Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ՝ ԻՐԱՐ ԿՈՂՔԻ

Հունիս 07,2003 00:00

ԼԱՎՆ ՈՒ ՎԱՏԸ՝ ԻՐԱՐ ԿՈՂՔԻ ԱՄՆ-ը կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ շտկել թերությունները Հայաստանյան մամուլն արդեն անդրադարձել է մայիսի 29-ին ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության ղեկավար Դագլաս Դեւիդսոնի ելույթին: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել նաեւ ԵԱՀԿ-ում մայիսի 25-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ քննարկումների մասին: ԵԱՀԿ-ն ՀՀ ԱԺ ընտրություններին տված իր ամփոփող գնահատականը խարսխել էր ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ռասել Ջոնսթոնի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրիի հայտարարությունների ու նրանց ղեկավարած առաքելությունների համատեղ եզրակացության վրա՝ հաստատելով, որ «ընտրությունների կազմակերպումն «ընդհանուր առմամբ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»: ԵԱՀԿ եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունները, նաեւ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գծով ԵԱՀԿ Բյուրոն շեշտել էին, որ քվեարկության օրը տեղի են ունեցել մի շարք օրինախախտումներ, ներառյալ՝ արդյունքների կեղծումը, դիտորդների ահաբեկումները եւ զինվորականների գաղտնի քվեարկության սկզբունքի խախտման դեպքերը: Սակայն հարկ է, թերեւս, անդրադառնալ մայիսի 29-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ԱՄՆ առաքելության ղեկավար Դագլաս Դեւիդսոնի ելույթին՝ հատկապես ընտրություններին առնչվող մասով: Ինչպես ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային տեղեկատվությունների ծրագրերի բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ, «ԱՄՆ-ը համաձայն է միջազգային դիտորդական առաքելությունների համատեղ կարծիքի հետ, ըստ որի, ՀՀ-ում մայիսի 25-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները զգալի առաջընթաց էին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների համեմատ», եւ, նախնական գնահատականի համաձայն, «կարելի է խոսել իսկապես դրական միտումների մասին»: Միաժամանակ, ԱՄՆ առաքելության ղեկավարը շեշտել է. «ընտրությունները մի շարք առանցքային պահերով չեն համապատասխանել միջազգային նորմերին»: Ելույթ ունենալով ԵԱՀԿ հանձնաժողովում՝ Դեւիդսոնը մատնանշել է, որ «ընտրական գործընթացում դեռ թերություններ կան»: Նրա խոսքերով, «Հայաստանի կառավարության արագ արձագանքը դիտորդական առաքելության առաջարկներին կարող էր լինել ամենավառ ապացույց այն բանի, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, որոնք մարմնավորում է ԵԱՀԿ-ն»: Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, այս դեպքում էլ հայաստանյան ընտրության դրական պահերից մեկը, որ արձանագրել են միջազգային առաքելություններն ու այդ թվում՝ Դեւիդսոնը, հետեւյալն է. ընտրություններին մասնակցած «կուսակցությունների ու թեկնածուների բազմազանությունը, վերջիններիս՝ նախընտրական քարոզչություն տանելու համար անհրաժեշտ հնարավորությունների հարաբերական հավասարությունը, նաեւ պետական հեռուստատեսության՝ քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում»: Կան նաեւ դրական շեշտադրումներ. կառավարության «հանդուրժողականության կոչեր անելը», «ընտրական օրենսդրության խախտման դեպքերը դատապարտելը», առանձին ընտրատարածքներում ընտրողների գրանցման ընթացակարգը կատարելագործելը, ԿԸՀ-ի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերում ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը, ընտրություններին զգալի թվով դիտորդների առկայությունը եւ այլն: Այդուհանդերձ, ԱՄՆ առաքելության ղեկավար Դագլաս Դեւիդսոնն ընդգծել է. «Միացյալ Նահանգները համաձայն է միջազգային դիտորդների արած առաջարկություններին: Տեղի ունեցած ընտրությունների ոչ միանշանակ գնահատականը հատկապես հիասթափություն է հարուցել նաեւ այն պատճառով, որ անցած 11 տարիների ընթացքում Հայաստանը ժամանակակից հասարակություն ձեւավորելու իմաստով հասել էր մեծ նվաճումների, ինչով իրավացիորեն կարող են հպարտանալ ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ նրա կառավարությունը: ԱՄՆ-ը Հայաստանի կառավարությանը կոչ է անում արագորեն ուղղել այն հիմնական թերությունները, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները»: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդական առաքելություններն՝ ի դեմս ԵԽ ԽՎ-ի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, հայտարարել են, որ այս ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական գնահատականը կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ ավարտվի ընտրությունների բողոքարկումների փուլը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել