Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ ԴԺՎԱՐ Է, ԵՐԿԱՐ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հունիս 05,2003 00:00

«ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ ԴԺՎԱՐ Է, ԵՐԿԱՐ ՇԱՏԵՐԻ ՀԱՄԱՐ» Կառավարության կողմից հաստատված դպրոցների օպտիմալացման ծրագրի համաձայն, Հին Նորքի Գ. Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցը եւս հայտնվել է «սեւ ցուցակում» եւ ենթակա է լուծարման։ Դպրոցն ունի 118 աշակերտ, աշխատակազմը 30 հոգի է։ Համաձայն նույն ծրագրի, այս դպրոցի աշակերտներն այսուհետեւ պետք է հաճախեն մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Նորք- Մարաշի թիվ 124 դպրոցը։ Իսկ ուսուցչական կոլեկտիվի ճակատագիրը դեռեւս պարզ չէ։ Այս առիթով խմբագրություն դիմած ուսուցիչներն ու աշակերտների ծնողներն իրենց հավատացնում են, որ կդիմեն տարբեր միջոցների՝ «հացադուլի, ջրադուլի», միայն թե դպրոցը չփակվի։ Մանրամասները ճշտելու համար այցելեցինք կրթօջախ։ Ուսուցիչներն ու ծնողները մտավախություն հայտնեցին, որ թիվ 124 դպրոց տանող ճանապարհը զուրկ է մայթերից եւ երեխաները ստիպված են լինելու փողոցով քայլել. «Բացի այդ, թիվ 124 դպրոց հասնելու համար աշակերտները երկու խաչմերուկ են անցնելու։ Ձմռանը Հին Նորքի փողոցները չեն մաքրվում, իսկ առաջին, երկրորդ, երրորդ դասարանցին ինչպե՞ս է հաղթահարելու այդ ճանապարհը։ Երթուղայինից օգտվելու դեպքում էլ ստիպված ենք օրական 200 դրամ ծախսել»,- ասում է աշակերտ Թադեւոս Գրիգորյանի մայրը՝ Գոհար Գրիգորյանը։ Դպրոցի տնօրեն Մերուժան Մինասյանի խոսքերով, դպրոցը Երեւանի ամենահին կրթօջախներից մեկն է։ Վերջերս ուսումնական հաստատությունը տոնել է իր գործունեության 142-ամյակը։ Հիննորքեցիների ներկայացմամբ, այստեղ կրթվել է մի քանի սերունդ՝ այժմ սովորող աշակերտների ապուպապերից սկսած։ Բացի այդ, տնօրենը պատմեց, որ թաղամասում թատրոն, կինոթատրոն կամ որեւէ այլ մշակույթի օջախ չի գործում. «Այսինքն, եթե դպրոցում, երեխաների ուժերով համերգ կամ այլ միջոցառումներ են կազմակերպվում, ամբողջ Հին Նորքի ժողովուրդն այստեղ է հավաքվում»։ Կրթօջախի շենքի պատմությանը քաջածանոթները նշեցին, որ խորհրդային տարիներին այն վերանորոգելու ժամանակ վարպետներն օգտագործել են Սիմոն Ծերունի եկեղեցու քարերը։ Դպրոցը մշտապես բոլորի համար «սրբավայր» է համարվել եւ այն փակելը, ծնողների խոսքերով՝ հավասար է եկեղեցի փակելուն: «Փոխանակ դպրոցներ բացեն, փակում են։ ԱԺ ընտրությունների ժամանակ ճառում էին, թե աշխատատեղեր կբացեն, բացածը պահեք, հետո միայն նորերը բացեք»,- նեղսրտում են բնակիչները։ Դպրոցը չփակելու համար աշակերտների ծնողները, շրջապատի բնակիչներն ու ուսուցչական կոլեկտիվը այս տարվա ապրիլին դիմումներ են հղել տարբեր ատյաններ։ Արձագանքը եղել է միայն կրթության վարչությունից, այն էլ՝ ոչ մխիթարիչ։ Վարչության պետ Օ. Վաթյանի տված պատասխանը բողոքողներին եւս մեկ անգամ հիշեցրել է, որ թիվ 26 դպրոցն ընդգրկված է ռացիոնալացման ծրագրում եւ հաշվի առնելով այդտեղ գործող չափանիշները, «ուսումնական հաստատությունը կարող է լուծարվել, երբ այդ հաստատությունից մինչեւ 5 կմ շառավղով շրջակայքում կա այլ ուսումնական հաստատություն, աշակերտների թիվը պակաս է դպրոցի նախագծային հզորության 60%-ից, շենքը եւ շինությունները գտնվում են նախավթարային վիճակում, չկան ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ»։ Դպրոցի տնօրենից տեղեկացանք, որ շենքը վթարային վիճակում չէ, միայն տանիքը վերանորոգելու կարիք կա։ Գույքը 1979 թվականից չէր փոխվել, սակայն Մ. Մինասյանի հավաստմամբ՝ բարվոք վիճակում է։ Դպրոցն ունի 10 դասարան։ Այս տարվա շրջանավարտներից 8-ը գերազանց են ավարտել։ Աշակերտների ծնողները հատկապես դեմ էին, որ դպրոցները միավորելու դեպքում մեկ դասարանում սովորելու են 35 աշակերտ. «Եթե մի դասարանում այդքան աշակերտ սովորի՝ դա ուսուցում չի լինի։ Իսկ մեր դպրոցում աշակերտների թիվը թեպետ քիչ է, բայց յուրաքանչյուր երեխա ամեն օր դաս է պատասխանում ու մտքով չի անցկացնում, որ վաղն իրեն հերթ չի հասնելու»,- ասում է Գ. Գրիգորյանը։ Կրթության վարչության պետի տեղակալ Ա. Կուբանյանն այս հարցի առնչությամբ դեռեւս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից, միայն նշեց, որ ծրագրի որոշ դրույթներ մասամբ կասեցվել են՝ ԿԳ նախարարությունում կրկին քննարկվելու նպատակով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել