Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն մերժի՝ կդիմենք Եվրոդատարան»

Հունիս 07,2003 00:00

«Եթե ՍԴ-ն մերժի՝ կդիմենք Եվրոդատարան» Ասում է թիվ 20 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Մյասնիկ Մալխասյանը Թիվ 20 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված, երկրորդ գումարման ԱԺ-ի «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը եւս դիմել է Սահմանադրական դատարան՝ իր ընտրատարածքում ընտրությունների արդյունքները վերանայելու դիմումով։ Մյասնիկ Մալխասյանը վստահ է, որ իր ներկայացրած փաստարկներն այնքան հիմնավոր են, որ ՍԴ-ն պարզապես չի կարող դրանք հաշվի չառնել։ Խորհրդարանական ընտրությունների գնահատականը միանշանակ է. «Ընտրությունները շատ խայտառակ բնույթ կրեցին։ Իմ ընտրատարածքի օրինակով բացատրեմ. նախագահական ընտրություններից իշխանությունները դասեր չքաղեցին եւ խորհրդարանականին գնացին կեղծիքների ավելի կատարելագործված մեթոդներով։ Թիվ 20 ընտրատարածքում իշխանությունների կողմից առաջադրվեց թեկնածու, որն ընդհանրապես Հայաստանի հետ կապ չուներ։ Իմ մրցակիցը, ի տարբերություն մնացած բոլոր թեկնածուների, 5 տարի մշտապես բնակության տեղեկանքի փոխարեն ներկայացրել էր տեղեկանք, որում գրված է, որ նա ընդամենը հաշվառված է Երեւանում։ Սա Սահմանադրության կոպիտ ոտնահարում է»։ Մյասնիկ Մալխասյանի ներկայացմամբ, իր մրցակցի՝ Լեւոն Խաչատրյանի հովանավորը գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանն է, որը նաեւ կոորդինացրել է վերջինիս շտաբի աշխատանքները եւ օգտագործել իշխանական լծակները։ «Կարեւոր չէ, թե ով ինչ քաղաքական հայացքներ է կրում, ինչ ուժերի հետ է համագործակցում, խնդիրն այլ կերպ էր դրված՝ թե ով ինչ ծավալի ծառայություն է մատուցել նախագահին»։ Պրն Մալխասյանի կարծիքով՝ ԱԺ են թափանցել հստակ գաղափարախոսությունից զուրկ ուժեր. «եւ այդ ուժերն աշխարհաքաղաքական հնարավոր վտանգավոր զարգացումների նկատմամբ չեն կարող հստակ դիրքորոշում դրսեւորել»։ Պրն Մալխասյանը վտանգավոր է համարում ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, ըստ նրա՝ ընտրությունների ելքը կախված էր նաեւ այդ վիճակից. «Սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդի քվեն կորզեցին 1000-2000 դրամով, եւ պատահական չէ, որ ընտրություններից անմիջապես հետո ալյուրի գները թանկացան։ Ես, իհարկե, ընտրողների հետ իմ հանդիպումների ժամանակ ասում էի՝ ժողովուրդ, մի հոր հացը մի փոր հացով չփոխեք, եւ այսօր ժողովուրդն ինձ հետ հանդիպելիս հիշեցնում է այդ խոսքերը եւ ափսոսում, որ չլսեց ինձ»։ Մյասնիկ Մալխասյանը չի գտնում, որ պայքարն ավարտված է. «Ես համոզված եմ, որ ՍԴ-ն իմ ընտրատարածքի մասով արդարացի վճիռ կկայացնի։ Մենք հանգամանալից ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը, բոլոր ապօրինությունները, որ կատարվել են տեղամասերում։ Կարծում եմ, որ եթե ՍԴ-ն արդարացի վճիռ չկայացնի, մենք շարունակելու ենք պայքարը մինչեւ Եվրոդատարան»։ Նորընտիր ԱԺ-ն խիստ մշուշոտ գնահատելով, Մյասնիկ Մալխասյանը՝ որպես այդ մշուշի ապացույց, նշեց հետեւյալը. «Եթե նախորդ ԱԺ-ում դեռեւս ընտրություններից մեկ ամիս առաջ հայտնի էր, թե ով է լինելու ԱԺ նախագահը, փոխնախագահները, հանձնաժողովների նախագահները, ապա այսօր զավեշտական բան է տեղի ունենում»։ Նորընտիր ԱԺ-ի մի մասը, ըստ Մյասնիկ Մալխասյանի՝ «խորհրդարան կգա այն ժամանակ, երբ կառավարությունը հարկ կհամարի նրանց կանչել, որ իր ուզած օրենքներին կողմ քվեարկեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել