Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՈՒՏ ՉՈՒՆԵՆ»

Հունիս 05,2003 00:00

«Ա1+»-Ի ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՈՒՏ ՉՈՒՆԵՆ» Եթե ոչինչ չպատահի, շաբաթ օրը կկայանա հեռուստակապուղիների համար հայտարարված մրցույթը, որին մասնակցելու է նաեւ «Ա1+» հեռուստաընկերությունը: Ինչպես հայտնի է, «Ա1+»-ն արդեն մեկ տարուց ավելի է զրկված է եթերից: Քանի որ իշխանություններն «Ա1+»-ի հեռարձակումը դադարեցրին հատկապես ընտրությունների հետ կապված, ուստի հետաքրքիր է, թե այսօր, երբ այլեւս Հայաստանում ընտրություններն ավարտված են, իշխանությունները կթույլատրե՞ն առաջիկա մրցույթներում կապուղի ձեռք բերել «Ա1+»-ին: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը իշխանությունների կողմից նման քայլն անհավանական է համարում՝ գտնելով, թե դրանից իշխանությունները որեւէ «օգուտ չունեն»: «Արդեն փակելու քայլն արել են, ինչո՞ւ նորից հետ քայլ անեն: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ընտրություններով կյանքը չվերջացավ. պրոբլեմները նորից մնացին»,- նշեց Վ. Մանուկյանը: Իսկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այս առնչությամբ ասաց. «Սեփական ժողովրդին տնտեսական, սոցիալական եւ մանավանդ քաղաքական պատերազմ հայտարարած իշխանություններից որեւէ լավ բան սպասելու համար պիտի չարդարացված լավատես լինել: Ես մի քանի տարի փորձել եմ օգնել, ուղղորդել իմ փորձառությամբ՝ որդեգրելու դեպի ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների վրա խարսխված ազգային իղձերի իրականացում, բայց եթե դա ինձ հաջողվել է անել ՊԱԿ-ի փորձառու գործիչների հետ, ապա ցածրորակ չեկիստների, մանավանդ՝ ՊԱԿ-ի ցածրորակ կամակատարների հետ, ինձ համար միշտ դժվար է եղել կամ չի հաջողվել ընդհանրապես: Այսօր այդպիսիք են ղեկավարում մեր երկիրը. նրանց համար խոսքի ազատությունը թիվ 1 թշնամին է եղել, կա եւ կմնա, եթե իրենք մնան»: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել