ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ` ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ Պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ-ում կա 110.000 հաշմանդամ: Այս թիվը կազմում է բնակչության երեք տոկոսը: Մասնագետներն ապացուցել են, որ հաշմանդամին կյանք վերադարձնելու ամենաառաջին նախապայմանը նրան աշխատանքով ապահովելն է: Այս խնդիրն առավել հրատապ է երիտասարդ տարիքի հաշմանդամների համար. 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամների 90 տոկոսը մինչեւ 40 տարեկան է: Հաշմանդամներին աշխատատեղերով ապահովելու նպատակով, «Ամերիկայի հայկական համագումար» հասարակական կենտրոնի դրամաշնորհով վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» կազմակերպությունն իրականացնում է «Հարկային դաշտի օրենսդրական բարեփոխումների մշակում հաշմանդամների համար» ծրագիրը, որով առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարել լրացում: Համաձայն այդ փոփոխության, առնվազն 50 տոկոս հաշմանդամների կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ծնողներ եւ նրանց խնամքն իրականացնող անձինք ունեցող կազմակերպությունները կօգտվեն հարկային արտոնություններից: Այս օրենքը Հայաստանում գործել է մինչեւ 1999թ.: ԱԺ-ի ընդունած համապատասխան փոփոխություններից հետո հաշմանդամներին աշխատատեղեր տրամադրած կազմակերպությունների համար սահմանված արտոնությունների մասին տողը վերացվեց, ինչի հետեւանքով, չդիմանալով հարկային բեռին, այդ կազմակերպությունները լուծարվեցին, եւ հաշմանդամների մի մեծ բանակ մնաց անաշխատանք: «Հարկային դաշտի օրենսդրական բարեփոխումների մշակում հաշմանդամների համար» ծրագրի հեղինակները հուսով են, որ նորընտիր խորհրդարանը ամենայն ուշադրությամբ կքննարկի առաջարկվող փոփոխությունները եւ քվեարկությամբ կընդունի դրանք: Ծրագրի լրատվական ծառայություն