30-ԱՄՅԱԿԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկային տուրում իսկական սենսացիա մատուցած հայաստանցի թենիսիստ Սարգիս Սարգսյանը, որը համառ պայքարում առավելության հասավ աշխարհի լավագույն վարպետներից մեկի՝ Էնդի Ռոդիկի նկատմամբ, երկրորդ շրջանում անհաջողության մատնվելուց հետո կարճ ժամանակով վերադարձել է հայրենիք եւ հիմա Երեւանում է։ Դա համընկավ նաեւ Սարգսի ծննդյան տարեդարձին՝ սիրված մարզիկը 30 տարեկան է։ Օգտվելով առիթից, երեկ մարզական լրագրողները Սարգիս Սարգսյանին հրավիրել էին ասուլիսի, որը նա ընդունեց սիրով։ Ծավալվել էր ազատ ու անկաշկանդ զրույց, որի ընթացքում շոշափվեցին բազմաթիվ հարցեր՝ սկսած Սարգսի ծրագրերից, թենիսի խնդիրներից՝ մինչեւ նրա անձնական կյանքը։ Սարգիս Սարգսյանը պատմեց, թե երբ եւ ինչպես հայտնվեց Միացյալ Նահանգներում. «1995 թվականին Հայաստանի թենիսի թիմի կազմում մեկնեցինք ԱՄՆ։ Այնտեղ պետք է լինեինք երկու շաբաթ եւ ընկերական հանդիպումներ անցկացնեինք այնտեղի համալսարանական թենիսիստների հետ,- ասաց նա։- Այդ ժամանակ ԱՄՆ-ում մի մրցում էր սկսվում, ու որոշել էի մասնակցել դրան եւ հետո վերադառնալ։ Բայց հանգամանքների բերումով սովորելու ընդունվեցի Արիզոնա նահանգի համալսարաններից մեկն ու մնացի։ Սովորելուն զուգահեռ շարունակում էի մարզվել։ Այդ ընթացքում վարպետությունս բավականին բարձրացավ, ճանաչում ձեռք բերեցի։ Այնուհետեւ «US Open»-ին մասնակցելու իրավունք ստացա։ Իմ կայացմանը շատ նպաստեց նաեւ Անդրե Աղասիի հետ ծանոթանալը։ Հիշում եմ, մրցումներից մեկին նախապատրաստվելիս մենք պայմանավորվեցինք մեկ շաբաթ միասին մարզվել։ Հիմա մենք մտերիմ ընկերներ ենք»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Սարգսի խաղում մի տեսակ անկայունություն նկատվում։ Նա կարող է հաղթել անվանի վարպետի, բայց հաջորդ օրը պարտվել անհայտ մի թենիսիստի։ – Գիտե՞ք, դա բոլորին է բնութագրական։ Ես, անկեղծ ասած, հեղինակություններից չեմ վախենում, վստահ եմ, որ ի վիճակի եմ հաղթել յուրաքանչյուրին։ Բայց վախենում եմ անծանոթ թենիսիստներից, նրանցից, ովքեր վարկանիշային դասակարգումում, ասենք, 150-րդն են կամ 200-րդը։ Թենիսում կարեւոր նշանակություն ունի նաեւ, այսպես կոչված, բախտը։ – Մոտ ապագայի ի՞նչ ծրագրեր ունես։ – Երեք շաբաթ հետո մեկնարկելու է Ուիմբլդոնյան մրցաշարը։ Մինչ այդ մասնակցելու եմ երկու նախապատրաստական մրցման՝ Գերմանիայի Հալլե քաղաքում եւ Նոթինգհեմում (Անգլիա)։ – Ո՞րն ես համարում քո ամենամեծ մարզական հաջողությունը։ – 1997-ին Նյու-Պորտում մրցաշարի հաղթող դառնալս։ Հիշարժան հաղթանակներ շատ ունեմ։ Օրինակ, ԱՄՆ-ում իմ առաջին մրցելույթում Մեդվեդեւին հաղթելը, այս տարվա հունվարին Ֆիլիպուսիսի նկատմամբ առավելության հասնելս։ Չեմ մոռանա Կաֆելնիկովին հաղթելս, երբ նա այն ժամանակ գլխավորում էր վարկանիշային ցուցակը։ Դա Լոնդոնում էր։ – Դու հիմա բնակվում եւ մարզվում ես ԱՄՆ-ում։ Այնտեղից հետեւո՞ւմ ես Հայաստանի թենիսիստներին, հայրենիքում քո մարզաձեւի վիճակին։ Ի՞նչն է պատճառը, որ մեզանում թենիսը չի զարգանում, մեր երիտասարդները չեն աճում։ – Թենիսն ունի իր յուրահատկությունները։ Պետք է շատ խաղալ։ Այստեղ էլ ասում են, թե երիտասարդները մասնակցեցին այս կամ այն մրցմանը։ Դա շատ քիչ է։ Պետք է մշտապես խաղալ։ Իսկ դա մեծ ծախսերի հետ է կապված։ Մինչեւ վարկանիշային ցուցակի, ասենք, 200-րդին հասնելը, մշտապես գումարներ պիտի ծախսես ու ստանաս աննշան փոխհատուցում։ Եթե հասնես այն բանին, որ արդեն ուժեղների հետ խաղաս, այդ ժամանակ միայն կարող ես արագ աճել։ – Մի ժամանակ թենիսն ուներ իր ընդգծված աստղերը, որոնք միմյանց միջեւ էին պայքարում հեղինակավոր մրցաշարերի հաղթողի կոչման կամ վարկանիշային ցուցակը գլխավորելու համար։ Հիմա ուրիշ է։ Նոր անուններ են հայտնվում, որոնք հաղթում են անվանիներին… – Թենիսը շատ է առաջ գնացել, փոխվել են նաեւ մարզումային պայմաններն ու մեթոդները։ Հիմա աստղ դառնալը կամ մնալը շատ դժվար է։ Դա մի կողմից՝ լավ է, մյուս կողմից՝ կարող է վնասել թենիսին։ Մարդիկ կորտ են գալիս աստղերին տեսնելու համար։ Բայց ինչ-որ մի անհայտ մարզիկ նրանց պայքարից դուրս է թողնում։ Հիմա աստղերը շատ զգույշ են լինում մրցաշարերում նախնական հանդիպումներում։ Որքան նրանք առաջ են անցնում, այնքան դժվարանում է նրանց հաղթելը։ Այդպես է նաեւ Աղասին։ – Ասացիր, որ առջեւում Ուիմբլդոնյան մրցաշարն է։ Դու քեզ ավելի լավ հողածա՞ծկ կորտում ես զգում, թե՞ խոտածածկ։ – Եթե այդ հարցը տրվեր երեք կամ չորս տարի առաջ, կպատասխանեի՝ խոտածածկում։ Հիմա Ուիմբլդոնում թենիսը շատ դանդաղ է դարձել։ Ինքս էլ չգիտեմ, թե որն եմ նախընտրում։ Լինում է՝ հողի վրա եմ լավ խաղում, լինում է՝ հակառակը։ – Երբ դու մնացիր ԱՄՆ-ում, անշուշտ, քեզ աջակցող, հովանավորող եղած կլինի։ Դու հիմա ճանաչված մարզիկ ես, մտադիր չե՞ս ինքդ էլ հայաստանցի մեկ-երկու թենիսիստի օգնել կամ Հայաստանում մրցաշարեր կազմակերպել։ Դա կօգնի այստեղ մարզաձեւի զարգացմանը։ – Էլի պիտի հիշեցնեմ, որ թենիսն առանձնանում է մյուս մարզաձեւերից։ Մրցաշար կամ գավաթի խաղարկություն կազմակերպելու համար, որին գան շատ թե քիչ հայտնի թենիսիստներ, պիտի շատ մեծ միջոցներ ներդնես։ Պիտի վարձատրես մրցավարներին, մրցանակային ֆոնդ հիմնես, որը հրապուրի թենիսիստներին։ Իսկ դա, կրկնում եմ, շատ մեծ թիվ է։ – Ցանկություն ունե՞ս մասնակցելու Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ – Այո։ – Երբ մեծ սպորտից հեռանաս, կվերադառնա՞ս Հայաստան։ – Դժվար է միանշանակ պատասխանել։ Ժամանակը ցույց կտա։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ