«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱԺ-ՈՒՄ ԿԻՆՈ Է ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ Երեկ կայացավ խորհրդարանական ընտրություններից հետո «Արդարություն» դաշինքի առաջին հանրահավաքը: Հանրահավաքը վարողը՝ ԱԺԴ փոխնախագահ Վարդան Գրիգորյանը հիշեցրեց ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած ցանկությունը, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմեն իր յուրայինները. «Քոչարյանի երազանքն իրականացավ. եւ առաջին հերթին՝ դրա մեղավորը ԿԸՀ ականավոր թվանկարիչ, իսկ այսօր արդեն՝ նորօրյա հիդալգո ու ազնվական տիտղոս ստացած բարոն դը Արտակ Սահրադյանն է»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը նշեց, թե այն քաղաքական ուժերը, որոնք նախագահի ընտրության ժամանակ իրականացված խախտումների դեմ հանդես չեկան՝ «Այսօր, դուրս մնալով խորհրդարանից, արդեն սկսել են դատապարտել ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքները: Սատարելով Ռոբերտ Քոչարյանին ու նրա վարչախմբին իշխանությունը պահպանելու հարցում՝ նրանք հույս ունեին, թե կստանան Քոչարյանի օժանդակությունը եւ կթափանցեն ԱԺ: Այսօր՝ միամիտի կեցվածք ընդունած՝ խաբված օրիորդի նման հայտարարում են՝ վա՜յ, էս ո՞նց եղավ»: Առանձին անդրադարձավ «Օրինաց երկրին» եւ հիշեցրեց ավանդները վերադարձնելու նրա խոստումները. «Հիմա պետք է պահանջել նույն այդ պարոններից, որ ունենալու են իշխանություն՝ թող լուծե՛ն ձեր ավանդների խնդիրը, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցը»: Հանրահավաքի մասնակիցներից շատերը որպես այս ընտրությունների անմիջական հետեւանք դիտարկեցին հացի գների բարձրացումը: Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առավել հանգամանալից անդրադարձավ այս թեմային. «Ախպեր տղերքը, որ միլիոններ էին ծախսել իրենց ընտրություններն ապահովելու համար՝ հիմա հետ են բերում այդ փողերը»: Նա հակադրվեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանին. «Հայտարարում է, թե սա Ռուսաստանում ցորենի գների բարձրացման պատճառով է: Սո՛ւտ է: Ռուսաստանում գները բարձրացել են վերջերս՝ 20 տոկոսով: Ցորենը Ռուսաստանում շատ էժան արժեր 4 ամիս առաջ, երբ նրանք ներկրել են Հայաստան: Մայիսի 25-ից հետո, երբ գները բարձրացան՝ թանկացած ցորեն չի ներկրվել Հայաստան: Եթե սուտ եմ ասում՝ թող Մաքսային կոմիտեն հերքի: Գները թանկացել են, քանի որ մաֆիան պիտի հետ բերի այդ գումարները: Իսկ մաֆիայի գլխին՝ իբրեւ հովանավոր կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Նա պարտավո՛ր էր՝ որպես պետության ղեկավար, ժամանակին, երբ ՌԴ-ում շատ էժան էր ցորենը, պետական պահուստի համար գնել այնքան ցորեն, որ այսօր՝ եթե անգամ մասնավորները փորձեն շանտաժի ենթարկել, պետությունը մտներ շուկա եւ թույլ չտար այս գների բարձրացումը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին «Արդարություն» դաշինքի նվաճած երկրորդ տեղը բոլորովին չէր մտահոգել. «Թող մտածի Միրզի՛կը, որ էդքան չարչարվեց՝ ոչինչ դուրս չեկավ, իսկ մենք հաղթել ենք: Այս իշխանությունները տաք են՝ չեն զգում, թե ինչ է կատարվում: Հավատացնում եմ՝ Քոչարյանը գնալո՛ւ է. այսպիսի ԱԺ-ով ոչ մի նախագահ չի դիմանա: Գիտեք՝ խոսափողի հետ վարվելու ձեւն ու հնարավորությունն ունենք, դուք տեսեք, թե մենք ի՜նչ ենք անելու ԱԺ-ում: Դա ձեզ համար կինո է լինելու: Ձեզ խոստանում եմ՝ այնտեղ այնքա՜ն հետաքրքիր դարձնենք, որ սերիալ նայելը թարգեք»: Անդրադառնալով այն իրողությանը, որ իշխանամետ բոլոր կուսակցությունները բողոքում են իրենց ստացած քվեներից՝ մասնավորեցրեց. «Բողոքում են էն դաշնակները. միթամ դուք ե՞րբ էիք 5 տոկոսը հաղթահարել, որ հիմա էլ բողոքում եք»: Ըստ Արամ Սարգսյանի՝ 8 օր է, իշխանությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ԱԺ նախագահն ով է լինելու. «Իրենց մեջ ամբիցիա ունեցող մարդիկ այնքան շատ են՝ այդ Արթուրիկ Բաղդասարյանի նմանները, որ մեկը նեղանալու է հաստա՛տ: Հենց չտվեցին՝ «ՕԵ»-ն ընդդիմություն է լինելու, էն մեկին չտվեցին՝ ինքն է լինելու ընդդիմություն: Այնպես որ՝ այնտեղ միայն մեր 14-16 մարդը չի»: Հանրահավաքի հռետորները հայտնեցին, թե խորհրդարանում իրենց առաջին գործը լինելու է ԱԺ օրակարգում «Հանրաքվեի մասին» օրենքում այնպիսի փոփոխություն իրականացնելու հարց ներառելը, որը հնարավորություն կտա կատարել ՍԴ որոշման մեջ ամրագրված առաջարկը եւ կազմակերպել վստահության հանրաքվե: Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե ԱԺ-ն չբոյկոտելը չի նշանակում, «որ «Արդարություն» դաշինքն ընդունել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մենք բոլորս գիտենք, որ ԿԸՀ հրապարակած արդյունքները որեւէ առնչություն չունեն ժողովրդի կատարած իրական ընտրության հետ… «Արդարություն» դաշինքի հաշվին ավելացվեցին մի շարք կուսակցությունների ձայները»: Ի դեպ, երեկ ԿԸՀ-ի մոտ 3 ավտոբուս զինվորներ էին բերել եւ պատնեշել այնտեղ տանող ճանապարհները: Թերեւս սպասում էին, որ բողոքի երթ է լինելու, սակայն հանրահավաքի ավարտից հետո մարդիկ հանգիստ հեռացան: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ.Գ. Այսօր Ստեփան Դեմիրճյանի ծննդյան օրն է: Հանրահավաքի մասնակիցները երեկ շնորհավորեցին նրան: «Առավոտը» միանում է այդ շնորհավորանքներին: