չկա, բայց նա կհամաձայնի միայն մեկ պաշտոնի. եթե առաջարկեն՝ ԱԺ նախագահ: Երեւի թե կհամաձայնի»: Բոլոր դեպքերում, Ա.Գեղամյանի երբեւէ լիազոր ներկայացուցիչը երեկ վստահեցրեց, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա քաղաքացիություն ունենալ-չունենալուն վերաբերող չարչրկված հարցադրումը հայաստանյան դատական ատյաններում վիճարկելու բոլոր հնարավորությունները սպառված են: «Հիմա ճանապարհը միայն Եվրոպան է, եւ մենք անպայմանորեն դիմելու ենք Եվրոպական դատարան»,- ամփոփեց իրավաբանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել