Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անասնաբույժները դժգոհ են

Հունիս 06,2003 00:00

Անասնաբույժները դժգոհ են Մայիսին տեղի ունեցավ «Անասնաբույժների համահայկական ընկերակցության» հիմնադիր ժողովը, որին մասնակցում էին անասնաբույժներ՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերից եւ Երեւանից: Շատերը համոզված էին, որ ընկերակցությունը նոր լիցք կտա հանրապետությունում անասնաբուժական ծառայության արդիականացմանը եւ մասնագետների սոցիալական վիճակի բարելավմանը։ Շատ էին նաեւ դժգոհությունները։ Անասնաբուժական ծառայությունը չի հովանավորվում պետության կողմից։ Անասնաբույժ մասնագետի աշխատանքը ըստ արժանվույն չի գնահատվում, իսկ նրա՝ որպես մասնագետի իրավունքները սահմանափակված եւ անտեսված են։ Տեղերում կենդանիների շատ վտանգավոր հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումները կատարվում են ոչ ժամանակին եւ ոչ համատարած։ Այս տարին կիսվում է, սակայն որոշ պատվաստուկներ դեռեւս չեն ստացվել մարզերում։ Նախկինում կենդանիների պատվաստում-բուժումները կատարվում էին 16 բնույթի հիվանդությունների հանդեպ, զարմանալի է, որ դրանց քանակը կրճատվել եւ հասցվել է 6-ի։ Հավանաբար, պետությունը կարծում է, թե մեր գյուղատնտեսական կենդանիները մի հրաշագործի փայտիկի շարժումով ձեռք բերեցին անընկալություն եւ չեն հիվանդանալու այլեւս։ Այսօր կենդանիները պետական պատվերի շրջանակում սպասարկվում են միայն հյուծախտ, բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ, խշխշան պալար, պաստերելյոզ հիվանդությունների հանդեպ։ Ընդ որում, անասնաբույժը յուրաքանչյուր կենդանու սպասարկման համար ստանում է 6 (վե՛ց) դրամ։ Տնից տուն, գյուղից գյուղ շրջելով, երբեմն անասնաբույժը անասնապահի կողմից հանդիպում է անհարգալից, նաեւ արհամարհական վերաբերմունքի: Քիչ չեն դեպքերը, երբ անասնատերերը անասնաբույժին դիմավորում են «զահլեքս տարաք» կամ «էլի եկաք» «շնորհակալական» խոսքերով։ Կրճատվել է անասնագլխաքանակը, հետեւաբար նաեւ անասնաբույժների աշխատավարձը։ Ավելի ճիշտ, նրանք պետության կողմից չեն վարձատրվում։ Շատերը հեռանում են այլ աշխատանք փնտրելու։ Գուգարքի անասնաբուժական սպասարկման կենտրոնի տնօրեն Աշոտ Ցուգունյանը ասաց, որ անցած 13 տարիների ընթացքում միայն մեկ նոր անասնաբույժ է աշխատանքի ընդունվել, այն էլ վերջերս, որը սակայն 6 ամիս աշխատելուց հետո թողել-հեռացել է։ Ելույթ ունեցողները որոշ հույսեր էին կապում նորաստեղծ ընկերակցության հետ։ Վերջինիս նպատակն է միավորել հայ անասնաբույժներին, օգնել նրանց աշխատանքում, կենցաղում, խթանել հանրապետության անասնապահության զարգացումը, առողջ սննդամթերքի արտադրությունը, բարձրացնել անասնաբուժական-սանիտարական միջոցառումների որակական ցուցանիշները։ ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել